ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հրապարակվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ձայնագրությունը: Հիմա նախաքննական մարմինն այս գործով հետաքրքիր իրավիճակում է հայտնվել:

Նախ հիշեցնենք` գաղտնալսման եւ դրա տարածման դեպքի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով) հատկանիշներով եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով) հատկանիշներով:
Իրավիճակը կրկին թեժացավ դեկտեմբերի 5-ին, երբ Facebook սոցիալական ցանցում հրապարակվեց գաղտնալսման երկրորդ «սերիան», այս անգամ Արթուր Վանեցյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաեւ Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի խոսակցություններն էին: Այս մասով եւս մեկ քրեական գործ հարուցվեց, եւ երկու գաղտնալսման քրեական գործերը քննվում են մեկ վարույթում: Աղմկահարույց գաղտնալսումների գործից անցել է շուրջ 7 ամիս, սակայն նախաքննական մարմինը լուռ է եւ որեւէ տեղեկատվություն չի հրապարակում, թե կոնկրետ ինչ քայլեր են իրականացրել, կամ կան արդյոք կասկածյալներ:
Ու մինչ նախաքննական մարմինը լռում է, «Ժողովուրդ» օրաթերթին տարվող քննության ընթացքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով կան շատ կասկածյալներ, սակայն նախաքննական մարմինը նրանց ձերբակալելու, կալանավորելու կամ մեղադրանք առաջադրելու քայլեր չի կարող իրականացնել, քանի որ գործով չկան կոնկրետ ապացույցներ, որ հենց տվյալ անձինք են իրականացրել հանցագործությունը:
Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինը, հաշվի առնելով, որ գաղտնալսումը ունեցավ շարունակություն, «թիրախավորել է» կոնկրետ պաշտոնատար անձանց, որպեսզի այդկերպ կարողանա դուրս գալ գաղտնալսող անձանց հետքի վրա: Մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահները այս օրերին ուշի-ուշով հետեւում են կոնկրետ անձանց հեռախոսային զանգերի ընթացքը, եւ ենթադրվում է, որ հատուկ սարքերի միջոցով փորձելու են որսալ, թե որ պահին են կոնկրետ անձինք գաղտնալսվում, ըստ այդմ` կկարողանան դուրս գալ հետքի վրա եւ ձեռք բերել հիմնավոր ապացույցներ: Ասել է թե` իրավապահները սպասում են հերթական գաղտնալսման փորձին, որ կարողանան թարմ հետքերով բռնել այն իրականացնողներին: Նկատենք, որ հայտնի երկու գաղտնալսումներից անցել է շուրջ 7 ամիս, նման փորձ միգուցե իրականացվել է, սակայն իրավապահները չգիտեն:
Ինչեւէ, կբացահայտվի այս գործը, թե ոչ, ցույց կտա տարվող քննությունը:
Դատախազության ուշագրավ
հաշվետվությունը
Ու մինչ ՀՀ քննչական կոմիտեն քննում է գաղտնալսման գործը, ՀՀ գլխավոր դատախազությունը 2018 թվականի տարեկան զեկույցում մեկ ուշագրավ փաստ արձանագրեց, մասնավորապես. «Հանցագործությունների բացահայտման միջոցների շարքում աստիճանաբար արդյունավետության պակաս է արձանագրվում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքում: Ակնհայտ է, որ, նախ, հետաքննության մարմինների ունեցած տեխնիկական հնարավորությունները ժամանակի ընթացքում անփոփոխ են մնում հանցագործությունների թվի տարեկան կայուն աճի պայմաններում, բացի դրանից, առկա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս վերահսկելու սովորական բջջային կապով իրականացվող հեռախոսազրույցները այն դեպքում, երբ բջջային հեռախոսների համապատասխան ծրագրային հավելվածները ավելի շատ են օգտագործվում, եւ դրանք վերահսկել, որպես կանոն, հնարավոր չէ»:
Ասել է թե` իրավապահ համակարգը չի կարողանում վերահսկել եւ այդ դեպքում բացահայտել հեռախոսային խոսակցությունների առավել ժամանակակից միջոցները` whatsapp, Viber, Telegram եւ այլն:
Այս իրավիճակը հաշվի առնելով` կարող ենք եզրակացնել, որ դա է պատճառը, որ իրավապահ համակարգը չի կարողանում բացահայտել, թե ով էր կանգնած, կամ ում թեթեւ ձեռքով են 2018 թվականին գաղտնալսվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, եւ դատելով այս իրավիճակից` այս քրեական գործի բացահայտումը դեռեւս սարերի հետեւում է:

 

