ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամները, խմբի նախագահ, ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի գլխավորությամբ, հունիսի 25-ին հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոն խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին հանդիպումը կազմակերպելու համար և նշել, որ հաճույքով է ընդունում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին։ Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ խումբը կշարունակի առավել նպաստել ընդհանուր առաջնահերթությունների շուրջ ՖՄԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի սերտացմանը։
Հանդիպման ժամանակ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ներկայացնելով խմբի գործունեությունը, նշել է, որ վերջինիս նպատակն է առավել ճանաչելի դարձնել ֆրանկոֆոնիան ՅՈՒՆԵՍԿՕ-ում, արժևորել ՖՄԿ-ի գործունեությունը կրթության, թվային տեխնոլոգիաների, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության և երիտասարդությանը վերաբերող ոլորտներում։
Նա նաև ներկայացրել է Ֆրանկոֆոն խմբի կողմից նախատեսվող միջոցառումները՝ անդրադառնալով, մասնավորապես, հոկտեմբերի 9-ին կայանալիք Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված երեկոյին, ինչպես նաև «Ապրել միասին»-ի արժեքները խթանելու վերաբերյալ ՖՄԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության կողմից 2020թ․ մարտին կազմակերպվելիք համատեղ միջոցառմանը, որին իր մասնակցությունը կունենա նաև Ֆրանկոֆոն խումբը։
ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ողջունելով Ֆրանկոֆոն խմբի նախաձեռնությունները, ընդգծել է աշխարհահռչակ շանսոնյե, ֆրանսիական երգի դեսպան Շառլ Ազնավուրի մեծ նպաստը՝ ամբողջ աշխարհում ֆրանսերենի տարածման գործում և սիրով ընդունել նշյալ միջոցառմանը մասնակցելու հրավերը։