Ինչու Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց ՌԴ-ի հարցով քվեարկությանը. պատվիրակության պատահական քայլերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) 118 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ վերականգնվեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ձայնը: Եվ երեկ առավոտից լայնորեն քննարկվում էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության երկու իշխանական անդամների պահվածքը: Նախ հայտարարվեց, որ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել, հետո ասվեց, թե պատահաբար է այդպես եղել, եւ ապա հայտնի դարձավ, որ Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը: Ստացվում է, որ այս խուսափողականությունը իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից իրականում իշխանության դիրքորոշումն է:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում նախապես քննարկվել է խմբակցության նեղ կազմով ՌԴ-ի ձայնի իրավունքի հնարավոր աքվեարկության հարցը, եւ որոշում է կայացվել՝ կողմ քվեարկել: Բայց Ստրասբուրգում հանկարծ պարզվեց, որ Ռ. Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել, իսկ Հ. Իգիթյանն էլ նույնքան պատահաբար, թերեւս, չի մասնակցել քվեարկությանը: Եւ փոխանակ հիմնավոր բացատրություն տալու, թե ինչու են ԱԺ իշխանական պատվիրակները այդքան իմիջիայլոց վերաբերվել մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար այդչափ կարեւոր հարցին, Ռուբինյանը համացանցում քննադատում էր իրեն քննադատողներին:

Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ իրականում Հ. Իգիթյանի քայլը պայմանավորված է այլ հանգամանքներով, եւ նա համաձայնություն է ունեցել այդպես վարվելու ուկրաինացի պատվիրակների հետ: Նա այդ մասին նաեւ տեղեկացրել է հայկական պատվիրակության անդամներին եւ իր քայլը բացատրել հենց այդ հանգամանքով: Սակայն Իգիթյանի հետ կապվել չհաջողվեց. նա չէր պատասխանում ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ էլ նամակներին:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, թե տեղի ունեցածի մեջ որեւէ ինտրիգ պետք չէ փնտրել. «Հայկական պատվիրակությունը կողմ է ռուսական պատվիրակության վերադարձին: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես արդեն ներկայացվել է. Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկությունը տեխնիկական է եղել, իսկ Հովհաննես Իգիթյանն էլ պարզապես չի մասնակցել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս