ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴՐՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 29-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի զեկույցը: Նշենք, որ այն բաղկացած է 700 էջից եւ իր մեջ ամփոփում է նախորդ տարվա ամենակարեւոր իրադարձությունների վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները: Անդրադարձ կա թավշյա հեղափոխության օրերին, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են գտնվել 2018 թվականին երկրում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունները: Դրանք հետագայում ստացան նաեւ «թավշյա հեղափոխություն» լայնորեն օգտագործվող անվանումը: Ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին: Հավաքների խաղաղ բնույթը մեծապես կանխեց իրականացվող քաղաքացիական անհնազանդության ընթացքում մասշտաբային բախումների ու բռնությունների վտանգը: 2018 թվականին արձանագրված ձեռքբերումներով հանդերձ՝ Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրավունքների եւ ազատությունների ապահովման վիճակի այդ օրերի մշտադիտարկումները ցույց տվեցին, որ դեռեւս շարունակվում են խնդիրները խաղաղ հավաքների ազատության, այդ հավաքների մասնակիցների իրավունքների, ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների եւ երաշխիքների, ինչպես նաեւ խոսքի ազատության եւ հատկապես լրագրողների անխոչընդոտ աշխատանքի ապահովման հարցում, որոնք առաջնահերթություն են դարձնում ոլորտի օրենսդրության եւ իրավակիրառման կատարելագործումը»,- արձանագրել է ՄԻՊ-ը:
Բացի այդ, ՄԻՊ-ը նկատում է, որ 2018 թվականը հարուստ էր թե՛ համապետական, թե՛ տեղական մակարդակներում տեղի ունեցող ընտրական գործընթացներով։ «Ընտրական այս գործընթացներն ուղեկցվում էին դրանց մասին սկզբունքորեն փոխված հանրային պատկերացումներով ու այդ գործընթացների նկատմամբ հանրային բարձր վստահությամբ: Սա նաեւ նույն տարվա ապրիլ մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունք էր, որոնք էլ հենց բարձրացրին քաղաքացիների վստահությունը հանրային իշխանության նկատմամբ:
Չնայած ընտրական գործընթացները տեղի ունեցան սկզբունքորեն փոխված իրավիճակում, այնուամենայնիվ, մտահոգիչ էր սոցիալական մեդիայում ձեւավորված մթնոլորտը: Մասնավորապես, այդ օրերին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվեցին անհանդուրժողականության եւ վիրավորանքի վտանգավոր տարածվածություն, ու դա ակնհայտորեն ուներ աճի միտումներ։ Այդ ժամանակ էր, որ սկսվեցին առավել մեծ դրսեւորում ունենալ հասարակությունը խմբերի բաժանելու միտումները, ինչն առավել էր խորացնում անհանդուրժողականությունը»,- ասված է զեկույցում:
Նշենք, որ Արման Թաթոյանի կողմից Գլխավոր դատախազություն հասցեագրվել է գրություն այն մասին, որ 6-րդ գումարման ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը 2018 թվականի հոկտեմբերի 4-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է հրապարակել այն մասին, որ պարբերաբար ստանում է իր եւ իր ընտանիքի անդամների կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ: «Վերոգրյալի վերաբերյալ Ա. Հովհաննիսյանը տեղեկացրել է նաեւ ՄԻՊ-ին եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ՀՀ ոստիկանություն: Գլխավոր դատախազության տեղեկությունների համաձայն՝ սպառնալիքներ պարունակող նամակներն Արփինե Հովհաննիսյանի էլեկտրոնային փոստին եւ վերջինիս քրոջ ֆեյսբուքյան էջին ուղարկող քաղաքացին հայտնաբերվել է եւ տվել բացատրություններ: Նամակների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք Արփինե Հովհաննիսյանին ուղղված սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու որեւէ իրական եւ կոնկրետ սպառնալիք չեն պարունակում եւ վերաբերել են վերջինիս քաղաքական գործունեությանը: Վարույթն իրականացնող մարմինը, գտնելով, որ նախապատրաստված նյութերով տվյալներ ձեռք չեն բերվել տվյալ անձի կողմից Արփինե Հովհաննիսյանին սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու որեւէ իրական եւ կոնկրետ սպառնալիք տալու վերաբերյալ, 2018 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ` քրեական գործի հարուցումը մերժվել է», – ասված է զեկույցում:
2018 թվականի դեկտեմբերի 4-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր եւ ընտանիքի անդամներին ուղղված սպառնալիքներ բովանդակող գրառումների վերաբերյալ բարձրաձայնել է նաեւ ՀՀ ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածու առաջադրված Վահան Բաբայանը՝ նշելով, որ այդ գրառումները կատարվում են՝ կապված իր քաղաքական գործունեության հետ: Հանցակազմի բացակայության պատճառով այդ գործի հարուցումն էլ է մերժվել:
Մեկ այլ պարագայու ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվել է գրություն 2018 թվականի դեկտեմբերի 4-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության` «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված այն տեղեկության մասին, որ նույն օրն Ապարան քաղաքում խոչընդոտվել է կուսակցության կողմից թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուներ Մարիամ Չախոյանի եւ Ռոբերտ Դավթյանի քարոզարշավը։
Գրեթե նույնաբովանդակ են նաեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտարկման արդյունքները: Հավելենք, որ հանձնաժողովում հարցը կզեկուցի հենց ՄԻՊ Արման Թաթոյանը, եւ ապա այն կներառվի լիագումար նիստերի օրակարգ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ
Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է համագումարի: Ավելին, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահ ընտրվելուց հետո հայտարարեց առաջիկա ամիսներին ՔՊ ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մտադրության մասին: Եւ, ահա, ըստ շրջանառվող տեղեկությունների` ՔՊ-ում քննարկվում է վարչության նախագահի պաշտոնում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Արայիկ Հարությունյանից պարզել` արդյոք իրական են այդ տեղեկությունները: «Նման հարց չի քննարկվել»,-հայտարարեց Հարությունյանը: Հարցին` եթե կուսակցությունում առաջարկեն իր թեկնածությունը, ինքը համաձայնելու է, թե ոչ, կրկին պնդեց, որ նման հարց չի քննարկվել:

 

 

 

ԹԱՆԿ ԴԻԶՎԱՌԵԼԻՔ
Երեւանի բենզալցակայաններում թանկացել է դիզելային վառելիքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ լիտր դիզվառելիքը վաճառվում է 470 դրամով, մինչդեռ օրեր առաջ այն վաճառվում էր մեկ լիտրը 440 դրամով: Ինչպես հայտնի է, դիզվառելիքը կիրառվում է գյուղատնտեսության ոլորտում, ըստ որոշ տեղեկությունների` առաջիկայում դարձյալ թանկանալու է, ինչն իր հերթին բերելու է նաեւ գյուղատնտեսական մթերքների թանկացման: Նկատենք, որ դիզվառելիքի թանկացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները: Չէ՞ որ հենց այս շրջանում է վառելիքի այս տեսակի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում: Նշենք, որ բենզինի գները եւս 10 դրամով բարձրացել են. ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 420 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզինը վաճառվում է 440 դրամով: Ի դեպ, այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն` երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: Բայց 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքը է՛լ ավելի կբարձրանա` 5 տոկոսով, եւ այդ հանգամանքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այն գործարարների համար, որոնք բենզին ներկրում են երրորդ երկրներից:

 

 

 

ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ
Ինչպես հայտնի է, մարտի 30-ին ԱԱԾ-ն կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Հիմա նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ փոխնախարարը կալանքի տակ է, սակայն, մեզ հասած տեղեկությունների համաձայն, առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը նախաքննական մարմնին ցուցմունք է տվել եւ հայտնել, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ի դեպ, նախաքննական մարմինը այս քրեական գործը ամբողջությամբ բացահայտել է, եւ չի բացառվում, որ այն առաջիկայում գնա դատարան: Տեղեկությունը փորձեցինք պարզել փոխնախարարի պաշտպան Երեմ Դավթյանից, բայց նա հրաժարվեց մեկնաբանություններ տալուց:

 

 

 

ՄՈՏ 348 ՄԼՆ ԴՐԱՄ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծը: Ըստ Զ. Մնացականյանի` դիվանագիտական ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2018թ. մայիսից ի վեր որդեգրվել է սկզբունքային քաղաքականություն արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակել կադրային դիվանագետներ` ԱԳՆ համակարգից: Զ. Մնացականյանն ասել է, որ նախկինում արտերկրում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել էին նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին ու մի մասն իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամների փոխհատուցման գումարներից, բնակարանի վարձակալումներից: Նախարարի խոսքով` այդ պատճառով հիմա օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախարարությանը 2019թ.-ի համար հատկացնել 347 մլն 522 հազար դրամ:

 

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ
Ապրիլի 30-ին ԱԺ լիագումար նիստերի դահլիճում խորհրդարանական լսումներ կկազմակեպվեն` «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի փոխանցմամբ` ձեւաչափը եւ օրակարգը դեռ կքննարկեն: «Այս պահին նպատակ կա հստակ ֆիքսել այդ օրը, իրազեկել, որպեսզի շահագրգիռ կողմերը, տնտեսագետները նույնպես հնարավորություն ունենան դիմելու եւ եթե ելույթ ունենալու ցանկություն ունեն, ժամանակ ունենան նախապատրաստվելու համար»,-ասել է Թունյանը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանն է ներկայացրել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է հանել կրեդիտավորման պայմանագրերի ներքին եւ վերին շեմերը` համապատասխանաբար 100 հազար դրամ եւ 10 մլն դրամ: Նախագծի զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկել է ձեռնպահ մնալ այս փոփոխություններից, քանի որ 10 մլն դրամը գերազանցող սպառողական վարկերի վրա սահմանափակման իմաստն այն է, որ 10 մլն դրամից բարձր վարկերը, ըստ էության, սպառողական վարկեր չեն եւ հիմնականում ունեն առեւտրային կամ սպառման հետ չկապված այլ նպատակներ:




Լրահոս