Ինչպե՞ս կազդեն Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները հայկական տուրիզմի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ դրանց` հայկական տուրիզմի վրա հնարավոր ազդեցության մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ:

-Պարո՛ն Ապրեսյան, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի տուրիզմի վրա: Արդյոք հնարավո՞ր է, որ այս շրջանում նախատեսվածից ավելի շատ թվով ռուս զբոսաշրջիկ ՀՀ կայցելի:

-Նախ ասեմ, որ ռուս եւ ընդհանրապես բոլոր զբոսաշրջիկները միշտ էլ բարով են եկել Հայաստան եւ թող բարով գան: Անկախ ամեն ինչից` ավիաչվերթների արգելքից հետո, որը հուլիսի 8-ից հետո է ուժի մեջ մտնելու, իհարկե սպասվում է որպես այլընտրանք դեպի Երեւան չվերթների ավելացում: Սա, իհարկե, նշանակելու է, որ լրացուցիչ այցելություններ կունենանք, մենք պետք է պատրաստ լինենք: Մենք պետք է պահպանենք մեր ծառայությունների որակը, պետք է հյուրասիրությունը, հյուրաընկալությունը բարձր լինի, եւ մեզանից պետք է միշտ գոհ վերադառնա զբոսաշրջիկը, ինչը, իհարկե, դրական է անդրադառնալու մեր իմիջի վրա:

-Իսկ հնարավո՞ր է`այս արգելքից հետո ռուս զբոսաշրջիկները Վրաստանը փոխարինեն ոչ թե Հայաստանով, այլ մեկ այլ երկրով: Վրաստանից բացի ո՞ր երկիրն է նրանց համար հետաքրքիր:

-Ռուսաստանը շատ մեծ արտագնա զբոսշրջություն ունի եւ բազմաթիվ ուղղություններով այցելություններ: Այո, ճիշտ եք, միայն Վրաստանի մասին չէ խոսքը, ցանկացած ուղղությամբ մեծ թվով զբոսաշրջիկներ են գնում ՌԴ-ից, եւ ռուսական շուկան շատ երկրների համար ցանկալի շուկա է, քանի որ բավականին լավ գումարներ են ծախսում ռուս զբոսաշրջիկները:

-Արդյոք մեր երկրում գործող հյուրանոցներն ունե՞ն բավարար համարներ, կարո՞ղ են բոլորին բավարարել:

-Այս պահին բավականին ակտիվ հյուրանոցաշինություն է ընթանում, նոր հյուրանոցներ են անընդհատ բացվում ՀՀ-ում: Դեռեւս կարող է, բայց այցելությունների, հետաքրքրության աճի պայմաններում բնականաբար մենք կարիք ենք ունենալու լրացուցիչ հյուրանոցային համարների, ննջատեղերի:

-Եւս մի մտահոգություն, պարո՛ն Ապրեսյան. հնարավո՞ր է` որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, ծառայությունների գներն ավելի բարձրացնեն:

-Ես համոզված եմ, որ մեր տնտեսվարողների գիտակցությունը բարձր է: Մենք պահանջարկի բարձրացում կանխատեսում ենք եւ ձգտում ենք դրան, եւ մեր տնտեսվարողները պետք է պահպանեն ծառայությունների որակը եւ նաեւ անհարկի գներ չբարձրացնեն:

-Իսկ ո՞ր կառույցի կողմից են վերահսկվելու գները:

-Գների վերահսկողությւոն չկա, մեզ մոտ ազատ շուկայական հարաբերություններ են. այստեղ գների նկատմամբ վերահսկողություն կամ գնային կարգավորում մասնավոր հատվածի, գնային քաղաքականությանը միջամտություն կարող է միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Դա վերաբերում է այն դեպքերին, երբ սուբյեկտները ունեն գերիշխող կամ մոնոպոլ դիրք: Այս ոլորտում մենք գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ չունենք: Չկա հյուրանոցային ծառայություն մատուցող, որ գերիշխող դիրք է զբաղեցնում Հայաստանում:

-Սրան զուգահեռ, հնարավո՞ր է, Վրաստանում հակառակը տեղի ունենա, եւ հյուրանոցային ծառայություններն էժանանան:

-Ընդհանրապես գները ձեւավորվում են շուկայում: Հնարավոր են փոփոխությունները, եթե առաջարկի եւ պահանջարկի էական փոփոխություններ լինեն: Մի որեւէ երկրի շուկայում պահանջարկը կտրուկ բարձրանում է, եւ դա կարող է տանել գների փոփոխության, այս դեպքում` բարձրացման: Եթե կտրուկ իջնում է պահանջարկը, ապա գները եւս նվազում են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս