«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նա անդրադարձել է իր անվան շուրջ հյուսվող բամբասանքներին, նշել, որ եղել են մտերիմ մարդիկ, որոնք իրեն հիասթափեցրել են, եւ որոնց անհետ ջնջել է իր կյանքից: Երգչուհին խոսել է նաեւ իր բնավորության անտանելի գծերից եւ առավելություններից: Նա խոստովանել է, որ շուտ է բռնկվում, բայց կյանքը սովորեցրել է ավելի թեթեւ նայել ինչ-ինչ հարցերի:
-Սոնա՛, օրվա ո՞ր ժամին եք Ձեզ զգում ինչպես ձուկը ջրում:
-Օրվա երկրորդ կեսին, ավելի կոնկրետ՝ երեկոյան, ավելի լավ եմ զգում:
-Երբ տրամադրություն չեք ունենում, ո՞վ կարող է Ձեզ սփոփել:
-Միայն իմ բալիկը, բայց ասեմ, որ սովորաբար, երբ տրամադրություն չեմ ունենում, ցույց չեմ տալիս դա:
-Շատ հարազատ մարդիկ երբեւէ հիասթափեցրե՞լ են Ձեզ:
-Այո, եղել են այդպիսի մարդիկ: Ես ուղղակի ջնջել եմ նրանց իմ կյանքից:
-Կյանքի այս էտապում ինչի՞ց եք վախենում:
-Երեւի ոչ մի բանից. ինձ ուժեղ մարդ եմ համարում: Բայց, այնուամենայնիվ, պատերազմներից ու հարազատ մարդկանց կորստից վախենում եմ:
-Ունե՞ք այնպիսի մի տաղանդ, որի մասին քչերը գիտեն:
-Այո, ես շատ լավ եմ խաղում ֆուտբոլ: Հորեղբայրս ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է, այնպես որ, ունակություններս նրանից եմ ժառանգել: Եթե երգչուհի չդառնայի, գուցե եւ ֆուտբոլիստ լինեի:
-Ձեր անձի շուրջ հյուսված ամենազվարճալի բամբասանքը, որ երբեւէ լսել եք:
-Ասում են, թե կեղծել եմ ամուսնությունս, թե ոչ մի ամուսին էլ չունեմ, բայց ես կարող եմ ասել, որ դա սուտ է, ես ամուսնացած եմ, երջանիկ եմ: Պարզապես չեմ սիրում իմ անձնական կյանքը հանրայնացնել: Հարազատներս գիտեն իմ կյանքի մանրամասները, այդքանն ինձ բավական է:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե ուզում ես հաղթել թշնամուդ…»
-Պետք է արհամարհես նրան:
-Ձեզ միշտ հետաքրքրել են տղամարդիկ, որոնք…
-Տղամարդու իմ իդեալն այսօր կողքիս է՝ ազնիվ, խելացի տեսակ: Ես հենց այդպիսին եմ նրան պատկերացրել:
-Ո՞րն է Ձեր բնավորության ամենալավ գիծը:
-Չեմ ուզում ինձ գովել, բայց նվիրվող եմ, անկեղծ, նաեւ ունակ եմ մտածածս ասել մարդկանց երեսին:
-Իսկ ո՞րն է Ձեր բնավորության ամենաանտանելի գիծը:
-Շուտ եմ բռնկվում, թեպետ հիմա շատ բան է փոխվել իմ մեջ:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ մարդը փոխվու՞մ է:
-Ոչ, բայց կարող է կատարելագործվել: Ամեն մարդ պետք է մշտապես աշխատի ինքն իր վրա, ուղղի սխալները:
-Կյանքը Ձեզ սովորեցրել է…
-Միայնակ անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ սովորեցի կյանքին թեթեւ նայել, թեպետ էմոցիոնալ մարդ եմ, եւ դա միշտ չէ, որ ստացվում է:
-Ո՞րն է Ձեր սիրելի մուլտֆիլմը:
-«Գտնված երազը»: Առհասարակ, հայկական արտադրության բոլոր մուլտֆիլմերը սիրում եմ:
-Ինչպիսի՞ մարդիկ են Ձեզ վանում:
-Շահամոլ, այսպես ասած՝ «փողի մեռած», քծնող մարդկանցից կիլոմետրերով հեռու եմ մնում:
-Ո՞վ է Ձեր անփոխարինելի ընկերը:
-Մայրս, իհարկե նաեւ ամուսինս: Ես չեմ ընդունում, երբ ամուսնանում են զուտ ամուսնանալու կամ երեխա ունենալու համար. քո կեսը պետք է նաեւ լավագույն ընկերդ լինի:
-Ձեզ հավատացյալ մարդ համարո՞ւմ եք:
-Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, իսկական քրիստոնյա եմ ինձ համարում:
-Գիտեմ, որ շներ շատ եք սիրում, բացի շնից՝ ի՞նչ կենդանի կպահեիք:
-Թութակ էլ եմ սիրում: Ես թափառող շներին կերակրել եմ դեռ մանկուց: Մինչեւ հիմա էլ այդ սովորությունը ունեմ:
-Նշեք մի երազանք, որն արդեն կատարվել է, եւ մի երազանք, որ դեռ չի կատարվել:
-Ես երազանքներ չունեմ, ունեմ նպատակներ, որոնց հասնում եմ իմ կամքով եւ աշխատասիրությամբ: Ամեն դեպքում, շատ կցանկանամ, որ պատերազմներ այլեւս չլինեն, եւ մեր զինվորներն էլ անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց տներ:
Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ` ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
Հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները երեկ՝ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցի օրը, այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: Անմար կրակի առաջ գլուխ են խոնարհել «Փյունիկի, «Արցախի», «Արարատի», «Բանանցի», «Գանձասարի» եւ առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվի» անձնակազմները: Հավելենք, որ «Արցախի» ֆուտբոլիստները Ծիծեռնակաբերդ այցելել էին դեռ կեսգիշերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
Աշխարհի հնգակի եւ Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն ազատ ոճային ըմբիշ Խաջիմուրադ Գացալովը մտադիր է գորգ վերադառնալ: Ինչպես տեղեկացնում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարզիկը պատրաստվում է ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո: Գացալովի տեղափոխության գործընթացը մեկնարկել է վերջին շաբաթներին: Եւ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա Խաջիմուրադը արդեն սեպտեմբերին Հայաստանի դրոշի տակ կմասնակցի Աշխարհի առաջնությանը:
ՇԵՅՆ ԼՈՆԳԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԵՑ
Մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության հերթական տուրը: «Սաութհաեմպտոն»-«Ուոտֆորդ» խաղում (1:1) տանտերերի հարձակվող Շեյն Լոնգը գոլի հեղինակ դարձավ խաղի 7-րդ վայրկյանին, որը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության ամենաարագ գոլը: Այս հանդիպումից հետո «Ուոտֆորդը» իր ակտիվում ունի 50 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ «սրբերը» 37 միավորով 16-րդն են:
ԹԻՄՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրանքով ուժեղացնել թիմի կազմը: Նա նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք, ըստ նրա, պետք են թիմին: Օտարերկրյա լրատվամիջոցների փոխանցմամբ` Ռոնալդուի ներկայացրած ցանկում ընդգրկված են Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Ռաֆայել Վարանը եւ Իսկոն, «Բենֆիկա»-ից՝ 19-ամյա Ժոաո Ֆելիքսը, «Ֆիորենտինա»-ի 21-ամյա իտալացի Ֆեդերիկո Կյեզան, «Լիոն»-ից՝ 22-ամյա ֆրանսիացի Տանգի Նդոմբելեն, ինչպես նաեւ «Այաքսի» հոլանդացի պաշտպան Մատտեյս դը Լիգտը: Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին խաղաշրջանն է անցկացնում թուրինյան թիմում: Նա «Ռեալ»-ից «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թ. ամռանը:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԻ ԴԱՓՆԵԿԻՐԸ
Արդեն հայտնի են ֆուտբոլի թոփ 5 առաջնություններից 2-ի չեմպիոնները: Բաղձալի տիտղոսի դափնեկիրը արդեն գործնականում պարզ է նաեւ Իսպանիայում: Կատալոնական «Բարսելոնան» առաջնության ավարտից 4 տուր առաջ 12 միավորի առավելություն ունի Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ: Իհարկե, պարզից էլ պարզ է, որ նրանք այս առավելությունը բաց չեն թողնի ոչ մի դեպքում:
Եթե Իտալիայում եւ Ֆրանսիայում առաջնությունից առաջ կային վառ ընդգծված ֆավորիտներ, ապա Իսպանիայում այս տարի մրցակցություն չկա, ինչպես միշտ սպասվում էր: «Բարսելոնան», կարելի է ասել, առանց մեծ ջանքեր գործադրելու հռչակվում է Իսպանիայի չեմպիոն, եւ կատալոնների այս մրցաշրջանը Իսպանիայում պետք է անվանել «Հարթ չեմպիոնություն»:
Լա լիգայի առաջնությունն ընթացավ բավականին դրամատիկ իրադարձությունների համատեքստում:
Այս մրցաշրջանը Բարսայի ոխերիմ թշնամի Մադրիդի «Ռեալը» սկսեց մեծ կորուստներով. թիմից հեռացել էին գլխավոր հարձակվողը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, եւ մարզիչը՝ Զինեդին Զիդանը: Այս ամենի պատճառով մադրիդցիները հայտնվել էին, այսպես ասած, դեպրեսիայի մեջ եւ չեմպիոնության համար պայքար մղել ուղղակի չէին կարող: Այդ նույն դեպրեսիան մրցաշրջանի երկրորդ հատվածում պատեց նաեւ «Ատլետիկոյին», որ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո կորցրեց իր խաղային ձեռագիրը:
Այսպիսով, այս ամենը պատճառ հանդիսացավ, որ բացվի ճանապարհը Էռնեստո Վալվերդեի թիմի համար, իսկ նրա սաները առավելագույնս քաղեցին ստացած հնարավորությունից: «Բարսելոնան» այս մրցաշրջանում շատ լավ հանդես եկավ պաշտպանությունում, ինչը այս թիմի համար իրոք նորություն է:
Ումտիտիի վնասվածքից հետո թվում էր, թե Բարսայի պաշտպանությունում կհայտարարվի «բաց դռների օր», սակայն իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Կենտրոնում կատալոնյան «մեծ պատ» ստեղծեցին Պիկեն եւ Լենգլեն, ինչը նույնպես նրանց ուղեկցեց դեպի չեմպիոնություն:
Այսպիսով, «Բարսելոնան» կհռչակվի Իսպանիայի չեմպիոն, իսկ Մեսին` առաջնության լավագույն ռմբարկու: Արգենտինացին այս մրցաշրջանը ուղղակի փառահեղ անցկացրեց եւ ապացուցեց, որ «Բարսելոնայի» իսկական առաջատարն է: Նա հիանալի խաղ ցույց տվեց այս առաջնությունում, որի արդյունքն էլ «Բարսելոնայի» հերթական չեմպիոնությունն է: Մեսիի գործոնը այս ամենի մեջ երեւի թե ամենամեծն է:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