Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկում է քննարկել Երևանում երթևեկության արագության շեմը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ նվազեցնելու հարցը:
«Ես շատ եմ տեսել, որ ոմանք, արագ վարելով, գնում են, հետո կարմիրի տակ հավասարվում ես նրանց ու մտածում՝ եղբա’յր, ոնց որ թե շտապում ես, բայց շատ հեռու չես գնա, եթե չես պատրաստվում կարմիրի տակով անցնել: Այսինքն` 50-ով ես գնում, թե` 80-ով, կարմիրի տակ կանգնելու ես»,- ասաց Մարությանը:
Քաղաքապետը հանձնարարություն է տվել, որ Երևանի բոլոր անցումների վրա հատուկ լուսավորություն լինի: «Միանգամից ամբողջ քաղաքում դա չենք կարող անել: Ես ասել եմ, որ գույքագրեն ամենամութ և վտանգավոր անցումները, և կոնկրետ այդ անցումները պետք է լուսավորվեն: Շատ քաղաքներում նվազեցրել են շարժման արագությունը: Եթե մենք պատրաստ ենք դրան, այո, 60 կմ/ժամը պետք է իջնի 50-ի: Ինձ համար զարմանալի է, որ 8 գծանոց լայն փողոցում կա չկարգավորվող անցում և միաժամանակ 70 կմ/ժամ արագության թույլտվություն: Այստեղ ոչ մի տրամաբանական բան չկա»,- նշեց քաղաքապետը:
Մարությանը նկատել է, որ շատ դեպքերում մարդիկ չեն օգտվում վերգետնյա կամ ստորգետնյա անցումներից: «Եթե մենք ամբողջ քաղաքը պատենք վերգետնյա և ստորգետնյա անցումներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ խնդիրը չի լուծվի, որովհետև մարդիկ գերադասում են անցնել ուղիղ և արագ: Պետք է լինի մունիցիպալ ոստիկանություն, որը վերգետնյա և ստորգետնյա անցումների մոտ թույլ չտա փողոցով անցնել»,- եզրափակեց նա: