Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2019թ. մայիսի 7-ից ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Արմեն Ռուբիկի Տոնոյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Էյ-ի-ջի սերվիս» ՍՊԸ-ի Տավուշի գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության Դիլիջանի փականագործ` 2018թ. սեպտեմբերի 30-ին` հերթական անգամ Դիլիջանի Կամարինի փողոցի 1-ին նրբանցքի 26-րդ առանձնատանը սպասարկում իրականացնելիս, իր ծառայությունները մատուցել է սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին անհամապատասխան, տեխնիկական կանոնակարգի եւ իրավական ակտերի նորմերով սահմանված պահանջների խախտմամբ, չի հայտնաբերել հիշյալ առանձնատան լոգարանում տեխնիկական պայմանների բացակայությամբ տեղադրված գազասարքը, որի հետեւանքով 2018թ. նոյեմբերի 14-ին` ժամը 01․30-ի սահմաններում, հիշյալ լոգարանում լողացող Արթուր Ղազարյանը մահացել է գազի արագային ջրատաքացուցիչի շահագործումից առաջացած եւ շնչառական ուղիներով օրգանիզմ ներթափանցած արյունն ախտահարող ածխածնի մոնօքսիդի թույնից։
Ա. Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերի ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ»): Ա. Տոնոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: