Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել` հուլիսի 8-ից Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվնելու վերաբերյալ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ռուս զբոսաշրջիկներն արդեն սկել են չեղարկել Վրաստանի հյուրանոցներում, հյուրատներում ամրագրած համարները:
Հիշեցնենք, որ hունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը: Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանին մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր:
Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» համար:
Ըստ վրացական իշխանությունների` եթե Ռուսաստանը հուլիսի 1-ից լիարժեք փակի Վրաստանի հետ սահմանը, այդ թվում` ցամաքայինը, եւ ոչ մի ռուս զբոսաշրջիկ այդ երկիր չգնա, Վրաստանի ֆինանսական կորուստը կկազմի 100 միլիոն դոլար: Բայց, մյուս կողմից, նույն վրացական իշխանությունները վստահեցնում են, որ այս երեւույթը այդքան էլ մեծ ազդեցություն չի ունենա Վրաստանի տնտեսության վրա: Վրաստանի տուրիզմի ազգային միության տվյալներով` նախորդ տարի Վրաստան այցելել է 1.4 մլն ռուս: Այսինքն` 2018 թվականին, 2017-ի համեմատ, ռուս զբոսաշրջիկների` դեպի Վրաստան այցելությունը 24 տոկոսով աճել է:
Իսկ, ահա, ռուսական կողմի տվյալներով` այս տարվա առաջին ամիսներին Վրաստան մեկնել է 500 հազար ռուս: Բացի այս, Վրաստանը մտնում է 15 հայտնի երկրների շարքում, որտեղ նախընտրում են այցելել ռուս զբոսաշրջիկները: Համեմատության համար նշենք, որ Հայաստան այս տարվա հունվար-մարտին ՌԴ-ից ժամանել է 32 հազար 300 զբոսաշրջիկ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի`նախորդ տարվա ընթացքում Հայաստան ՌԴ-ից ժամանել է 21 հազար զբոսաշրջիկ: Ճիշտ է, ըստ պաշտոնական տվյալների, տարեց տարի ՌԴ-ից դեպի ՀՀ զբոսաշրջիկների թիվն ավելանում է, բայց համաձայնեք, որ Վրաստանի համեմատ Հայաստանը այս հարցում զիջում է իր դիրքերը:
Սյունէ Համբարձումյան, Ջոն Գաբուզյան