Ուզում եմ յոթ որդով սեղան նստել, վստահ եմ՝ կհասցնեմ. Նաիրա Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այո, հիմա էլ եմ ուզում յոթ որդով սեղան նստել: Վստահ եմ, որ երազանքս իրականացնելու եմ, ես ընդամենը 31 տարեկան եմ, դեռ կհասցնեմ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք նախկինի պես ցանկանում է յոթ զավակ ունենալ (ավելի վաղ հարցազրույցներից մեկում նա նման միտք էր արտահայտել-հեղ.):
Դերասանուհու հետ զրուցեցինք ամառային հանգստի հետ կապված նախընտրությունների մասին:

Նա տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ է արտերկրում հանգստացել, ուստի այս տարի արդեն գերադասում է հանգստի մեկնել ձմռանը, թերեւս Արաբական Միացյալ Էմիրություններ: Առհասարակ, Նաիրան ակտիվ հանգստի սիրահար է: Իդեալականը նրա համար ծովափնյա հանգիստն է դստեր եւ մայրիկի հետ: Հարցին, թե վերջին տարիների ընթացքում որ երկիրն է տպավորել իրեն, դերասանուհին պատասխանեց. «Բուլղարիայում անցկացրած հանգիստս եմ սիրով հիշում: Ի դեպ, այն ժամանակ բալիկս դեռ չէր ծնվել, մայրիկիս հետ էի մեկնել: Եղանք թե՛ ծովափին, թե՛ ակումբներում, բազմաթիվ հետաքրքրիր պահեր ապրեցինք»: Նաիրան սիրում է նաեւ էքստրեմալ հանգիստ եւ առիթը բաց չի թողնում ամենաչնչին հնարավորությունից օգտվելու համար:

Մենք դերասանուհու հետ մի փոքր էլ խոսեցինք գործնական թեմաների շուրջ: Վաղուց հայտնի է, որ Նաիրան նաեւ դիմահարդար է, ընդ որում` ոչ թե սիրողական, այլ պրոֆեսիոնալ մակարդակի: Նա արդեն ունի նաեւ աշակերտներ, եւ չի հասցնում այցելուներին սպասարկել: Հետաքրքրվեցինք` շոու-բիզնեսից այցելուներ արդյոք ունենում է. «Այո, իհարկե, կոլեգաներս հաճախ են գալիս ինձ մոտ»,- ասաց նա:
Դերասանուհուն երկրպագուները վերջին անգամ տեսել են «Մեծից փոքր» սիթքոմում: Առաջիկայում, սակայն, նրան էկրաններին չենք տեսնի: Հարցին, թե արդյոք չունի հրավերներ, թե պարզապես ինքը չի ցանկանում նկարահանվել, Նաիրան պատասխանեց. «Հիմա զբաղված եմ առավել հեռանկարային մի աշխատանքով, որը դերասանական ոլորտին չի վերաբերում, բայց փակագծեր դեռ չեմ բացի»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս