ՖՈՏՈ. Մարզպետը հրաժարվել է, իսկ փաստաթղթերն այլ բան են ասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պարզվում է, «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ի տնօրենն է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մարզպետը նշյալ ՍՊԸ-ի հիմնադիրն է ու, ըստ փաստաթղթերի, մինչեւ այժմ շարունակում է տնօրինել այդ ընկերությունը` չնայած այն հանգամանքին, որ պետական պաշտոնյային արգելվում է բիզնես գործունեությամբ զբաղվել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մարզպետից պարզել, թե ինչու է, օրենք խախտելով, շարունակում տնօրինել ընկերությունը:

-Ես «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ի պաշտոնը թողել եմ մայիսի 31-ին` մարզպետ նշանակումիցս մեկ օր առաջ: Այս պահին «Բիզնես Ռեջենտ»-ի գործունեությունը կասեցված է, ես ինքս հիմնադիր տնօրեն եմ եղել այդ ընկերության, ես նշանակումից առաջ թողել եմ այդ պաշտոնը, քանի որ օրենքով իսկ ես չէի կարող համատեղել պետական պաշտոնյայի եւ մասնավոր ընկերության ղեկավարումը, որից հետո` ամիսներ անց, ընկերությունը իր գործունեությունը սառեցրել է, չի լուծարել: Թե ինչ որ ռեսուրսում ինչու է դեռ հին տվյալները, դա արդեն իրենցից հարցրե՛ք: Ես ինքս բոլոր փաստաթղթերն ունեմ, որ հունիսի 1-ից ես բացառապես մարզպետի պաշտոնում եմ: Դա կապված էր տուրիզմի դասընթացների կազմակերպման հետ:

-Այսինքն` մարզպետ նշանակվելուց մեկ օր առաջ հրաժարվե՞լ եք Ձեր բիզնեսից:

-Այո՛, ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն եմ եղել, մեկ տարուց քիչ ավել աշխատել եմ, ապա, նշանակմանս հետ կապված, օրենքով սահմանված կարգով թողել եմ այդ պաշտոնը` հրաժարվել եմ գործադիր տնօրենի պաշտոնից ու զբաղեցրել եմ մարզպետի պաշտոնը` վարչապետի որոշմամբ:

-Ըստ շրջանառվող տեղեկությունների` առաջիկայում պաշտոնանկ են անելու Ձեզ, քանի որ Ձեր ոչ ճիշտ աշխատանքի պատճառով իշխանությունները պարտվեցին Աբովյանի համայնքապետի ընտրություններում:

-Նման տեղեկություն ես չունեմ: Իսկ ո՞վ է ասում, որ ընտրությունները տապալվել են, ես համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ, Աբովյանի ՔՊ-ի թեկնածուն ընդամենը զիջել է 395 ձայնով ԲՀԿ-ի եւ մի շարք այլ ուժերի աջակցությունը վայելող թեկնածուին:

Ընտրությունների տապալում չի եղել, եւ, ընդհակառակը, այդ ընտրություններով բազմաթիվ հարցեր ստացան իրենց պատասխանները, ինչպես նաեւ ես հասկացա, որ դեռ ՏԻՄ-երում կան նախկին կառավարման, նախկին քաղաքական մշակույթի ցայտուն օրինակներ, ինչպես նաեւ գործիչներ, ովքեր փորձ են անում առնվազն ՏԻՄ մակարդակում վերարտադրվել կամ վերարտադրումն անել իրենց հովանավորյալների, գործիչների, քաղաքական իրողությունների գործիքակազմերով: Այդ թվում նաեւ այն ընտրացուցակը, որը հայտնաբերվեց ԲՀԿ-ի հանձնաժողովի անդամի ձեռքում, վառ ապացույցն է, որ մարդիկ հետհեղափոխական Հայաստանում դարձյալ փորձ են անում հին ձեռագրով, հին գործելաոճով գործել:

-Այսինքն` Դուք համարում եք, որ Ձեր մեղավորությունը չկա, ու ԲՀԿ-ի գործելաո՞ճն է պատճառը, որ «Իմ քայլ»-ը պարտվել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում:

-Ես չեմ բացառում, որ կարող էի ավելի լավ գործել, ավելի արդյունավետ գործել, բայց չեմ գործել, քան գործել եմ: Բայց քաղաքական գնահատական տալու առումով պետք է մի քիչ նրբանկատ գտնվենք: Ես գործել եմ բացառապես օրենքի եւ իրավունքի` ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում:

Ես գործել եմ` որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, որպես Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի անդամ, եւ արել ենք անհնարինը` Աբովյանում ունենալու թափանցիկ, մաքուր, ժողովրդավար ընտրություններ, ինչի արդյունքում ընտրված քաղաքապետը պետք է վայելեր լեգիտիմության իր չափաբաժնով ստացած քվեն, իսկ թե դա ինչքանով է հաջողվել, ինքներդ էլ դա կարող եք դատել:

-Դուք հայտարարեցիք նաեւ, որ հետհեղափոխական Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք ՏԻՄ ընտրություններում կրկին փորձում են նախկին քաղաքական մշակույթով շարժվել, ավելին` փորձում են վերարտադրվել: Բայց շատերն էլ Ձեր գործելաոճն են նմանեցնում նախկին իշխանությունների կողմից ներկայացված մարզպետների գործելաոճին, որոնք նախկին ընտրությունների ժամանակ շրջում էին մարզում, ահաբեկում, ճնշում, որպեսզի մարդիկ ձայն տան իրենց թեկնածուին: Նույն գործելաոճն ուներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Դուք ինչո՞ւ կրկնեցիք նրա օրինակը:

-Ես շատ խիստ անհամաչափ եմ որակում Ձեր տարած զուգահեռները: Ես մեր մարզում շրջել եմ բացառապես խնդիրներին ծանոթանալու նպատակով, տեղում լուծումները պատկերացնելու, թափանցիկ կառավարումը ապահովելու նպատակով: Ես չգիտեմ` տվյալ պարոնը ինչ նպատակով է շրջել, ես չեմ էլ ուզում գնահատական տալ, թե ինչ նպատակով է շրջել մարզում:

Ես ընտրությունների ժամանակահատվածում եղել եմ պաշտոնական արձակուրդում ու հայտարարել եմ, որ Աբովյանի ընտրություններին մասնակցելու նպատակով ես գնում եմ արձակուրդ, որպեսզի իմ կարգավիճակը չզուգորդվի քաղաքական գործչի գործունեության հետ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս