ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը շրջանառության մեջ է դրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից մշակած նոր նախագիծը, ըստ որի` Հայաստանի համայնքներին կտրամադրվի արտոնություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի ընդունմամբ համայնքներին հնարավորություն կընձեռվի պետական տուրքի եւ վճարի գումարները վճարել տարաժամկետ կարգով,այսինքն` երկու տարվա ընթացքում` եռամսյակային պարբերականությամբ, պետական տուրքի եւ ծառայությունների մատուցման վճարների գումարների մեկ ութերորդի չափով: Խոսքը ինքնակամ կառույց համարվող ավտոտնակների մասին է:
Պարզվում է`մայրաքաղաքում կա ավելի քան 35000 ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակ, որոնք գտնվում են Երեւանի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում: Եւ, ըստ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, համայնքների համար պարբերաբար խոչընդոտ են հանդիսանում այն կառույցները, որոնք, ժամանակին հանդիսանալով ինքնակամ շինություններ, օրինականացման արդյունքում դարձել են այլ անձանց սեփականություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս դեպքում արդեն տեղական իշխանության եւ գույքի սեփականատիրոջ միջեւ սկսվում է բանակցային գործընթաց, եւ այն հաջողությամբ չավարտվելու դեպքում ծագում է վեճ, դատական գործընթաց: Ի դեպ, ոչ միշտ է, որ հարցը ստանում է դրական լուծում:
Եւ հաշվի առնելով սա` ինքնակամ կառույցների տնօրինման մասով մշակվել է օրենսդրական փաթեթ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերանայվել են քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության դեռեւս 2006 թվականի մայիսի 18-ի որոշմամբ նախատեսված կարգավորումները:
Բացի այս, պարզվում է, որ միայն Երեւանի քաղաքապետարանը հսկայական միլիոններ է ծախսում ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար:
Այսպես, յուրաքանչյուր ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար համայնքները վճարում են 26 հազար դրամ: Եւ եթե ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակների թիվը`35000-ը, բազմապատկենք սեփականության իրավունքի պետական գրանցման համար նախատեսված 26000-ով, ապա կստանանք 910 մլն դրամ:
Բացի այդ, Երեւան համայնքը նախքան ինքնակամ շինություն հանդիսացող ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մեկ միավոր ավտոտնակի զբաղեցված հողամասի տեղագրական հանույթի, հողամասի հատակագծի կազմման եւ ավտոտնակի չափագրման ծառայությունների ձեռք բերման համար միջինը վճարում է շուրջ 100 հազար դրամ:
Սյունէ Համբարձումյան