\Երբ գեղեցկուհի ես, ընտրությունդ լայն է, բայց պարտավոր ես ընտրել լավագույն տղամարդուն. Լիլի Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Միսս Հայաստան 2017», 19-ամյա գեղեցկուհի մոդել Լիլի Սարգսյանն է: Նա անդրադարձել է մասնագիտական փնտրտուքներին, արտերկրի առաջարկներին, Հայաստանում սեփական ուժերով բրենդային խանութ բացելու ծրագրին: Լիլին խոսել է նաեւ ընտանիքի, մասնավորապես` հոր աջակցության, անձնական կյանքի մասին: Գեղեցկուհին խոստովանել է` որքան գեղեցիկ է աղջիկը, այնքան բարդ է նրա ընտրությունը:

-Լիլի՛, որքանով տեղյակ եմ, սովորում եք Մշակույթի համալսարանում, ուսումնասիրում եք դիզայն: Հնարավո՞ր է` առաջիկայում որպես դիզայներ հանդես գաք:

-Հիմա մասնագիտական փնտրտուքների մեջ եմ: Ճիշտ է, դիզայներություն շատ եմ սիրում, բայց իրավաբանությունն այս պահին ինձ ավելի հոգեհարազատ է, ուստի մտադիր եմ փոխել մասնագիտությունս:

-Այնուամենայնիվ, ինչ մասնագիտություն էլ վերջնական ընտրեք, ենթադրում եմ, մոդելինգը չեք թողնի:

-Ոչ, շատ եմ սիրում մոդելի աշխատանքը, գեղեցկության մրցույթները, այնպես որ, չեմ թողնի այդ ոլորտը: Անկեղծ ասած, այս երեք տարվա ընթացքում տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնելու առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ. ուզում եմ ավելի հոգեհարազատ մրցույթների մասնակցել, պատվով հանդես գալ:

-Որպես մոդել` որեւէ տեղ ստաբիլ աշխատու՞մ եք:

-Ոչ, որեւէ կենտրոնի հետ պայմանագիր չունեմ: Չեմ էլ ցանկանում պայմանագրով աշխատել: Ինձ համար ավելի լավ է որպես անհատ, անկախ մոդել ներկայանալ: Ի դեպ, նախընտրում եմ զբաղվել ֆոտոմոդելի կարիերայով, թեպետ պոդյումային մի շարք առաջարկներ եմ ստացել: Պարզապես պոդյումն իմը չէ:

-Վստահ եմ` ֆիլմերից եւ սերիալներից հրավերներ ունեցել եք: Հնարավո՞ր է` մի օր Ձեզ տեսնենք, օրինակ, որեւէ սերիալի գլխավոր հերոսուհու դերում:

-Առաջարկներ, իսկապես, շատ են եղել, բայց ցանկություն չունեմ նկարահանվելու: Դերասանությունը իմը չէ: Ես չեմ կարող ամեն առաջարկի հետեւից վազել: Գուցե մի օր տեսնեն ինձ որեւէ դերում միայն այն դեպքում, երբ ժամանակ կունենամ հնարավորինս լավ պատրաստվելու, որպեսզի ինքնավստահ զգամ: Ինձ առաջարկել են նույնիսկ` ձայնս մշակեմ ու երգեմ, բայց հրաժարվել եմ: Երգարվեստը հաստատ իմ տեղը չէ: Հրավիրել են նաեւ նկարահանվելու տեսահոլովակներում: Այդ ուղղությամբ մտածում եմ, քննարկումների փուլում ենք:

-Իսկ արտերկրից համագործակցության առաջարկներ լինո՞ւմ են, թեկուզ երկարաժամկետ:

-Այո, լինում են, բայց ես ցանկանում եմ ապրել Հայաստանում, մտադիր եմ իմ ուժերով բրենդային խանութ բացել, այդ է պատճառը, որ տարակուսում եմ, չգիտեմ` արժե գնալ արտերկիր, թե ոչ:

-Իսկ որոշե՞լ եք` այս ամառ որտեղ եք հանգստանալու:

-Ինձ մոտ նման բաները պատահական են ստացվում, վճռվում: Ժամանակս սուղ է, անգամ չեմ հասցնում պլանավորել:

-Տղա երկրպագուները չեն ների, եթե չհարցնեմ. Ձեր սիրտը ազա՞տ է:

-Այո՛, ազատ է:

-Գեղեցկուհի լինելը, թվում է, անձնական կյանքում դռներ է բացում, բայց, միեւնույն ժամանակ, բազմաթիվ բարդություններ է առաջացնում, համաձա՞յն եք:

-Այո, երբ գեղեցկուհի ես, ընտրությունդ լայն է, բայց պարտավոր ես ընտրել լավագույն տղամարդուն: Պետք է մեկը, ով կսիրի քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, կընդունի քո ներքին արժանիքները, այնինչ տղաների մեծ մասը սիրում է գեղեցկուհիներին միայն արտաքինի համար:

-Հայ տղաների մեջ ո՞ր հատկությունն է, որ Ձեզ դուր է գալիս, եւ ի՞նչն է, որ կփոխեիք:

-Փոխելու բան արդեն չկա: Եթե նախկինում նրանք շատ փակ էին, ունեին որոշակի կարծրատիպեր` կապված հենց թեկուզ գեղեցկության մրցույթների մասնակցող աղջիկների հետ, հիմա պատկերն այլ է: Շատ տղաներ իրենք են ոգեւորում ինձ, որպեսզի մասնակցեմ մրցույթների: Ի դեպ, քույրս էլ է այդ ճանապարհն ընտրել, եւ հայրս ինչպես իմ պարագայում, այնպես էլ քրոջս ամենաակտիվ երկրպագուն է եւ խրախուսողը:

-Կարգավիճակի փոփոխություն ո՞ր տարիքում եք պատկերացնում:

-Ցանկալի տարիք է 23-24-ը, բայց դա պլանավորելով չէ: Ի դեպ, շատերը երբ տեսնում են ինձ, հարցնում են` արդյոք ամուսնացել եմ. նրանց թվում է, թե իմ անձնականում լուրջ փոփոխություն է գրանցվել, ստատուսներիցս ոմանք ենթադրում են, թե սիրտս զբաղված է, բայց դա այդպես չէ: Ես ոչինչ չեմ ծրագրում: Աստված ինչպես կկամենա, թող այնպես էլ լինի:

Անի Անտոնյան




Լրահոս