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԲԱՆԱՆԻ ԱՐՔԱՆ

Հայաստանում հերթական իրավիճակն է, երբ իրավապահ համակարգը վերաբացում է նախկինում կարճված քրեական գործերը` ասելով, թե ամեն ինչ անելու է նախկին պաշտոնատար անձանց պատժելու համար, սակայն ապարդյուն, քանի որ վերոնշյալ պաշտոնատար անձինք վաղուց լքել են Հայաստանը: Մասնավորապես, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի օրոք ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճել էր ՀՀ գխավոր դատախազ Արթուր Դավթյանը, եւ հեղափոխությունից հետո այն կրկին վերաբացվեց հենց իր օրոք: Սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` վերաբացված քրեական գործը շոու է հիշեցնում, քանի որ հիմնական դերակատարները չեն պատրաստվում վերադառնալ Հայաստան:

Ինչպես հայտնի է, Միհրան Պողոսյանը ձերբակալվել էր ՌԴ-ում իրավապահների կողմից, որից հետո դիմել էր քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Այժմ ՌԴ դատարանի որոշմամբ` Մ. Պողոսյանը կալանավորվել է Ռուսաստանում 40 օրով ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, որ այս օրերին բոլորը ՀՀ գլխավոր դատախազությանն են մեղադրում, թե ինչու թողեց, որ Միհրան Պողոսյանը լքի Հայաստանն ու, առհասարակ, հաշվի առնելով, որ նա ապաստան է խնդրել ՌԴ իշխանություներից` արդյոք ՀՀ գլխավոր դատախազությունը մտավախություն չունի, որ ՌԴ-ն նրան չի հանձնի Հայաստանի իրավապահներին: Ի վերջո, եթե մտավախություն չունի, ապա որոնք են հիմքերը եւ ընթացակարգը նրան Հայաստան բերելու համար: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Դատախազության գործառույթները հստակ սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, որոնք քրեական վարույթի շրջանակում սահմանափակվում են` մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելով: Ինչպես բոլոր, այնպես էլ կոնկրետ Ձեր նշած անձին առնչվող քրեական գործի շրջանակներում դատախազությունը իր իրավասությունների շրջանակներում ոչ միայն գործել է բացարձակ իրավաչափ, այլեւ հնարավորինս օպերատիվ` ներառյալ էքստրադիցիայի ընթացակարգերի ապահովումը: Հետեւաբար դրա հետ կապված դատախազությանն ուղղված որեւէ հնարավոր քննադատություն բացարձակ անհիմն է, անտեղի, արհեստածին եւ մանիպուլյատիվ: Երկրորդ` ՀՀ դատախազությունն իր լիազորությունն իրականացնում է ոչ թե մտավախություններից ելնելով, այլ բացառապես իրավական, իսկ տվյալ դեպքում` կոնվենցիոն իրավական ընթացակարգերն ապահովելով: Իսկ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ապահովվել են անմիջապես եւ լիարժեք: Ներկա պահին հանձնման գործընթացը գտնվում է բնականոն ընթացքի մեջ: Իսկ քրեական վարույթի առավել վաղ փուլերում, զուտ երկրի սահմանների հատումը թույլ չտալու նկատառումներով, անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ներկայումս արվող պնդումները շատ նման են անօրինական քրեական հետապնդման հարուցումը եւ անձի ազատ տեղաշարժի իրավունքները անհիմն եւ ապօրինաբար սահմանափակելն արդարացնելուն: Նման դատավարական որոշումներ կարող են կայացվել բացառապես դրանց համար բավարար հիմքերի եւ ապացույցների համակցության ապահովման արդյունքում: Պարզապես կհորդորեի ձեռնպահ մնալ նման վտանգավոր պնդումներից եւ քրեական հետապնդման մարմինների նկատմամբ անհիմն կերպով անվստահություն սերմանելու փորձերից»:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը աշխատանքային խումբ է ստեղծել, որը մանրամասն կքննարկի ցեմենտի ներմուծման համար պետական տուրքի սահմանման մասին օրինագիծը մինչեւ ԱԺ նիստում երկրորդ ընթերցման համար դրա քննարկումը: Նշենք, որ ձեռնպահ են մնացել միայն ԲՀԿ խմբակցության պատգամավորները, որոնք ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են ՀԱՊԿ միացյալ շտաբի հենքի վրա ապրիլի 24-ից 27-ը անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի օպերատիվ վարչությունների պետերի աշխատանքային հանդիպմանը:

 

 

 

ԿԲԱՐՁՐԱՆԱ
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ծառայության` ապրիլի 28-ի ցերեկը` առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ապրիլի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երեւանում ապրիլի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 29-30-ը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

 

 

 

ՓԱԿ ՓՈՂՈՑՆԵՐ
Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին` ժամը 23:30-ից մինչեւ ապրիլի 27-ին` ժամը 24:00-ն, երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան` Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Հաղթանակի կամուրջ: Արգելվելու է երթեւեկությունը Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` ավարտվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Արմավիր համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2002թ. հոկտեմբերից, Արմավիր գյուղական համայնքում աշխատանքի ընդունված մի խումբ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պարագայում հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատավարձերի ցուցակները եւ համայնքի միջոցներից հափշտակել խոշոր չափի` ընդհանուր 565.267 ՀՀ դրամ գումար: Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս