Գյումրու ծննդատունը բազմիցս է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում: Վերջին դեպքերը կապված էին ծննդատանն ի հայտ եկած չարաշահումների հետ: Անգամ երկու քրեական գործ էր հարուցվել այդ չարաշահումների վերաբերյալ:
Այս քրեական գործի շրջանակներում շրջանառվում էր նաեւ Գյումրու ծննդատան տնօրենի նախկին Ժամանակավոր պատոնակատար Լիաննա Աբրահամյանի անունը: 10 ամիս անց, սակայն, քրեական գործերը կարճվել են ու փակվել: Ըստ Լիաննա Աբրահամյանի` հիմնավոր փաստեր ձեռք չեն բերվել, որոնք կապացուցեին իր մեղքը: «90 տարվա կառույց է, բայց որոշվեց ընդամենը իմ ղեկավարման 4 ամիսն ուսումնասիրել: Ես մտահոգվելու ոչինչ չունեի, որովհետեւ ոչինչ չկար ապացուցելու: Այն ժամանակ` տնօրենի մրցույթի ժամանակ, պետք էր, որ ես չդնեի, ու, այսպես ասած, սարքվեց այդ գործը: Հիմա շարունակում եմ աշխատել, ու այդ ամիսներին իմ կատարված մեծ գործի արդյուքն հիմա առավել քան տեսանելի է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գյումրու ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լիաննա Աբրահամյանը:
Երկար վայրիվերումներից հետո` 7 ամիս առաջ, Գյումրու ծննդատանը նոր տնօրեն է ընտրվել` Էդգար Սուքիասյանը: Նա հիվանդանոցն ընդունել է մեծ պարտքերով. այն, որ դժվար աշխատանք է սպասվում, մանկաբարձ-գինեկոլոգը քաջ գիտակցել է, սակայն իր ղեկավարման ամիսներին կրճատել պարտքերը չի հաջողվել` չնայած այն բանին, որ ավելացել են ծննդօգնությանը պետբյուջեից հատկացվող գումարները: Սովորական ծննդաբերության համար նախկին 109 հազար դրամի փոխարեն կհատկացվի 140 հազար դրամ, բարդ ծննդաբերությունը 117 հազար դրամից դարձել է 165 հազար դրամ, իսկ կեսարյան հատման համար պետբյուջեից 220 հազար դրամ է վճարվում նախկին 198 հազար դրամի փոխարեն:
Ֆինանսավորման 30-40 տոկոսի ավելացումը ենթադրում էր` կբարձրանան բժիշկների եւ միջին բուժանձնակազմի աշխատավարձերը, սակայն տարիներ առաջ կուտակված աշխատավարձի պարտքերն էլ դեռ հնարավոր չէ մարել: «50 միլիոն դրամ է կազմում ծննդատան պարտքը: Դա տարիներ շարունակ է կուտակվել: Գրեթե կեսը աշխատավարձի պարտքերն են կազմում, սակայն, ծնունդների թվի նվազմամբ պայմանավորված, չենք կարող որեւէ կերպ մարել պարտքերը»,- ասել է Գյումրու ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը:
Մոտ 10 տարի առաջ ծննդատանը տարեկան ավելի քան 1000 ծնունդ էր գրանցվում, հիմա ծնունդների թիվը 600-ի էլ չի հասնում. տարեկան 50-ով նվազում է ծնունդների թիվը: Ծնունդների թվի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույն տարածաշրջանում երեք ծննդատուն է գործում: Եղած ծնունդներն, այսպես ասած, հավասարապես բաշխվում են երեք բաժանմունքների միջեւ:
Այժմ, սակայն, քննարկվում է Գյումրու ծննդատան տեղափոխության հարցը: Նախատեսվում է Գյումրու նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի մասնաշենքը հանձնել Գյումրու ծննդատանը: Այժմ նախագծանախահաշվային աշխատանքներն են իրականացվում: Հաշվարկներ են կատարվել, որ «Սամարիթեր» հիվանդանոցի մասնաշենքի վերոնոգումն ավելի էժան կլինի, քան Գյումրու ծննդատան հիմնական մասնաշենքի վերանորոգումը, որը 90-ականներից հետո երբեւէ չի նորոգվել: Հենց շենքային վիճակն էլ պատճառ է հանդիսացել, որ ծնունդների արտահոսք սկսվի: Շենքի վիճակից բացի ծննդատունն ունի նաեւ տեխնիկապես հագեցվածության կարիք: Եթե «Սամարիթերի» մասնաշենքի տրամադրման գործընթացը լինի, ապա Գյումրին կունենա համալիր ծննօգնության տրամադրման հիվանդանոց՝ վերազինված գերժամանակակից տեխնիկական սարքավորումներով: «Մեկ ծննդատուն գործում է այստեղ, մեկ ծննդաբերական բաժանմունք` Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում, ու եւս մեկը` Ախուրյան համայնքում: Դա, իհարկե, անընդունելի է: Եթե գան բոլորը միանան Գյումրու ծննդատանը, ապա ֆինանսավորման խնդիրների առաջ բուժհաստատությունը այլեւս չի կանգնի: Պետք է բարեգործներ գտնենք, որ ֆինանսավորի, ու Գյումրին 1988 թվականի աղետից հետո վերջապես կունենա ծննդատուն»,- ասել է մակաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ
ՊԱՅՔԱՐԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Չեմպիոնների Լիգայի վերջին իրադարձություններից հետո շատերի համար կարծես պարզ է դարձել նաեւ այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Ընթացող մրցաշրջանը ֆանտաստիկ է դասավորվում կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող, լեգենդար Լեոնել Մեսիի համար: Նրա մշտական մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն արդեն դուրս է մնացել պայքարից, իսկ մրցաշարը շարունակող թիմերի մեջ երեւի թե միայն «Լիվերպուլում» կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են «խլել» բաղձալի մրցանակը արգենտինացուց: Հաշվի առնելով Մեսսի բարձր արդյունավետությունը` կարելի է հաստատել, որ այս պահին մրցանակի գլխավոր ֆավորիտը հենց արգենտինացի ֆուտբոլիստն է: Ամեն դեպքում, հասկանալով, որ ֆուտբոլը ամենաանկանխատեսելի սպորտաձեւն է` առաջարկում ենք իրադարձություններից առաջ չընկնել եւ հասկանալ, թե որ ֆուտբոլիստները կարող են «վազանց» կատարել արգենտինացուն:
Մոհամեդ Սալահ
Տարին այդքան էլ լավ չմեկնարկած եգիպտացին ընթացքում կարողացավ փոխել իր խաղը եւ բոլորին ապացուցել, որ «ֆուտբոլային երկնակամարում» դեռ շարունակում է վառ մնալ Մո Սալահի անվան «աստղը»: «Լիվերպուլը» Չ/Լ-ի կիսաեզրափակչում կհանդիպի «Բարսելոնային», եւ այս խաղը բացի թիմային պայքարից կվերածվի նաեւ անհատական պայքարի: Եթե Սալահը կարողանա նպաստել, որ իր թիմը հաղթահարի կատալոնացիների արգելքը, ու Անգլիայում հռչակվի չեմպիոն, ապա այդ պարագայում, կարծում եմ, որ Մոհամեդը կտիրանա լավագույնի մրցանակին:
Վան Դեյկ
Մերսիսայդցիների եւս մեկ ֆուտբոլիստ այս մրցաշրջանը, մեղմ ասած, փառահեղ է անցկացնում: Նա ուղղակի շնչելու հնարավորություն չի տալիս հարձակվողներին, եւ, ի՞նչ իմանաս, միգուցե Մեսիի հետ առճակատումը ճակատագրական դառնա Վիրջիլի համար: Եթե իրատեսորեն մոտենանք այս հարցին, ապա Վան Դեյկը ունի բոլոր հնարավորությունները «Ոսկե գնդակին» տիրանալու համար: Նա հրաշալի է անցկացնում խաղի ամեն մի վայրկյանը, եւ փաստ է, որ անգլիական ակումբը չէր ունենա այսպիսի տեսք, եթե այնտեղ չխաղար «գլադիատորական» ոգով հանդես եկող հոլանդացին:
Կրիշտիանու Ռոնալդու
Այս շարքը աննկարագրելիորեն կկորցներ իր հետաքրքրությունը, եթե չանդրադառնայինք Կրիշտիանու Ռոնալդուին: Բոլորը այս մրցաշրջանը համարում են ձախողված Ռոնալդուի համար, որի հիմնական մեղավորը հենց ինքն է` Կրիշտիանուն: Նա ինքն իր համար արդեն այնպիսի նշաձող է սահմանել, որը չհատելու պարագայում տարին դառնում է ձախողված: «Պետք է ամեն տարի հաղթել Չ/Լ-ն եւ դառնալ լավագույն ռմբարկու, այլապես նա ոչնչի չի արժանանա»,- այսպես է մտածում մեծամասնությունը: Ռոնալդուն արդեն հաղթել է Իտալիայի Սուպերգավաթը եւ շուտով կհաղթի նաեւ Իտալիայի առաջնությունում: Պարզից էլ պարզ է, որ պորտուգալացին կմասնակցի նաեւ Ազգերի Լիգային: Եւ կարելի է ենթադրել, որ 3 տիտղոս նվաճելու պայմաններում Ռոնալդուն կլինի «Օլիմպոսում» կանգնելու գլխավոր ֆավորիտներից մեկը:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
500-ԻՑ ԱՎԵԼ ԿԱՅԱՆՆԵՐ
«Հանրապետությունում ավելի քան 500-ից ավել կարկտային կայաններ կան եւ Ռուսաստանից գնված հակակարկտային հրթիռներ, որոնք ձեռք են բերվել նախորդ տարի»,-ասել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նրա խոսքով` առաջին անգամ ՌԴ-ից բերվել են մոտ 100 հատ հակակարկտային հրթիռներ, իսկ երբ փորձել են երկրորդ անգամ բերել, չի հաջողվել: Ֆ. Ցոլակյանը հայտնել է, որ մեկ հակակարկտային հրթիռը 200 ԱՄՆ դոլար արժե: Անցած տարվանից էլ են մնացել, այս տարի կօգտագործվեն` ելնելով եղանակային պայմաններից, սակայն հրթիռների օգտակարությունն այնքան էլ բարձր չէ: Վերջինիս համոզմամբ` Հայաստանը պետք է վերանայի կարկտի եւ նրա հետեւանքների դեմ պայքարի ռազմավարությունը: Ըստ Ցոլակյանի` որոշ տեղերում կարող են օգտագործվել կարկուտի դեմ պայքարելու ցանցեր: Վերջինս առաջարկում է ավելի շատ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության ապահովագրման եւ հակակարկտային ցանցերի օգտագործման վրա: