«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը որոշում է կայացրել ամառային արձակուրդների ժամանակ վերանորոգել 31 պատգամավորի աշխատասենյակ, աշխատակազմի որոշ աշխատասենյակներ, իրականացնել հին մասնաշենքի պատուհանների եւ ընդհանուր ջեռուցման համակարգի փոխարինման նախագծանախահաշվային աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ աշխատանքներն իրականացվելու են բյուջեի միջոցներով, եւ հավելյալ գումարներ ներդրելու անհրաժեշտություն չի առաջանալու: Մենք նաեւ տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմը վերջին շրջանում իրականացնում էր պատգամավորների աշխատասենյակների գնահատման աշխատանքներ, եւ հենց դրանք ամփոփելուց հետո էլ ընտրվել են այդ 31 պատգամավորները, որոնց սենյակներն էլ կվերանորոգվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նշեց, թե երեկ աշխատակազմում քննարկում են ունեցել այդ ամբողջ աշխատանքների արժեքի մասով, սակայն վերջնական թիվը դեռ առկա չէ: Միեւնույն ժամանակ, Գալստյանի խոսքով, այդպիսի մտադրություն իրենք վաղուց են ունեցել եւ աշխատասենյակները գնահատել են միայն վերանորոգման անհրաժեշտությունից ելնելով: Վերջինս ընդգծեց, թե անգամ այդ պատգամավորները դեռեւս չգիտեն, որ իրենց աշխատասենյակները վերանորոգվելու են:
Տիգրան Գալստյանը մեզ հայտնեց նաեւ եւս մեկ փոփոխության մասին: Ըստ այդմ, ԱԺ աշխատակազմը որոշել է խստորեն պայքարել խորհրդարանի շենքում ծխելու դեմ, եւ դրա համար նոր տեսախցիկներ են տեղադրվել հենց այն վայրերում, որտեղ ավելի հաճախ են ծխում: Ընդ որում, Գալստյանը ընդգծեց, թե պայքարը վերաբերելու է նաեւ արգելված վայրերում ծխող պատգամավորներին: «Ես հիմա առանձնացված ծխարան եմ պատրաստում եւ խնդրելու եմ` այնտեղ ծխեն: Իսկ այլ վայրերում ծխելու դեպքում օրենքով սահմանված պատժամիջոցներ են կիրառվելու», – նշեց Գալստյանը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում