ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ պետք չէ անմեղության կանխավարկածը խախտելով` Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը շահարկման թեմա դարձնել: Գ. Պետրոսյանը կարծում է, որ այս ամենը կարող է երկու նպատակ ունենալ` իշխանությունները կա՛մ փորձում են անձին որակազրկել, կա՛մ ուզում են նրան հերոս դարձնել:
-Պարո՛ն Պետրոսյան, օրերս որոշում կայացվեց Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնել, քանի որ նա չարաշահել էր պաշտոնեական լիազորությունները: Փաստորեն, իշխանությունները «չեն ներում» անգամ իրենց իսկ կողմից նշանակված կադրերին, որոնք կհամարձակվեն պաշտոնեական լիազորություններն անցնել: Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների այս քայլը:
-Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ այսպիսի նախադեպ եղել է նաեւ նախորդ իշխանությունների օրոք. չմոռանանք Սոցիալական ապահովության ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի դեպքը, երբ նրան ձերբակալեցին, կալանավորեցին ու դատեցին: Այսինքն` սա վերագրել այս իշխանություններին որպես ինչ-որ մի նոր բան, մի նոր երեւելի բան, ապա դա այդպես չէ: Մնացածը, ես` որպես իրավաբան, հարգում եմ նախաքննության գաղտնիության սկզբունքը, հարգում եմ անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը, հարգում եմ պետական մարմինների գործունեության նկատմամբ վստահության կանխավարկածի սկզբունքը: Այսինքն` այսքան հնչեղություն հաղորդելը երկու հավանական նպատակ կարող է ունենալ, սա իմ անձնական կարծիքն է որպես պատգամավոր, ոչ թե որպես խմբակցության դիրքորոշում: Երբ նման դեպքերում, կարելի է ասել, անհարկի շահարկում են ինչ-որ դատավարություն, այստեղ երկու հավանական վարկած կա` կա՛մ ուզում են անձին որակազրկել, կա՛մ ուզում են դարձնել հերոս: Հիմա թե ով ինչ նպատակ ունի, այդ նպատակների մասին թող բարի լինեն իրենք հայտնեն: Իսկ իրականում կա քրեական գործ, կա առաջադրված մեղադրանք, թողնենք թող նախաքննության մարմինները իրենց լիազորությունները իրականացնեն անկախ: Ես հակված եմ սա դիտել նաեւ օրենսդիր մարմնի եւ, ընդհանրապես, նախաքննության մարմնի նկատմամբ օրենսդրի կողմից անուղղակի ներգործության միջոց: Թող թողնեն նախաքննությունը ընթանա, կա դատարան, ու մենք ասում ենք, որ այսօր ուզում ենք հասնենք նրան, որ Հայաստանում դատավարությունները ավարտվեն դատարանի կողմից վերջակետ դնելով, առանց կողմնակի ազդեցությունների. թողնենք, թող փորձեն: Այստեղ էլ մենք պետք է ստուգենք` իսկապես անցումային արդարադատությունը գործում է, թե դեռ մեր ունեցած դատական համակարգը բավարար է իր ուժերով ապահովել մարդու, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, ընդհանրապես գտնվել իր բարձրության վրա: Թե չէ այսքան դարձրել ենք այս հարցը քննարկման առարկա, հասարակության մի մասի մոտ Դավիթ Սանասարյանը դարձել է հերոս, մի մասն էլ փորձում են աչքից գցել` դարձնելով թիրախ: Չի կարելի, պետք է թողնենք, որ նախաքննություն ընթանա, դա լինի օբյեկտիվ: Կարծում եմ, դեռ առիթներ կլինեն թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատական հնչեցնելու: Այս պահին ես անժամկետ եմ համարում ինչ-որ գնահատական տալ ընթացող գործի քննությանը:
-Դուք նշեցիք, որ այս մեղադրանքները կամ ձերբակալությունները եղել են նաեւ նախորդ իշխանությունների ժամանակ` օրինակ բերելով Վազգեն Խաչիկյանին, բայց գաղտնիք չէ, որ նախորդ իշխանությունները «քավության նոխազ» դարձրեցին Խաչիկյանին: Կարծում եք, որ նույն գործելաճով են աշխատո՞ւմ ներկայիս իշխանությունները:
-Ես չգիտեմ, թե այս իշխանությունը որքանով մասնակցություն ունի Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական հետապնդման գործում, որովհետեւ ես այդպիսի տվյալ պետք է ունենամ, որ հայտարարեմ: Գուցե իշխանությունը որեւէ ներդրում չունի այս դատավարության մեջ, այս քրեական հետապնդման մեջ, իսկ եթե ունի, սա այլ հարց է: Բայց ես նորից եմ ասում, ասել, որ սա այս իշխանությունների դրական արձանագրած արդյունքն է, որ, այ տեսե՛ք, իրենք այնքան օբյեկտիվ են, որ արդեն օրենքի առաջ հավասարության սկզբունքը կիրառում են նաեւ յուրայինների նկատմամբ. ես չեմ կարող այդպիսի ավելորդ լավատեսությամբ հանդես գալ:
-Բայց իշխանությունները առողջապահության փոխնախարար են կալանավորել…
-Նախկինում էլ են եղել, կալանավորել են դատավոր, կալանավորել են միլպետ, արդեն ասացի` Վազգեն Խաչիկյանին, որը մինչեւ վերջ իր պատիժը կրեց, այսինքն` սա այս իշխանությունների մենաշնորհը չէ: Ես շատ ուրախ կլինեմ, եթե մեր իշխանությունները գործեն այդ սկզբունքով` մոռանալով, թե նախկինում ինչ է եղել, իրենք իսկապես չխնայեն անգամ յուրայիններին` հիմք ընդունելով օրենքի առաջ հավասար լինելու համընդհանուր սկզբունքը: Բայց ես այս պահին չեմ կարող ասել` դա այդ սկզբունքայնության առումով են անում, թե ներքին գզվռտոցի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՅԴ ՕՐԸ ՇՏԱԲԸ ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ ԷՐ
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը դեռեւս 2008 թվականին՝ մարտի մեկի իրադարձություններից հետո, հայտարարել էր, որ ինքը 2008-ի մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին հանդիպել էր, ու իրենց միջեւ զրույց էր տեղի ունեցել: Ըստ Սաֆարյանի` ինքը Տեր-Պետրոսյանին պատմել է, թե մարտի 1-ին ինչ էր տեղի ունենում Մյասնիկյանի արձանի մոտ` Ֆրանսիական դեսպանատան հարեւանությամբ, ու հավելել. «Քանի որ Դուք եք առաջնորդը, ի՞նչ փոխանցի այնտեղ հավաքված ժողովրդին որպես ուղերձ»:
Ստյոպա Սաֆարյանը պատմել էր, որ ՀԱԿ առաջնորդն ի պատասխան ասել էր. «Ես չգիտեմ, թե ովքեր են հավաքված այնտեղ: Դա իմ ժողովուրդը չէ: Իմ շտաբը այնտեղ որեւէ հավաք չի պլանավորել: Միգուցե սադրիչներ են հավաքվել: Այս պահին իմ շտաբի անդամները փախուստի մեջ են, եւ մինչեւ շտաբը չհավաքվի, որեւէ բան ես չեմ անի»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ Ս. Սաֆարյանն ասաց, որ այդ ժամանակ Տեր-Պետրոսյանին ասել է, որ իրենք Ֆրանսիայի հրապարակ են գնում. «Բայց ասել եմ, որ ինքներդ էլ եք հասկանում, որ մեզ սիրում է ժողովուրդը, մեզ լսում է, բայց մենք չենք շարժման առաջնորդը, Ձեր անունից ի՞նչ փոխանցենք: Ինքն էլ ասել է, որ իմ շտաբը փախուստի մեջ է, չգիտեմ որտեղ են շտաբի անդամները. մենք այնտեղ մարդ չենք հրավիրել, դա մեր ժողովուրդը չէ, մեր հրավիրած ժողովուրդը չէ, ու ես չգիտեմ ինչ ասել»:
