ԿԱՐՏՈՖԻԼԸ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ, ՀԵՏՈ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻՆ ԵՆ ԿԵՐԱԿՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումը՝ տնային տնտեսությունների կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացման ծավալների վերաբերյալ, ուշագրավ փաստեր է բացահայտում: Այս փաստաթղթից պարզ է դառնում, թե 2017 եւ 2018 թվականներին Հայաստանում որքան կարտոֆիլ, միս, կաթ, մեղր է իրացվել, եւ դրանց մնացորդը որքան է կազմում տնային տնտեսություններում: Պարզվում է` Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի բնակիչները կարտոֆիլը հավաքում են, բայց մեծ մասը չկարողանալով իրացնել` պահեստավորում են:

Օրինակ, 2018 թվականին Հայաստանում կարտոֆիլի իրացման ծավալները 2017 թվականի համեմատ պակասել են: Այսինքն` անցած տարի 9.8 տոկոսով կարտոֆիլ քիչ է վաճառվել: Հիմնականում կարոտֆիլ քիչ են վաճառել Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի բնակիչները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կարտոֆիլի բերքի 39.2 տոկոսը վաճառվել է, 19.5-ը` օգտագործվել, իսկ 32.7 տոկոսը կազմել է տնտեսությունում առկա մնացորդը: Ստացվում է, որ պահեստավորած կարտոֆիլով հարուստ մարզերն են Արագածոտնը, Լոռին, Գեղարքունիքը, Շիրակը, Կոտայքը, Տավուշը:
Ինչպես հայտնի է, Հայաստանում կարտոֆիլագործությամբ զբաղվող հիմնական շրջաններն են Գեղարքունիքը, Շիրակը եւ Սյունիքը: Նախորդ տարի գյուղացիական տնտեսությունների մեծ մասը հույս ունեին, որ պահեստավորած կարտոֆիլն ավելի թանկ գնով կվաճառեն, բայց նրանց ակնկալիքներն այդպես էլ չարդարացան: Արդյունքում գյուղացիների մեծ մասը պահեստավորած կարտոֆիլը անասուններին է կերակրել:
ՀՀ Շիրակի մարզի Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրացման խնդրի պատճառով իրենց գյուղում 30 տոկոսով քիչ է կարտոֆիլ մշակվել: «Մարդիկ վախենում էին, որ չեն կարող վաճառել, դրա համար էլ չցանեցին: Բայց նախորդ տարվա ընթացքում կարտոֆիլի փտախտ հիվանդությունն առաջացավ, որի դեմ դեղը բավականին թանկ էր: Ով կարողացավ թունաքիմիկատը ձեռք բերեց, սրսկեց, պաշտպանեց, բայց մի մասը չկարողացավ: Բերքի ծավալներն էլ պակասեցին` 20-22 տոննա հավաքվեց: Մինչդեռ 2016-2017 թվականներին 51 տոննա կարտոֆիլ է հավաքվել գյուղից»,- նկատեց գյուղապետը: Պարզվում է` Գետքում կարտոֆիլի սերմացուի լուրջ խնդիր կա. «Կարտոֆիլը, որը պետք է պահեին որպես սերմացու, անասուններին տվեցին: Կարտոֆիլի գները որ էժան էին, մարդիկ էլ որոշեցին ծախս չանել եւ կարտոֆիլ չցանել: Բայց քանի որ այս տարի կարտոֆիլը թանկ է, շատերն են ուզում մշակել, բայց սերմացու չունեն. սերմացուն ով կարողանում է ծանոթ, բարեկամ գտնել, ապառիկով է վերցնում: Գումար չկա, չունեն, նիսյա է»:
Ամեն տարի, երբ Հայաստանում սկսվում է բերքահավաքը, գյուղացիներն իրենց աճեցրած բերքն իրացնելու խնդրի հետ են բախվում: Մշտապես նույն պատկերին ենք ականատես լինում: Փորձը ցույց է տվել, որ մինչեւ հիմա գյուղացին ինքնուրույն է լուծել բերքի իրացման խնդիրը: Բացի այս, գյուղացին հասկացել է, որ հող մշակելով ոչ մի օգուտ չի ստանում, այլ միայն վնաս է կրում: Հող մշակելը դարձել է թանկ հաճույք, ինչի համար մեծ ծախսեր են պահանջվում, որի հնարավորությունն այսօր վարկերի տակ կքած գյուղացին չունի:
Օրինակ` անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել ու հավաքել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Եթե անցած տարի մեր երկրում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 415 հազար 100 տոննա, ապա 2017-ին հավաքվել է 547 հազար 400 տոննա կարտոֆիլ, իսկ 2014թ.-ին` 696 հազար 100 տոննա կարտոֆիլ: Սա, թերեւս, մտահոգիչ է, քանի որ այս տեմպերով գնալու դեպքում ոչ միայն այս, այլեւ հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ շատ քիչ զբաղվել:
Կառավարությունը ոչ մի պայման չի ստեղծում գյուղացու հոգսը թեթեւացնելու ուղղությամբ: Գյուղացին թանկ գնով ձեռք է բերում սերմացուն, ծախս անելով` հող է մշակում, բայց հավաքելով բերքը` չի կարողանում խելամիտ գնով իրացնել: Ու եթե փոքր տնտեսությունների դեպքում խնդիրն ինչ-որ կերպ լուծելի է, քանի որ մարդիկ շուկաներում կարող են կիլոգրամ-կիլոգրամ իրացնել իրենց բերքը, ապա ֆերմերների դեպքում, որոնք 10 կամ 20 տոննա կարտոֆիլի բերք են ստացել, լուրջ խնդիր է առաջանում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մթերման հարցերով չի զբաղվում` հիմնավորելով, որ ազատ մրցակցային շուկա է, եւ իրավունք չունի գնային քաղաքականություն սահմանել եւ այն վերահսկել, իսկ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն էլ ի զորու չէ շուկա գտնել հայ ֆերմերների համար: Այս հարցը երկար տարիներ մնում է անլուծելի, մինչդեռ գյուղատնտեսության նախարարությունը կարող էր գոնե կազմակերպչական աշխատանքներն իրականացնել, մարզային իշխանությունների հետ համագործակցելով` կազմակերպել գյուղատնտեսական աշխատանքը` ցանքից սկսած մինչեւ իրացում:
Սակայն գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Շուտով` մայիս ամսից, կսկսենք ցանքերի վերաբերյալ մարզերից օպերատիվ տեղեկություններ ճշտել` Արագածոտնում որքան կարտոֆիլ, Շիրակում, Գեղարքունիքում ինչքան գարնանացան է կատարվել` ըստ տեսակների: Մենք նաեւ հավաքագրում ենք մարզերից, թե ինչ են կանխատեսում ակնկալվող բերքի վերաբերյալ»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 2 հազար 22 տոննա կարտոֆիլ, իսկ 2017-ին` 2 հազար 48 տոննա կարտոֆիլ: Արդյունքում ներքին շուկան հագեցվում է ներկրված կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլն էլ չի իրացվում. մեծ ծախսեր կատարած գյուղացիները վնասներ են կրում եւ տարեցտարի հրաժարվում են կարտոֆիլ մշակելուց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ԳՈԼՖԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇ

Հայաստանում սկսում է զարգանալ գոլֆ սպորտաձեւը, սակայն որոշ հանգամանքներ դանդաղեցնում են այս մարզաձեւի զարգացումը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստանի ազգային գոլֆի» ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, գոլֆը Հայաստանում մասսայականություն վայելո՞ւմ է:
-Չեմ կարող ասել, որ վայելում է մասսայականություն, բայց կասեմ, որ մենք այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում եւ ամեն ինչ անում ենք, որ սպորտաձեւը զարգանա Հայաստանում: Առաջիկայում կմասնակցենք Համահայկական խաղերին, եւ դա մեծ ձեռքբերում է: Գոլֆն արդեն համարվում է օլիմպիական մարզաձեւ, սակայն, ցավոք, Հայաստանը չունի օլիմպիական վարկանիշ եւ չի մասնակցի Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:
-Շա՞տ են գոլֆով զբաղվողները:
-Կարող եմ ասել, որ հիմա Հայաստանում գոլֆով զբաղվում են մոտավոր 100 մարզիկներ բոլոր տարիքային խմբերից, ինչպես նաեւ տղամարդկանց եւ կանանց ենթախմբերը միասին վերցված: Հայաստանում կա ընդամենը գոլֆի մեկ մարզադպրոց, եւ հենց մարզադպրոցների պակասն էլ է, որ գոլֆը մեր երկրում մասսայականություն չի վայելում: Կարող եմ նշել նաեւ, որ արտերկրում ունենք մարզիկներ, ովքեր ցանկանում են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:
-Մարզվելու պայմաններն ինչպիսի՞ն են:
-Մարտից մինչեւ նոյեմբերի վերջ մարզումները անցկացվում են բացօթյա, իսկ դրանից հետո արդեն դահլիճում`մարզադպրոցում: Մենք ստեղծել ենք ներսում մարզվելու պայմաններ:
-Պետության կողմից աջակցություն կա՞:
-Ոչ, պետությունը մեզ չի ֆինանսավորում, եւ մրցումներին, ինչպես նաեւ ուսումնամարզական հավաքներին մենք մասնակցում ենք միայն մեր շնորհիվ: Մենք այդ հարցով դիմել ենք, սակայն ստացել ենք բացասական պատասխան: Գոլֆը գրանցված է այն սպորտաձեւերի շարքում, որոնք պետք է ստանան պետական աջակցություն, սակայն մեզ տեղեկացրել են, որ ֆեդերացիաներին տրվող գումարը սահմանափակ է, եւ մարզաձեւը կֆինանսավորվի միայն այն ժամանակ, երբ կառավարությունը կբարձրացնի ֆինանսի չափը: Մենք վերջերս պետությանը դիմել ենք նաեւ այլ հարցով: Խոսքը այն հայազգի մարզիկների մասին է, ովքեր արտերկրում են եւ ցանկանում են դառնալ Հայաստանի հավաքականի անդամ: Մենք այդ հարցին էլ չենք ստացել դրական պատասխան եւ ցանկանում ենք եւս մեկ անգամ դիմել: Խնդիրն այն է, որ այդ մարզիկները կնպաստեն Հայաստանում գոլֆի զարգացմանը, ինչպես նաեւ կուժեղացնեն հավաքականը, սակայն դրա համար հարկավոր է, որ ստանան քաղաքացիություն:

Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս