ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՇՏԵՑՐԵԼ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ խորհրդարանում կրքերը շատ թեժացան, երբ օրենսդիրները սկսեցին քննարկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների միջեւ լեզվակռիվ սկսվեց. ԲՀԿ-ականները իշխանություններին մեղադրեցին Հայաստանում բիզնես գործունեությունը ճնշելու համար: ԱԺ-ում իրավիճակն այնքան թեժացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ստիպված եղան նստել մեկ սեղանի շուրջ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետն ու Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննարկել են «Արարատ ցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը. «Հանդիպմանը քննարկվել են օրակարգային հարցեր, դրանց թվում՝ կառավարություն-խորհրդարան հարաբերությունները, «Արարատ ցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը, ներդրումային միջավայրին առնչվող հարցեր»:
Նշենք նաեւ, որ օրինագծերով կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել՝ 22 հազար դրամ, իսկ ցեմենտի հումքից (կլինկերից) հանել հարկումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Փաշինյան-Ծառուկյան հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում: Ըստ մեր տեղեկությունների՝ Գ. Ծառուկյանը դժգոհել է Փաշինյանին խորհրդարան բերված նախագծից ու հայտնել, որ անիմաստ է ցեմենտի տուրք մտցնելը, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի հումքի արտադրությանը։ Ն. Փաշինյանից Ծառուկյանը փորձել է հասկանալ հարցի հետ կապված նրա դիրքորոշումը, սակայն Փաշինյանն ասել է, որ այդ հարցում պետք է ընդհանուր եզրակացության գալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ քննարկումների միջոցով:
Ըստ մեր տեղեկությունների՝ Ն. Փաշինյանը Ծառուկյանին հորդորել է իմքայլականների հետ նստել մեկ սեղանի շուրջ ու ընդհանուր եզրակացության գալ, սակայն Գ. Ծառուկյանը նշել է, որ այդ խմբակցության պատգամավորներն արդեն անցել են անձնական վիրավորանքի դաշտ, ու, կարծես թե, որեւէ կերպ իրենց հետ համաձայնության գալը դառնում է անհնարին: Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ այդ հարցում ինքը կփորձի օգնել ԲՀԿ առաջնորդին՝ պատգամավորներին հորդորելով իրենց ելույթներում չանցնել անթույլատրելիի սահմանը:
Հանդիպումն ավարտվել է «ջան ու ջիգյարի» սահմաններում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Փաշինյանն իր խոստումը պահել է ու «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների միջոցով հորդորել է պահել կոռեկտության սահմանները եւ իրենց ելույթներում չվիրավորել Գ. Ծառուկյանին եւ իր ղեկավարած խմբակցության պատգամավորներին: Ու դա էր պատճառը, որ Փաշինյան-Ծառուկյան հանդիպմանը հաջորդած նիստում պատգամավորները՝ ի դեմս Հայկ Սարգսյանի, շատ կոռեկտ էին ելույթներ ունենում, ավելին՝ հայտարարում էին, թե Գ. Ծառուկյանը միակ սեփականատերն է, որ իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր ունի նման գործարան:
Անհասկանալի է մնում այն հարցը, թե, ի վերջո, ինչ տվեց Ծառուկյանին այդ հանդիպումը, քանի որ իշխանությունը որեւէ փոփոխություն չարեց այն նախագծում, որից դժգոհ էին ԲՀԿ-ականները, ավելին՝ այն քվեարկվեց ու ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կարելի է ենթադրել, որ հանդիպումը որեւէ պտուղ չտվեց Ծառուկյանին բիզնես-գործունեության առումով, սակայն գուցե այս հանդիպմամբ Ծառուկյանը ցանկանում էր ընդգծել իր եւ «վարչապետ ջան»-ի լավ հարաբերություններն ու ապացուցել, որ ցանկացած պարագայում էլ ինքը կարող է հանդիպում ունենալ Հայաստանի «առաջին դեմքի» հետ ու անձամբ զրուցել նրա հետ իրեն առնչվող խնդիրների մասին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՏԱՐԲԵՐՎՈՂՆԵՐԸ
Երեկ` առավոտյան, իշխանական վերնախավը այցելել էր Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի կոտորածից զոհվածների հիշատակին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հուշահամալիր էին այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ եւ պատգամավորներ: Սակայն հետաքրքիր է, որ երկու պաշտոնյա, այն էլ` ուժային ոլորտի ներկայացուցիչներ, գերադասել էին իրենց աշխատակիցների հետ առանձին այցելել Ծիծեռնակաբերդ` մեկը` վաղ առավոտյան, մյուսը` վարչապետի այցից հետո: Խոսքը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասին է, որն այցելել էր Ծիծեռնակաբերդ առավոտյան 8-ին, եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասին, որն էլ Ծիծեռնակաբերդ եկավ համակարգի աշխատակիցների հետ վարչապետի գնալուց հետո:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում երկու աղմկահարույց օրենքների հետ կապված հարցեր են: Մեկը վերաբերում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին: Այսօր` մինչեւ հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելը, հանձնաժողովում առաջարկվելու է ձեւավորել աշխատանքային խումբ, եւ հարցն էլ ներկայացնելու է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Ինչպես հայտնի է, խոսքը ցեմենտի պետտուրքի բարձրացման մասին է, եւ այս նախագծի շուրջ խորհրդարանում թեժ քննարկումներ էին եղել հատկապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ: Իսկ, ահա, երկրորդ հարցը վերաբերում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծին, եւ կրկին Բաբկեն Թունյանն այսօր կառաջարկի ներկայացնել այս հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու հարցը:

 

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ ՊԱՐՏՎԵՑ
Դեռեւս 2018 թվականին դատական հայց էին ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր` նոտար Աննա Աբրահամյանի դեմ: 2018թ. օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի 2018-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը եւ պարտավորեցնել, որպես հետեւանք, ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը որոշել է «Երեւան» նոտարական տարածքի նոտար Աննա Աբրահամյանի մերժման որոշումը ոչ իրավաչափ ճանաչել: Դատարանը որոշել է, որպես հետեւանք, կատարել հայցվորի հայցվող գործողությունը, այն է` պարտավորությունը ժառանգությունն ընդունած ժառանգի ժառանգության վկայագրում գրանցելուն պարտավորեցնելու պահանջը:

 

 

ՏՈՆԵԼՈՒ Է
ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը Հրազդանում է տոնելու Քաղաքացու օրը: «Հրազդանում դուրս եմ գալու, խորովածն էլ… միս չճարեմ, կարտոշկա կուտեմ: Առաջին անգամ հաղթանակ է տարել ժողովուրդը մեր նորագույն պատմության մեջ, իր օրն է նշելու»,- ասել է Ս. Միքայելյանը: Անդրադառնալով ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի ակտիվացմանը` Սասուն Միքայելյանը խորհուրդ է տվել ՀՀԿ-ին գնալ պատմության գիրկը: «Գա, ի՞նչ անի, ժողովրդի արյո՞ւնը խմի. մենակ դա է մնացել»,-ասել է նա: ԵԿՄ նախագահի խոսքով` Երկրապահ կամավորականների միության շարքերը համալրելու 550-ից ավելի դիմում է եղել վերջին մեկ ամվսա ընթացքում: «550 հոգի դիմում է գրել: Հո չե՞մ ստիպել. դա վերացել է, նման բան չի կարող լինել այսօր: Ես հայտարարել եմ, որ, անկախ կուսակցական պատկանելիությունից, եթե մարդը պատերազմ անցած մարդ է, պետք է ազատ մտնի Երկրապահ, դուրս գա. դա իր ընտանիքն է, իր տունը, իր սարքածը, դա ոչ մի անհատինը չէ: Երկրապահն արյան ու կյանքերի գնով է ձեւավորվել»,-ասել է նա:

 

 

ԹՐԱՄՓՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց մեծ եղեռնի օրվա առթիվ ուղերձ է հղել` նշելով. «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը եւ հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագությունների ժամանակ: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ եւ կես միլիոն հայեր արտաքսվեցին, կոտորվեցին եւ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Այս հիշատակի օրվա կապակցությամբ ես կրկին միանում եմ Ամերիկայի հայ համայնքին եւ համայն աշխարհի հայությանը՝ սգալով բազմաթիվ անմեղ զոհերի հիշատակը»։ Նա միաժամանակ արձանագրել է. «Մենք հանձնառու ենք սերտել անցյալ ողբերգությունների դասերը, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը։ Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու` հայերի եւ թուրքերի ջանքերը։ Մենք կանգնած ենք Հայ ժողովրդի կողքին՝ ոգեկոչելով Մեծ եղեռնի ժամանակ կորսված կյանքերը, եւ վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու ավելի խաղաղ աշխարհ»։

 

 

ԱՄՆ-Ն ՉԻ ԺԽՏՈՒՄ
«Միացյալ Նահանգներն այս պատմական իրողությունը չի ժխտում»,- Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Նա նշել է, որ 1915թ. տեղի ունեցածը 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկն է: «Այսօր մենք հիշատակի եւ հարգանքի տուրք ենք մատուցում: Միացյալ Նահանգներում իմ հաստատման լսումների ժամանակ ես նշել եմ, որ Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում, եւ այն, ինչ տեղի է ունեցել 1915թ., դա 20-րդ դարի խոշորագույն, վատթարագույն վայրագություններից մեկն է: Եվ մեզ շարունակում է ոգեւորել տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»,-ասել է դեսպանը:

 

 

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
«Հեռուստատեսությամբ ես լսում էի իմ «Ռեքվիեմ»-ը` Հանրային հեռուստատեսությամբ. հիմա ասում եմ՝ այդ ձայնագրությունը քանի տարի է` գոյություն ունի, ինչո՞ւ չէր հաղորդվում, ինչո՞ւ պետք է միայն այս տարի հնչեր»,-ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: «Ես սա բացատրում եմ նրանով, որ երկրում բան է փոխվել, եւ սա ես չեմ ասում, որովհետեւ նվաստացած եմ եղել կամ դժվարություններ եմ ունեցել անկախության տարիներին, ո՛չ, բոլորովին, սա ահավասիկ փոքրիկ փաստ է, որն ինձ մտածել է տալիս»,-ասել է նա: Հարցին, թե ինչպես է գնահատում երկրում տեղի ունեցած փոփոխությունները մշակույթի ոլորտում, Մանսուրյանը նկատել է, որ դեռ ոչինչ էլ չի կատարվել. «Խոստացել են կատարել, բայց դեռ ոչինչ չի կատարվել»:




Լրահոս