Քաղաքագետն ասաց, որ իսկապես այդ հավաքների ժամանակ եղել են սադրիչներ, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ ժամանակ իրենց տեղեկացրել է, որ իրենք Ֆրանսիայի հրապարակ ժողովուրդ չեն հրավիրել: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա իշխանությունների կողմից նախաձեռնած մարտի մեկի հարազատներին աջակցելու օրենքի նախագծին, Սաֆարյանի կարծիքով` այն շատ տեղին է. «Գումարային խնդիրները մի կողմ, սա առաջին հերթին պետության կողմից սեփական մեղքերը քավելու ձեւ է, իմ կարծիքով, որովհետեւ պետությունն անկարող է եղել ապահովել քաղաքացու հիմնարար իրավունքները: Փաշինյանն արդեն ներողություն խնդրեց մարտի մեկի իրադարձություններից տուժածների հարազատներից, ընտանիքներից, իսկ սա արդեն քաղաքական ամրագրումն է այդ փաստի: Այո, այս օրինագիծը սպասված էր, հետեւաբար, կարծում եմ, շատ ճիշտ քայլ է իրավական ու քաղաքական առումով»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՐՃ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ
Երեկ խորհրդարանը քննարկում էր «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին» հաշվետվությունը, որ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նշենք, որ Տ.Հակոբյանին ուղղված հարցերը բազմաթիվ էին, եւ ինքը դրանից զարմացել էր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ինչպես եք վերաբերվում ակտիվ քննարկումներին, նա նշեց. «Շատ լավ, առաջին անգամ է, որ հանձնաժողովի քննարկումներին զեկույցը այդպիսի բուռն քննարկման արժանացավ, ինչը նշանակում է, որ ներկա Ազգային ժողովի պատգամավորները շատ հստակ խնդիրները հա՛մ պատկերացնում են, հա՛մ ուզում են պատկերացնեն, հա՛մ էլ ուզում են օգտակար խորհուրդներ տան»։ Դիտարկմանը՝ այսինքն` նախկինում այդպես չէր, նա նշեց. «Մի երկու հարց էին տալիս, քնացնում էին»։ Հետաքրքիր է, որ կառույցի ղեկավարը կարճ հիշողություն ունի եւ չի հիշում, թե ինչու ամիսներ առաջ, երբ Հեռուստառադիո ընկերության խորհրդի նախագահի ընտրություններին էր մասնակցում, հրաժարական չէր տվել. «Անցավ, դա անցյալ ամիս է։ Ես խոսում եմ ապրիլ ամսվա մասին։ Իմ հիշողությունը շատ կարճ է. երբ ամիսը փոխվում է, մոռանում եմ»։
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետի ազգականին՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Մամիկոն Հովհաննիսյանին, որի դեմ քրեական գործ էր հարուցվել, նախաքննական մարմինը ծանուցագիր է ուղարկել: Նրան, ըստ մեր տեղեկությունների, հրավիրել են հարցաքննության առայժմ վկայի կարգավիճակով: Հիշեցնենք` Մամիկոն Հովհաննիսյանը ՊՈԱԿ փոխտնօրեն է փետրվարից: Նա կասկածվում է փաստաթուղթ կեղծելու մեջ: Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների` պարզվել է, որ այս տարվա փետրվարին նա «Դիլիջան» ազգային պարկի կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կեղծ դիպլոմի պատճեն` «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ, ինժեներ-մեխանիկի որակավորմամբ, եւ նշանակվել է տնօրենի տեղակալ:
ՆՈՐ ԿՈՄԻՏԵ
Հայաստանի կառավարության որոշմամբ` օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով կստեղծվի օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կոմիտե ստեղծելու մասին որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ըստ որոշ տեղեկությունների` կոմիտեն կգլխավորի քաղաավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը: Արդյոք կկանոնակարգվի օդային փոխադրումների ոլորտը այս կոմիտեի ստեղծմամբ` ժամանակը ցույց կտա, բայց ոլորտի մասնագետները դրական սպասելիքներ չունեն: