Հայկական պատվիրակության անդամների արկածները ԵԽԽՎ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամենաերկար տեւած նիստերից մեկը: Մինչեւ կեսգիշեր ձգված նիստի ժամանակ պատվիրակները քննարկում էին Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը: Ինչպես հայտնի է, երեք տարի Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է եղել ձայնի իրավունքից եւ չի մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվել է իրավունքներից 2014թ.-ին, երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին: Իրավունքերից զրկվելուց հետո ՌԴ պատվիրակությունը հրաժարվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին:

Եվ նախօրեին այդ հարցի քննարկումները բավականին բուռն են ընթացել: Խոսքը հատկապես Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի եւ մի շարք այլ երկրների պատվիրակների մասին է, որոնք շատ կոշտ կերպով էին արձագանքում ՌԴ-ի հնարավոր վերադարձին: ԵԽԽՎ պատվիրակներն անգամ սոցիալական ցանցերում տեսակետներ են արտահայտել, որ նույնիսկ Չեչնիայի եւ Վրաստանի պատերազմների հարցն այս կառույցում այդքան երկար եւ այդքան դրամատիկ չէր քննարկվել:

Երեկ արդեն ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակեց «Ստրասբուրգյան դավաճանություն» եւ սպառնաց լքել ԵԽԽՎ-ն:

Ի վերջո, 118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ: Եվ երեկվանից լայնորեն քննարկվում է ԵԽԽՎ հայկական պատվիրակության քվեարկության հարցը: Նախապես հայտարարվեց, որ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել բանաձեւին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը: Կողմ են քվեարկել միայն ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից ու Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստանից»:

Եվ մինչ բոլորը քննարկում էին Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը ու դա բնորոշում որպես հակառուսական քայլ՝ ուղղորդված արեւմտյան ուժերի կողմից, ԵԽԽՎ-ից հաջորդ հետաքրքիր կամ զավեշտալի տեղեկությունը ստացվեց:

Պարզվեց` Հայաստանի պատվիրակության ղեկավարը, որը նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, իսկ մինչ այդ էլ եղել է արտաքին գործերի փոխնախարարը, լրիվ «պատահաբար» է դեմ քվեարկել հարցին:

Ընդ որում, հետաքրքիրը նաեւ այն է, որ այդ մասին Ռուբինյանը բարձրաձայնել է միայն հաջորդ օրն առավոտյան` հայտարարություն անելով ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ: Սակայն նրա հայտարարությունը ոչինչ չի փոխել. քանի որ ԵԽԽՎ կանոնադրության համաձայն քվեն փոխել հնարավոր չէ: Թերեւս Ռուբինյանի` այդպիսի կարեւոր կառույցում աշխատելու փորձի պակասն է հանգեցրել նման պատկերի:

Եվ հետաքրքիր է` իր քայլը մեկնաբանելու, բացատրելու փոխարեն Ռուբեն Ռուբինյանը սոցիալական ցանցի իր էջում դասեր էր տալիս իրենց քննադատողներին: Այնպիսի տպավորություն է, որ նախկին իշխանություններն են մեղավոր, որ Ռուբեն Ռուբինյանը պատահաբար է սխալ քվեարկություններ անում, եւ այն էլ` այսպիսի կարեւոր հարցում: Իսկ Ռուբինյանը բավարարվում է` այսպիսի մեկնաբանություն տալով. «Այդ առնչությամբ այսօր հայտարարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, եւ հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։ Ի հեճուկս որոշ չարագուշակների` մեր եւ մեր ռուս գործընկերների միջեւ բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»- նշել է Ռուբինյանը:

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում իշխող խմբակցությունում նախապես քննարկվել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի հարցի վերաբերյալ հնարավոր զարգացումները, եւ որոշում է կայացվել կողմ քվեարկել: Եվ Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկելու հանգամանքն իսկապես զարմացրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք երեկ` մինչեւ Ռուբեն Ռուբինյանի պարզաբանումը, խորհրդարանում զարմացած քննարկում էին նրա դեմ քվեարկելն ու դրա հնարավոր հետեւանքները:
Թեեւ Հովհաննես Իգիթյանը, ըստ էության, չի ենթարկվել խմբակցության ընդհանուր որոշմանը եւ շեղվել է, բայց տարակուսելիորեն իմքայլականներն ամենեւին էլ չեն զարմացել դրանից: Իգիթյանը հայտնի է իր եվրոպամետ հայացքներով, եւ դա է պատճառը, որ նրա քվեարկությունը ոչ ոքի չի զարմացրել:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ իրականում Հովհաննես Իգիթյանի քայլը պայմանավորված է այլ հանգամանքներով, եւ նա համաձայնություն է ունեցել այդպես վարվելու ուկրաինացի պատվիրակների հետ: Այս առումով, իհարկե, տարակուսելի է ՀՀ պատվիրակության անդամի քայլը, որը, փաստորեն, ստվերային պայմանավորվածություններ է ունեցել ուկրաինացի պատվիրակների հետ, եւ հետաքրքիր է, որ վերջինս այդ մասին նաեւ տեղեկացրել է հայկական պատվիրակության անդամներին եւ իր քայլը բացատրել հենց այդ հանգամանքով:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ամեն կերպ մեկնաբանություն ստանալ Հովհաննես Իգիթյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն, եւ նա ոչ մի կերպ չէր պատասխանում մեր նամակներին: Մենք պատրաստ ենք այժմ էլ հրապարակել Հովհաննես Իգիթյանի տեսակետն ու դիրքորոշման պատճառը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս