ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավարը` Վիգեն Ավետիսյանը, չի հաշտվում աշխատանքային ներկա կազմի հետ: Նշենք, որ Ավետիսյանն այս պաշտոնին նշանակվել է Արթուր Գրիգորյանի ազատվելուց ավելի քան երեք ամիս անց:
Նորանշանակ ղեկավարը, սակայն, պատահական անձ չէ: Ավետիսյանը ՀՀ բնապահպանության նախարարության հնաբնակներից է, նա 2002 թվականից աշխատել է նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Ուշագրավ է, որ նոր իշխանությունները Վիգեն Ավետիսյանին նշանակել են այս պաշտոնին այն դեպքում, երբ նա համարվում է բնապահպանության նախկին նախարար, այժմ առանձնապես մեծ չափերի կաշառք վերցնելու համար մեղադրվող ու հետախուզման մեջ գտվող Արամ Հարությունյանի` Բուլկու «մարդը»:
Ու այս առումով կառավարության կադրային մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ է: Հիշեցնենք` թավշյա հեղափոխությունից հետո տեսչական մարմնի ղեկավար նշանակվեց բնապահպան ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, որն էլ անակնկալ ձեւով ազատվեց աշխատանքից: Ըստ որոշ տեղեկությունների` նրա պաշտոնավարումը բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանի սրտով չի եղել:
Ավելին` կառավարության, նաեւ նախարարության վերին օղակներին դուր չի եկել Գրիգորյանի գործելաոճը: Պարզվում է` Էրիկ Գրիգորյանը կարողացել է այնպիսի պետական պաշտոնյա գտնել, որին կկարողանա հեշտ ղեկավարել: Բացի այս, ըստ շրջանառվող լուրերի` Էրիկ Գրիգորյանը տեւական ժամանակ պայքարել է տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնին Վիգեն Ավետիսյանին նշանակելու համար: Բայց, մյուս կողմից, Բնապահպանության նախարարության կուլիսներում բուռն քննարկվում է, որ այդ պաշտոնը հենց Վիգեն Ավետիսյանի համար է, քանի որ նա մասնագետ է:
Պարզվում է` Վիգեն Ավետիսյանը նշանակվելուց հետո չի կարողանում հաշտվել նախկին ղեկավար Եղիշե Տերտերյանի կողմից նշանակված կադրերի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը իր պաշտոնավարման ընթացքում նշանակումներ չի արել, ինչը հիմա Ավետիսյանն է պատրաստվում իրականացնել: Մեզ հայտնի դարձավ, որ վարչությունների պետերը հիմա անորոշ վիճակում են, չգիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց` պահպանելու են զբաղեցրած աթոռը, թե ոչ: Ըստ որոշ տեղեկությունների` այս ընթացքում 4-5 աշխատող ազատվել է աշխատանքից, իսկ որոշ աշխատողներ ձգձգում են ազատման դիմում գրելը. ինչքան աշխատավարձ ստանան իրենց օգուտն է:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նորանշանակ ղեկավարը մտադիր է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել հենց տեսչական մարմնում: Աշխատողների պատմելով` նախկին ղեկավարի օրոք աշխատանքի ընդունված աշխատողներին այնպիսի հանձնարարականներ է տալիս` իրենց գործի բնույթից ելնելով, որ չեն կարողանում դա կատարել: Մեկ, երկու հանձնարարական չկատարեն, կստանան խիստ նկատողություն, որն էլ ազատման համար ավելի վատ պատճառ է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ տեսչական մարմինն այժմ ստուգումներ իրականացնում է միայն ստացած դիմում-բողոքների հիման վրա: Պարզվում է` տեսչական մարմինը դեռ չունի տարեկան պլանային ստուգումների ծրագիր: Չնայած սրան` տարվա կեսն արդեն անցել է: Նկատենք, որ կա հաստատված հաստիքացուցակ, բայց եթե տեսչական մարմնում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ տեղի ունենան, ապա չի բացառվում, որ հաստիքացուցակում էլ փոփոխություններ լինեն: Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին տեսչական մարմնի հաստիքացուցակը հաստատվել է Արթուր Գրիգորյանի կողմից իր գնալուց ընդամենը մի քանի օր առաջ:
Պլանային ստուգումների հաստատված չլինելուց բացի մարմնի վարչությունները կանոնադրություն չունեն հաստատված: Տեսչական մարմնի ղեկավարությունը դեռ նոր է սկսել իրավական ակտեր ընդունել` կարգապահության, գործավարության հետ կապված: Դրանց նախագծերը կան կազմված, մնում է ներկայացվեն խորհրդի համաձայնությանը հաստատվելու համար: Բացի այդ, պաշտոնի անձնագրերը պետք է փոխվեն, բայց դեռ ոչինչ արված չէ:
Բնականաբար, այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տեսչական մարմնի իրազեկման եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանի հետ:
«Աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ ասել, որ մարդիկ իրենց սեփական դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից: Մեկ-երկու հոգի` իրենց սեփական դիմումի համաձայն… Իսկ ինչ վերաբերում է տարեկան ստուգումների ծրագրին, ապա այն հաստատվում է կառավարման խորհրդի կողմից: Այս պահին խորհրդով հաստատված չէ: Իսկ խորհրդի նիստը դեռ չի կայացել»,- տեղեկացրեց Նաիրա Աղաբաբյանը` միաժամանակ նշելով, որ հայտնի չէ, թե երբ է այն կայանալու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 2-ի որոշմամբ Հայկ Այվազյանը ազատվել էր տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Նրան այժմ փոխարինում է Արթուր Ասոյանը: Ենթադրվում է, որ գրասենյակի ղեկավարի փոփոխությունից հետո է խաթարվել տեսչական մարմինների բնականոն աշխատանքը:
Սյունէ Համբարձոււմյան