ՄԻ ՓԻԼՈՆԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ին Հայրապետական թեմը փիլոնազուրկ հռչակեց Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանին, որը ԼԳԲՏ համայնքի դեմ ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ցույցի ակտիվ մասնակիցներից էր, ավելին` առավել քան ագրեսիվ էր իր ելույթներում ու պահվածքում` թույլ տալով ոչ կոռեկտ հայտարարություններ, խախտել էր հոգեւորականի քաղաքական չեզոքության սկզբունքը, իր խոսքերում թույլ տվել քաղաքական հայտարարություններ:

Տեղի ունեցածից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի փաստեր առանձնացրեց՝ կապված փիլոնազրկության դեպքերի հետ: Մասնավորապես, մենք արձանագրել էինք, որ.
1. չի եղել որեւէ նման դեպք, որ հոգեւորականը փիլոնազուրկ հռչակվի թեմի կողմից. դա միշտ արվում է Մայր Աթոռի կողմից։ Այստեղ, ինչպես տեսնում ենք, պատկերն այլ է։
2. Նման դեպքերում հոգեւորականի հարցով զբաղվում է նաեւ կարգապահական հանձնախումբը:
3. Երբեք փիլոնազուրկ չի արվում մեկ շաբաթ ժամկետով. փիլոնազուրկ անում են նվազագույնը 6 ամիս ժամկետով կամ անժամկետ։
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ անդրադարձել էր այն հարցին, թե ինչու տեր Ղազարը այս հարցի մասին իր վրդովմունքը չէր հայտնել ավելի շուտ՝ դեռ 2015թ.-ին, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել են եւ նրան տվել Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ Լիլիթ Մարտիրոսյանին տված անձնագրում սեռը նշված է եղել արական։
Մեր հրապարակումից հետո Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը պարզաբանում էր ուղարկել` նշելով, որ թեմերում սպասավորող քահանաներին փիլոնազուրկ անելու պատասխանատվությունը, կարգապահական բոլոր միջոցառումների իրականացումը, բացի կարգալուծությունից, կանոնական բոլոր սկզբունքների համաձայն, կատարվում է թեմակալ առաջնորդների կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը փիլոնազուրկ հայտարարելու երեւույթի հետ կապված մի քանի հարց է ուղղել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ՝ պարզելու, թե Գարեգին Բ-ի օրոք քանի փիլոնազրկության դեպք է գրանցվել, եւ դրանցից քանիսն են արվել թեմերի կողմից: Հարկ է նշել, որ Մայր Աթոռից ստացանք, մեղմ ասած, ոչ սպառիչ եւ իրարամերժ պատասխաններ: Պատասխանի մեջ մասնավորապես ասված էր. «Փիլոնազրկությունների վերաբերյալ ամբողջական վիճակագրություն Մայր Աթոռում չի պահպանվում. յուրաքանչյուր թեմ առանձնաբար է դա կատարում: Մայր Աթոռի եւ թեմերի կողմից կատարված փիլոնազրկությունների համամասնությունը եւս լիարժեքորեն վիճակագրված չէ: Վերջին ամենաթարմ օրինակը Գերշ. Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանի կողմից Տ. Աթանաս վրդ. Մովսիսյանին տրված փիլոնազրկման հրամանն էր»:
Մայր Աթոռը բերում է հայր Աթանասի օրինակը, որը փիլոնազուրկ է արվել անժամկետ: Վերջինիս փիլոնազրկությունը կապված է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման հետ: Բազմիցս է խոսվել այն մասին, որ դա եղել է կաթողիկոսի հորդորով: Ավելին՝ ի սկզբանե դրված է եղել նրան կարգալույծ անելու հարցը, սակայն Պարգեւ սրբազանի հորդորով` նման բան տեղի չի ունեցել: Բացի դա, նույնիսկ եթե թեմերի առաջնորդները ինքնուրույն են անում փիլոնազրկություն, նրանք պարտավոր են համապատասխան զեկուցագիրն ուղարկել Մայր Աթոռի դիվանատուն եթե ոչ անմիջապես փիլոնազրկությունից հետո, ապա գոնե իրենց տարեկան տեղեկագրերի մեջ, որոնք կանոնավոր կերպով ուղարկվում են Մայր Աթոռ:
Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ՝ դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների բաժնում կա հոգեւորականների հարցերով զբաղվող գրասենյակ, որտեղ պահվում են բոլոր հոգեւորականների անձնական գործերը, եւ հոգեւորականին տված յուրաքանչյուր պատիվ կցվում է այդ գործերին: Այսինքն՝ այս փաստերը բացառում են այն պնդումը, որ Մայր Աթոռը չունի վիճակագրություն` փիլոնազրկության հետ կապված: Բացի դրանից, Տեր Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան հայրապետական թեմի հոգեւորական է: Թեմի անվանումը արդեն հուշում է, որ այդ թեմի դե յուրե առաջնորդը կաթողիկոսն է, իսկ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ընդամենը առաջնորդական փոխանորդ է: Հետեւաբար, չէր կարող այդ թեմում նման կարգապահական տնօրինություն լինել առանց կաթողիկոսի ցուցումները նախապես ստանալու:
Խուսափողական պատասխան է տրվել նաեւ մեր տված երրորդ հարցին, որով խնդրել էինք նշել, թե որքան է եղել փիլոնազրկության ամենակարճ ժամկետը այսքան ժամանակ: «Ինչպես սույն հարցի հետ կապված մեր նախորդ պարզաբանման մեջ նշել էինք, չկա կանոնականորեն սահմանված ժամկետներ փիլոնազրկման համար, այլ այն վճռվում է հրաման կայացնողի կողմից»,- ասված է հարցման պատասխանում:
Հարկ ենք համարում նշել, որ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է պնդել, որ նման կարճաժամկետ փիլոնազրկության դեպք տեղի չի ունեցել, եւ տեր Ղազարի փիլոնազրկությունը կրել է ձեւական բնույթ, եւ վերջինիս գործողությունները տեղի են ունեցել Մայր Աթոռի համաձայնությամբ:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 

ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ապրիլի 22-ին որոշում է ընդունել մինչեւ մրցույթով «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Վազգեն Մարգարյանին այդ բուժհիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակելու մասին: Իջեւանի ԲԿ-ի նախորդ տնօրեն Ռուզաննա Գրիգորյանին մարզպետ Հ. Չոբանյանն աշխատանքից ազատել էր այս տարվա փետրվարի 18-ին: Ռ. Գրիգորյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել էր կողմերի համաձայնությամբ: Իջեւան քաղաքում տարածված խոսակցությունների համաձայն` Ռ. Գրիգորյանին աշխատանքից ազատելու առիթ էր հանդիսացել այն, որ նա բժշկական կենտրոնի աշխատակիցներին արհմիության ժողով անցկացնելու համար տարածք չէր տրամադրել: 2019թ. ապրիլի 22-ին մարզպետ Չոբանյանը Իջեւանի ԲԿ անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Մարգարյանին, հույս հայտնել, որ վերջինիս կողմից իրականացվելիք աշխատանքները նպաստելու են բուժծառայությունների որակի բարձրացմանը, հիվանդանոցում բոլոր պայմանների բարելավմանը, տարբեր խնդիրների կանոնակարգմանը: Իջեւանի ԲԿ-ի աշխատակիցների մեծ մասը ծանոթ են 61-ամյա Վազգեն Մարգարյանին, քանի որ նա 2013-2015 թվականներին ղեկավարել է այդ բուժհիմնակը: 2013թ. հոկտեմբերի 1-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Վ. Մարգարյանին նշանակել է Իջեւանի ԲԿ-ի տնօրեն, սակայն 2014թ. դեկտեմբերի 8-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Վազգեն Մարգարյանին կարգապահական տույժի էր ենթարկել: Մարզպետ Աբովյանը, հիմք ընդունելով Տավուշի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի 2014թ. դեկտեմբերի 3-ի աուդիտորական հաշվետվությունը եւ հաշվի առնելով Վ. Մարգարյանի բացատրությունը, կարգադրել է աշխատանքում լուրջ թերությունների եւ խախտումների համար «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վ. Մարգարյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը` վերջինիս կարգադրելով 15 օրվա ընթացքում վերացնել հայտնաբերված թերություններն ու խախտումները եւ այդ մասին տեղեկատվություն ներկայացնել: 2015թ. հունվարի 23-ին մարզպետ Աբովյանը որոշում է ընդունել Վ. Մարգարյանին ազատել Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Վազգեն Մարգարյանի նկատմամբ ֆինանսատնտեսական խախտումների համար քրեական գործ էր հարուցվել: Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում կատարված քննության արդյունքում այդ քրեական գործը կարճվել է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐՆ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ ԵՆ
ՀՀ Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն գյուղերում հունիսի 9-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Նշենք, որ Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը փետրվարի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պարզվում է` Վարդանաշենի գյուղապետ Արթուր Մանուկյանն էլ է Հայաստանից մեկնել արտերկրում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Նա հրաժարականի դիմումը ներկայացրել էր մարտի 5-ին: Արթուր Մանուկյանը 10 տարի ղեկավարել է Վարդանաշեն համայնքը: Ի դեպ, նախորդ տարվա վերջին ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանի գործելաոճից գյուղի բնակիչները դժգոհում էին, իսկ գյուղում լարված վիճակ էր ստեղծվել: Եւ Արթուր Մանուկյանը դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 28-ին էր իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրել համայնքի ավագանուն. այն բավարարվել էր: Բայց փետրվարի 17-ին այս համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ. առաջադրված թեկնածուներից է եղել նաեւ հրաժարականի դիմում ներկայացրած Արթուր Մանուկյանը, որը, հավաքելով բավարար ձայներ, վերընտրվել է գյուղապետի պաշտոնում: Վարդաշենցիների պատմելով` Արթուր Մանուկյանի գտնվելու վայրը հայտնի չէ, հարազատներն այդ մասին չեն խոսում: Պատմում են, որ կինն առողջական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով էլ երկրից դուրս են գնացել:

 

 

ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԷԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ
ՀՀ կառավարությունը 2019 թվականին մի շարք դեսպանությունների եւ հյուպատոսությունների պահպանման նպատակով Արտաքին գործերի նախարարությանը գումար կտրամադրի: Խոսքը 347 մլն 522 հազար 400 դրամի կամ 714 հազար 300 դոլարի մասին է: Ըստ ԱԳՆ-ի` նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին, եւ նրանց մի մասը` Վատիկանում, Ժնեւում եւ Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները, իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից: Ի դեպ, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսն իր վրա էր վերցրել նաեւ Գլխավոր հյուպատոսության անձնակազմի պարտադիր ապահովագրական ծախսերը: Պարզվում է` այս ծախսերը ԱԳՆ բյուջետային հայտում ներառված չեն եղել, եւ բյուջեից գումարներ չեն հատկացվել: Եւ քանի որ անցած տարվա մայիսից ի վեր արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, առաջացել է այդ ծախսերը պետական բյուջեից ապահովելու անհրաժեշտությունը:

Ս. Հ.




Լրահոս