ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը, որ տասը տարի նախագահելուց հետո փորձում էր իշխանավարումը շարունակել արդեն վարչապետի պաշտոնում (իր օրոք ընդունված Սահմանադրության համաձայն` երկրի ղեկավարը վարչապետն է), ուղիղ մեկ տարի առաջ` այս օրը, հրաժարական ներկայացրեց: Հրաժարական ներկայացրեց համաժողովրդական ճնշման տակ, ու թեեւ դրանից դեռ մեկ օր առաջ հայտարարեց, որ 7 տոկոս ստացած ուժը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի` ակնարկելով նոր մարտի 1-ով, արդեն ապրիլի 23-ին խոստովանեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»: Ս. Սարգսյանի հրաժարականի օրը Հայաստանում իսկական տոնախմբություն էր. ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի մյուս քաղաքների փողոցներում մարդիկ պարզապես ցնծում էին իրենց հաղթանակով: Իր հրաժարականից հետո Սերժ Սարգսյանն ամեն կերպ խուսափել է լրագրողների հարցերին պատասխանելուց: Երեկ նա ՀՀԿ-ում ներկա է գտնվել կուսակցությանը նոր անդամագրվածների հետ հանդիպմանը: Թեեւ քաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ չի տվել, բայց որոշ ակնարկներ արել է: Հարցին, թե մեկ տարվա ընթացքում ինչ է փոխվել երկրում, Սերժ Սարգսյանն ասել է, թե երբ ժամանակը գա, բոլոր հարցերին կպատասխանի: «Կարող է հարցերի քչություն լինել, պատասխանների քչություն չի լինի»,-ասաց նա:
Այնուամենայնիվ, եթե փորձենք հակիրճ ամփոփել ՀՀ-ում իշխանափոխության այս մեկ տարին, պետք է արձանագրենք՝ ամենակարեւոր ձեռքբերումը ՀՀ-ում առանց ընտրակեղծիքների, առանց ընտրակաշառքի ազատ ու արդար ընտրությունների անցկացումն է, ընտրություններ, որոնց արդյունքները ճանաչեցին նաեւ պարտված ուժերը: Տնտեսական հեղափոխության մասին ազդարարվել է: Տնտեսական ցուցանիշները կարծես դրականի մասին են խոսում: Իշխանությունները որդեգրել են պետական պարտքը հետեւողականորեն նվազեցնելու քաղաքականություն. այժմ այն 6 մլրդ 934 մլն դոլար է, մինչդեռ Ս.Սարգսյանի օրոք մոտեցել էր 7 մլրդի սահմանագծին, ավելին՝ նախատեսված էր, որ 2018թ. տարեվերջին այն կանցնի 7 մլրդը, պարզապես իշխանափոխությունից հետո տեմպերն այլ եղան: Թավշյա հեղափոխությունից հետո արտագաղթի տեմպերը եւս նվազել են, ավելին՝ 2018թ. ներգաղթ է արձանագրվել. 21 հազարով ավելի շատ մարդ է ժամանել ՀՀ, մինչդեռ 2017թ. ՀՀ-ից հեռացել էր 26.9 հազար քաղաքացի, 2016թ.՝ 43 հազար քաղաքացի: Այս ընթացքում 18.8 մլրդ դրամով ավելացել են օտարերկրյա ուղղակի ներդրումները. 2017թ. 74.6 մլրդ դրամի ներդրում է եղել, 2018թ.՝ ավելի քան 93 մլրդ դրամի:

 

 

ԱԺ-ն երեկ քննարկում էր 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներին փոխհատուցում տալու մասին օրենսդրական նախագիծը: Ըստ այդմ` տուժած համարվում են միայն այն մարդիկ, որոնք ֆիզիկապես տուժել են այդ դեպքերի ժամանակ: ՀՔԾ-ն տրամադրել է տեղեկանք, որ ծանր վնասվածք է ստացել 63 անձ՝ 13 քաղաքացիական անձ, 20 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող, 29 Ներքին զորքերի ժամկետային զինվոր։ Այս նախագծով խոսք է գնում միայն ֆիզիկական վնաս ստացած, ըստ այդմ՝ տուժող համարվողների մասին, սակայն այդ օրերին եղել են անձինք, որոնք գործազուրկ են դարձել, հետապնդվել են, սնանկացել, բայց նախագծով ենթակա չեն աջակցության։ Նախագծի համահեղինակ Լենա Նազարյանը երեկ ասել է, թե աջակցության ձեւը կարող է ֆինանսական չլինել, եւ այդպես էլ չէր մանրամասնել, թե ինչ նկատի ունի` ֆինանսական չլինել ասելով։ Սակայն կառավարությունում այսօր քննարկում է լինելու, եւ շատ հարցերի պատասխաններ կտրվեն հենց այսօր. խոսքը հատկապես աջակցության չափին է վերաբերում:

 

 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով` նախորդ տարի ՀՀ-ում նվազել են կարտոֆիլի ոչ միայն բերքի, այլեւ իրացման ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 22 հազար 100 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2017-ին այն կազմել է 25 հազար 300 հա: 2018թ. ընթացքում, 2017թ. համեմատ, 9.8 տոկոսով քիչ կարտոֆիլ է վաճառվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կարտոֆիլի բերքի 39.2 տոկոսը վաճառվել է, 19.5-ը` օգտագործվել, իսկ 32.7 տոկոսը կազմել է տնտեսությունում առկա մնացորդը: Ու մինչ գյուղացին ստացած բերքն իրացնելու խնդիրներ ունի, Հայաստանը, մյուս կողմից, կարտոֆիլ է ներկրում: Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 2 հազար 22 տոննա կարտոֆիլ, իսկ 2017-ին` 2 հազար 48 տոննա կարտոֆիլ: Այսինքն՝ ներքին շուկան հագեցվում է ներկրված կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլն էլ մնում է հորերի մեջ: Մեծ ծախսեր կատարած գյուղացիները վնասներ են կրում եւ տարեցտարի հրաժարվում են կարտոֆիլ մշակելուց:

 

 

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետն էր, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվելիս սենսացիոն ցուցմունք է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված ցուցմունքների սղագրությունից պարզ է դառնում, որ 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ Հայաստանի եւ Արցախի սահմաններին Ադրբեջանն ակտիվացել է: «Մենք գիտենք, որ այդ ժամանակ ինչ-որ ակտիվացումներ են եղել սահմաններում»,- ասել է Գասպարյանը: Քննիչի հարցին, թե կոնկրետ կարող է նշել՝ ՀՀ որ սահմաններում ինչ ակտիվացումներ են գրանցվել, ՀՀ նախկին ոստիկանապետը պատասխանել է. «Տավուշի, Արցախի սահմաններով ակտիվացումներ են եղել: Ընդհանուր բնույթի Պրիամբուլայի նման, թե այս վիճակն է, այն վիճակն է, նման հայտարարություններ են եղել: Որպես կանոն, ներքաղաքական անցուդարձներն իրենց ազդեցությունն են թողնում սահմանային իրավիճակների վրա»: Հարցին, թե այդ դեպքում ինչու էր ՀՀ ՊՆ Զինված ուժերը կենտրոնացվում Երեւան քաղաքում, այլ ոչ թե սահմանային այն գոտիներում, որտեղ նկատվել են նման ակտիվացումներ, Գասպարյանը այսպես է պատասխանել. «Հարցը պետք է ուղղել ՀՀ ՊՆ-ին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Երեւի սահմաններում ուժերը բավարարել են, ինչից ելնելով էլ` ուժերի մի մասը բերվել է Երեւան»:

 

 

ՎԱՏ ՕՐԻՆԱԿ
Նոր իշխանությանն ամենից հաճախ քննադատում են կադրային ոչ ճկուն քաղաքականություն վարելու, «ոչ ճիշտ մարդկանց» «ոչ ճիշտ ոլորտներում» պաշտոնի կարգելու համար: Այս հարցում «մեղավորը» ոչ այնքան կադրային ռեսուրսների սղությունն է, որքան ավելորդ շտապողականությունն ու այլընտրանքի անտեսումը: Այնպես չէ, որ «մերժված» իշխանությունը փայլում էր կադրային հանճարեղ քաղաքականությամբ, եւ բոլոր պաշտոններում կարգվում էին սրբակենցաղներն ու անառարկելի հեղինակությունները: Նախկինում, երբ քաղաքական մեծամասնությունն այս կամ այն պաշտոնում հաստատելու համար, օրինակ, ԱԺ-ին էր ներկայացնում որեւէ թեկնածուի, ոչ ոք կասկած չուներ, որ թեկնածությունը հաստատվելու է կողմ ձայների մեծամասնությամբ, քանի որ թեկնածուն ԱԺ էր պատվիրակվել՝ «վերեւների» «դաբրոն» գրպանում դրած: Իսկ, ահա, այդ անբեկանելի «դաբրոյին» իրավական ուժ տալուն նախորդող խորհրդարանական քննարկումները, թեկնածուի հասցեին հնչող թթու կամ մռու ելույթները, որպես կանոն, քվեարկության պատկերի վրա էական ազդեցություն չէին ունենում` այսպիսով դառնալով «ծիսական ձեւականություն»: Այժմ էլ, կարծեք, դեռեւս կենսունակ է նախկին արատավոր պրակտիկան, որին ականատեսը եղանք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ: Այդ միջոցառումը տեղի ունեցավ նախկին իներցիայով. եթե թեկնածությունը «մուտք է» եղել ԱԺ, ապա պետք է «ելք արվի» անպայման քվեարկությամբ հաստատված տեսքով: Թեեւ ընդդիմությունն՝ ի դեմս ԼՀԿ-ի, նախապես իր առարկությունները հայտնեց թեկնածու Գեղամ Գեւորգյանի վերաբերյալ /մասնավորապես, որ նրա աշխատանքային ստաժը չի բավականացնում ստանձնելիք պաշտոնի համար/ եւ առաջարկեց վարչապետին հանել վերջինիս թեկնածությունը, սակայն Գեւորգյանի թեկնածությանը, փաստորեն, այլընտրանք չգտնվեց, եւ, ի դեմս նրա, ունենք ՏՄՊՊՀ ոչ լեգիտիմ նախագահ: Մինչդեռ այլընտրանքային թեկնածուի առաջադրումը, ապա եւ քվեարկությունը կապացուցեին, որ իշխանությունը ոչ միայն չի գնում նախկինների տրորած ճանապարհով՝ առաջնորդվելով սեփական որոշումների անշեղության, թիմակիցների անկրկնելիության սկզբունքով, այլեւ ձգտում է բոլորի կողմից ընդունելի պաշտոնյաներ ունենալ բոլոր ոլորտներում` այսպիսով հոգալով ոչ միայն վերջիններիս «գործի տեղավորման» ընթացակարգային հարցերը, այլ, որ ամենակարեւորն է, նրանց լեգիտիմության խնդիրը: Նախկին իշխանության օրոք էլ պաշտոնյաները նշանակվում կամ ընտրվում էին օրենքի տառին համահունչ, սակայն նրանց լեգիտիմությունը, որպես կանոն, վիճարկվում էր շատ-շատերի կողմից:




Լրահոս