ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ՝ ԱՆՀԱՅՏ, ՔԱՆԱԿԸ՝ ՓՈՔՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում քննարկվում էր «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի հեղինակները ԱԺ փոխնախագահներ, «Իմ քայլը» խմբակցության անդամներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են։

Այս նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ամիսներ առաջ, սակայն միայն երեկ սկսվեցին քննարկումները։ Մասնավորապես, օրենքում ամրագրված են երկու խումբ անձինք, որոնք կարող են աջակցություն ստանալ։ Օրենքը սահմանում է, որ աջակցություն ստանալու իրավունք ունի այդ օրերի գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը եւ այն անձը, որին նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:
Սակայն հետաքրքիր է, որ այդ աջակցությանը չափ սահմանված չէ։ Եվ նկատենք, որ այս նախագիծը մինչ այս տեսքին լինելը փոփոխվել է, եւ նախկինում փոխհատուցումն էր հիմքում դրված, ինչը հանդիպել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դիմադրությանը, եւ, ի վերջո, որոշվեց այն վերածել աջակցության, սակայն հետաքրքիր է, որ աջակցության ձեւը, չափը եւ տրամադրման կարգը, ինչպես նաեւ աջակցության տրամադրման համար դիմումի ձեւը, կցվող փաստաթղթերի ցանկը եւ քննարկման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
Եվ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք դիմումը կարող են ներկայացնել Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Օրենքն էլ ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Իսկ աջակցության չափն էլ կառավարությունը պետք է որոշի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Եվ մենք տեղեկացանք, որ արդեն այսօր այդ թեմայով կառավարությունում քննարկումներ են սպասվում։
Աջակցության ձեւը, չափը, տրամադրման կարգը, ինչպես նաեւ աջակցության տրամադրման համար դիմումներին կցվող փաստաթղթերի ցանկը եւ քննարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
Ստացվում է՝ նախագծում ամրագրված է, որ տուժած համարվում են միայն այն մարդիկ, որոնք ֆիզիկապես տուժել են այդ դեպքերի ժամանակ։ Եվ դրանց շրջանակն արդեն իսկ նշված է։ Բանն այն է, որ ՀՔԾ-ն տրամադրել է տեղեկանք, որ ծանր վնասվածք է ստացել 63 անձ, եւ նրանց ով լինելը հայտնի է։ Ընդ որում` նրանց թվում կան 13 քաղաքացիական անձ, 20 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող, 29 ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինվորներ։
Սակայն հայտնի է, որ այդ օրը վնասվածքներ են ստացել, սակայն չեն բարձրաձայնել այդ մասին, հալածվել են եւ լուռ են մնացել, սակայն նրանք այս նախագծով չեն համարվելու տուժողներ եւ հետեւաբար չեն կարող աջակցություն ստանալ։ Եվ նախագծի հեղինակներն առաջնորդվելու են հենց այն փաստաթղթով, որը կազմվել է այդ դեպքերից հետո, այսինքն` այդ ցուցակից դուրս էլ կլինեն մարդիկ, որոնք ֆիզիկական վնասվածքներ են ստացել, սակայն չեն ցուցակագրվել, հետեւաբար այդ ցուցակից եւս բացակայում են։ Եվ այս նախագծով խոսք է գնում միայն ֆիզիկական վնաս ստացած եւ այդպես տուժող համարվող մարդկանց մասին, սակայն այդ օրերին եղել են անձինք, որոնք գործազուրկ են դարձել, հետապնդվել, սնանկացել եւ այդ մասով են տուժող, սակայն այս նախագծով այդ նույն մարդիկ եւս ենթակա չեն աջակցություն ստանալու։
Եվ երեկ ԱԺ-ում քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ Լենա Նազարյանը նշել էր, թե աջակցության ձեւը կարող է ֆինանսական չլինել, եւ այդպես էլ չէր մանրամասնել, թե ինչ նկատի ունի` ֆինանսական չլինել ասելով։ Սակայն կառավարությունում այսօր քննարկում է լինելու, եւ շատ հարցերի պատասխաններ կտրվեն հենց այսօր. խոսքը հատկապես աջակցության չափին է վերաբերում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

200 ՀԱՐՑԱՔՆՆՎԱԾ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործով ահռելի մեծ թվով մարդկանց է հարցաքննել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործով հարցաքննվածների թիվը հասել է մոտ 200 հոգու, ընդ որում՝ ՔԿ հրավիրվածները հարցաքննվել են տարբեր կարգավիճակներով՝ ե՛ւ որպես վկա, ե՛ւ որպես կասկածյալ: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ըստ մեզ հասած տեղեկությունների` հարցաքննվել են այն 48 ընկերությունների աշխատակիցները, ղեկավարները, որոնք իրականացրել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը:
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ առերեւույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետեւանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է ավելի քան 23 միլիարդ դրամ:

 

 

ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում քրեական գործ է հարուցվել «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի կապակցությամբ։ Գործը հարուցվել է Քրօր. 178-րդ հոդվածի, 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն։ Հիշեցնենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայով հետաքննություն էր անցկացրել եւ բավական լուրջ հարցեր վեր հանել՝ կասկած հայտնելով, որ ծրագիրը պարզ սցենարով խարդախություն է հիշեցնում: Եւ, ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն էլ առիթ է հանդիսացել, որպեսզի հարուցվի այս քրեական գործը. ՀՀ գլխավոր դատախազության ԶԼՄ մոնիթորինգը ֆիքսել է այն, համապատասխան ընթացք է տվել` ուղարկելով ոստիկանություն: Մենք նաեւ տեղեկացանք, որ նյութերի պատրաստման ընթացքում նաեւ հաղորդումներ են ստացվել: Առայժմ, սակայն, այս գործով չկան մեղադրյալներ: Մինչ այդ հիշեցնենք մեկ փաստ էլ. այս ծրագրի ղեկավար Դերձյանը մեր հրապարակումներից հետո «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել:

 

 

ԴԱՀԿ-Ն ՃՆՇՄԱՆ ՍԱՐՔ Է ՎԱՃԱՌՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հիմա էլ սկսել է բժշկական սարքեր վաճառել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել հեմոդիալեզի եւ արյան շաքարը չափող սարքեր: Օրինակ` հեմոդիալեզի սարքերը օգտագործված են, բայց ստուգված չեն, դրանք թվով 11 հատ են, վաճառվում են մեկ աբողջական լոտով` ավելի քան 1.2 մլն դրամ արժեքով: Իսկ արյան շաքարը չափող սարքերը, որոնք 26 հատ են, արտադրված են ԱՄՆ-ում, նոր են, ստուգված չեն: Այդ չափիչ սարքերի ընթացիկ առաջարկը կազմում է 33 հազար դրամ: Հետաքրքիր է, թե ումից կամ որ ընկերությունից է ԴԱՀԿ-ն այս բժշկական սարքերը բռնագրավել:

 

 

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՊՐՈՒՄ
«Հայաստանի գյուղատնտեսությունը դժվարություններ է ապրում»,-ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին: Նրա խոսքով` դժվարությունները կապված են շուկաների հասանելիության հետ, եկամուտների ցածր մակարդակի եւ բիզնեսի իրականացման այլ խնդիրների հետ: Նա ընդգծել է, որ չնայած դրան, գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցության արդյունքում հաջողվել է գյուղական շրջաններում կյանքի որակի բարելավման հասնել: Դիվանագետն ասել է, որ Հայաստանը ներմուծել է 120 հազար տոննա գյուղմթերք` նախորդ տարվա համեմատ գրանցելով 17 տոկոս աճ: «ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանում ագրոբիզնեսի զարգացմանը, որպեսզի մարդիկ կարողանան հաստատվել տեղում եւ զարգանան»,- շեշտել է ԱՄՆ դեսպանը:

 

 

ՊԱՏԺԻՉ ԲՆՈՒՅԹ
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի եւ խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի` Հատուկ քննչական ծառայության կողմից միջնորդություններ ներկայացնելիս որպես հիմնավորում նշվում է, թե Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի գործի քննությանը»,-այս մասին ասել է Ռ. Քոչարյանի պաշտպանական խումբը: «Քրեական գործի հարուցումից անցել է շուրջ 9 ամիս, եւ այս ողջ ընթացքում կալանքի երկարացման վերաբերյալ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացնելիս պարբերաբար անդրադարձ է կատարվում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, ազդեցիկ կապերին, ինչով էլ փորձ է արվում հիմնավորել կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Այս փաստը գալիս է եւս մեկ անգամ հաստատելու, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի կիրառումը կրում է պատժիչ բնույթ»,-ասված է հայտարարության մեջ:

 

 

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵՑ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդությունը մերժվել է: Նման որոշում կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Մարինե Մելքոնյանը: Նշենք, որ այս ամիսների ընթացքում ներկայացված գրավի բոլոր միջնորդությունները, ըստ էության, քննել է հենց այս դատավորը եւ մերժման որոշում կայացրել: Դատավորներից միայն Դավիթ Բալայանն էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի: Մ. Գրիգորյանը գտվում է կալանքի տակ, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ
Հայաստանի Հանրապետության անձնագրի վարկանիշը վերջին 3-4 տարիներին ակտիվորեն բարձրանում է. այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք մտահոգություն են հայտնել, որ տարածաշրջանի երկրների վարկանիշում հայկական անձնագիրը զգալիորեն զիջում է: Հովհաննիսյանը նշել է, որ Վրաստանը միայն որոշ չափով առաջ է անցել Հայաստանից` հաշվի առնելով ԵՄ հետ նոր արտոնագրային ռեժիմը: «Սակայն ես ցանկանում եմ նշել, որ մենք շատ չենք զիջում նրանց: Ըստ փոխնախարարի` վերջին 3-4 տարիներին տվյալ ուղղությամբ դրական դինամիկա կա, քանի որ Հայաստանը սկսել է տարբեր երկրների հետ ավելի հեշտ վիզային ռեժիմներ ստանալ:




Լրահոս