«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Արա Կետիկյանի հետ:
-Պարո՛ն Կետիկյան, թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ եք տեսնում` Արցախյան հարցի լուծման հետ կապված: Այս մասով առաջընթաց տեսնո՞ւմ եք:
-Ես մեծ հույսեր ունեմ, որ առաջընթաց կլինի: Ուզում եմ Վազգեն Սարգսյանի բառերը հիշել, որ մենք պատրաստ ենք թե՛ պատերազմին, թե՛ խաղաղությանը: Խաղաղության պատրաստ լինելը մենք այլ կերպ ենք պատկերացնում, քան ուրիշները: Հավատացե՛ք, մենք ամենաշատն ենք գնահատում խաղաղության գինը` որպես կռվող տղաներ, եւ գիտենք, որ եթե ուզում ես խաղաղություն, ապա պետք է պատրաստ լինես պատերազմի: Մենք պետք է ուժեղ լինենք, զերծ մնանք Ղարաբաղյան հարցի շուրջ ուժեղ հայտարարություններից: Ընդամենը կարող եմ ասել, որ այդ հարցը պետք է լուծեն ժողովուրդները` տվյալ դեպքում հայ ժողովուրդը, որովհետեւ դա համազգային հարց է, ողջ ժողովրդով ենք այդ հարցը բարձրացրել, բոլորով ենք մաքառել, կռվել, 10-20 հոգով չենք այդ հարցը բարձրացրել: Սա է, որ հիմնականում ընկած է նաեւ նոր իշխանությունների քաղաքականության հիմքում, եւ ես դա ողջունում եմ: Ի վերջո, մենք դիվանագետներ չենք: Շատ բաներ չգիտենք, ինֆորմացիա չունենք, մենք մեր խնդիրը կատարել ենք կռվի դաշտում, մենք այդ հողերը ազատագրողներն ենք եղել եւ այսօր էլ մեր բանակցողներին, իշխանություններին պետք է ասենք, որ մենք որպես ռեզերվ այսքան քանակով հայկական բանակի կողքին ենք:
-Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյան-Ալիեւ ոչ պաշտոնական հանդիպումից հետո շատերը մեծ աղմուկ բարձրացրին` նշելով, որ դա նորմալ չէ. մի քանի ժամ բանակցել են, եւ մարդկանց մանրամասներ հայտնի չեն: Այսպիսի հանդիպումների մեջ Դուք վտանգներ տեսնո՞ւմ եք:
-Նորմալ է, որ շատ մանրամասներ հայտնի չէին բանակցություններից: Կոնկրետ ես ոչ մի վտանգ չեմ տեսնում այդ ամենի մեջ: Մենք այդ հարցը վարչությունում դեռ չենք քննարկել, որ ասեմ բոլորի տեսակետը: Անկախ նրանից` պաշտոնական է, թե ոչ` բանակցային հարաբերություններում լինում է որոշակի գաղտնիության հատված, հետո դա գաղտազերծվում է: Որեւէ խնդիր չեմ տեսնում: Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է նորմալ եւ լեգիտիմ ընտրություններով: Ես վստահ եմ` նա ժողովրդից թաքուն ոչինչ չի անի:
-Ներկայիս իշխանությունները հստակ պահանջ են դրել` Արցախը վերադարձնել բանակցային սեղան: Արդյոք այս փուլում ռեալ եւ իրատեսակա՞ն եք համարում դա:
-Ուրախ կլինեմ, եթե Արցախը բանակցային սեղան վերադառնա: Արցախը անկախ պետություն է, ունի պետականություն, եւ դրանից բխում է նաեւ Արցախի վերադարձը: Մենք մի բան չենք հասկանում` Ադրբեջանի հոխորտանքները, որ հողեր` խաղաղության դիմաց, դա շատ վիրավորական է: Ի՞նչ է նշանակում դա: Խաղաղություն միայն մե՞զ է պետք: Եթե, Աստված ոչ արասցե, գլոբալ պատերազմ սկսվի, հաստատ իրենց զոհերը մեզնից քիչ չեն լինելու, ինչպես միշտ: Ավելին` մի քանի անգամ շատ են լինելու: Խաղաղությունը թող իրենք խնդրեն մեզանից:
-Ասում են` հեղափոխությունից հետո գրեթե ամեն տեղ իրավիճակ է փոխվել: Երկրապահում ի՞նչ է փոխվել, քաղաքականություն փոխվե՞լ է:
-Նախագահ է փոխվել: Չնայած հեղափոխության հետ դա բացարձակապես կապ չուներ, նոր վարչությանը ժամանակ է պետք, որպեսզի այդ փոփոխությունները լինեն, տեսանելի լինեն: Բոլորս միասին պետք է շարժվենք առաջ: Մի բան շեշտեմ. նոր վարչությունը, ըստ էության, հին երկրապահներից է կազմված: Թող տպավորություն չլինի, որ նոր մարդիկ են այնտեղ. մեր հին մարտական ընկերներն են, որոնցից շատերը Վազգեն Սարգսյանի հետ նաեւ այս կառույցի ստեղծողներն են եղել:
-Արմատական փոփոխություններ կլինե՞ն:
-Ամեն դեպքում, հիմնական գիծը կշարունակվի, որովհետեւ դա Վազգեն Սարգսյանի գաղափարախոսությունն է: Մնացած այլ փոփոխություններ, իհարկե, կլինեն:
-Տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո շատերն են միանում Երկրապահին, Դուք էլ բազմիցս ասել եք, որ անդամների թիվը ավելացել է: Ինչի՞ հետ եք սա կապում:
-Եղել են որոշ երկրապահներ, որոնք պաշտոնապես դիմումով չեն հեռացել ԵԿՄ-ից, բայց այլ կազմակերպություններ են ստեղծել, եւ այս տղերքը այսօր վերադառնում են: Ճիշտ չի լինի նրանց ասել. «Ինչո՞ւ եք վերադառնում»:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են վերադառնում:
-Չգիտեմ: Այն խնդիրները, որոնք ժամանակին իրենց մտահոգել են, գուցե դրանց լուծման հնարավորություններ են տեսնում:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
Հայաստանում ապրիլի 24-ին առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում. «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատել են 56 տարեկան մի կնոջ, ում համար դոնոր է հանդիսացել 20-ամյա դուստրը: Ի դեպ, նշենք, որ բացի կենդանի դոնորներից, Հայաստանում կլինի նաեւ դիակային փոխպատվաստում: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Եթե որեւէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի»,- նշել է նախարարը: Բայց նրա խոսքերով` այդ հրաժարականը կարող է մեկ ուրիշի կյանքն արժենալ: Այս հայտարարությունը, սակայն, շատերի մոտ մտահոգություն է առաջացրել: Նրանց մեծ մասը համոզված է, որ սա իրավունքների խախտում է: Ավելին, նման մոտեցումը եւ դոնորական օրգանների հետ կապված կանոնակարգման ոչ հստակությունը կարող է բերել հանցագործությունների: Հիշենք Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որն արեց կառավարության նիստին, թե մանկատներից երեխաներ են կորում, եւ նրանց օգտագործում են որպես օրգանների դոնորներ: Իհարկե, պաշտոնյայի այս հայտարարությունից հետո ԱԱԾ-ն անմիջապես տեղեկացրեց, որ նման բան չկա:
Բայց որոշ երկրներում փոխպատվաստման համար նախատեսված օրգանը վաճառվում է, ու սա բիզնեսի տեսակ է: Եւ մարդիկ մտահոգված են, որ Հայաստանում սա եւս կարող է վերածվել բիզնեսի: Տեսակետ է շրջանառվում այն մասին, որ սա ռիկսային է, քանի որ շատերը կարող են գումար աշխատել թափառաշրջիկների, մուրացիկների օրգանների հաշվին. ստիպելու են ինչ-որ թղթեր ստորագրել կամ առանց ստորագրելու փաստաթղթեր կեղծել ու մարդկանց օրգաններ վաճառել: Եւ խնդիրն այստեղ հենց այդ ռիսկն է, որ մեր նման փոքր պետությունում հայտնի չէ, թե ինչպես է չեզոքացվելու, որպեսզի մարդկանց ստիպողաբար չդարձնեն դոնոր, վաճառեն, օրինակ, երիկամները:
Բայց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի խոսքերով` Հայաստանում օրենքը խիստ նշում է, որ օրգանը պատվաստվում է միայն անհատույց պայմաններում: Նրա խոսքերով` օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման գործընթացները օրենսդրությամբ կարգավորված են: Խոսքը «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի մասին է:
«Հարգելի քաղաքացիները ֆանտաստիկ ժանրի շատ ֆիլմեր են նայել` օրգանները վաճառելու մասին: Ֆիլմերում նկարահանված դեպքերը մտավախություն են առաջացնում հանրության մոտ, բայց վերահսկող մարմիներն էլ բազմաթիվ են` սկսած Առողջապահության նախարարությունից, ԱԱԾ-ն, ՀՀ ոստիկանությունը: Մյուս կողմից` թե՛ գոյություն ունեցող օրենքը, թե՛ իրականացվող փոխպատվաստումը անցնում են երկար ու ձիգ մասնագիտական հետազոտություններ: Նախ` համատեղելիության խնդիրը շատ կարեւոր է եւ երկար ուսումնասիրվող հարց է: Այդ մտավախությունները իրական հիմքեր չունեն»,- վստահեցրեց Մկրտչյանը:
Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշեց, որ Հայաստանում առաջին երիկամի փոխպատվաստման նախաձեռնությունը եղել է Արա Բաբլոյանինը: «Անմիջապես սկսվեցին նույն կարգի խոսակցություններ, թե բոլորի երիկամները հանելու են վաճառեն: Ես այդ ժամանակ նախարար էի, որոշեցինք մտավախությունները փարատել եւ գործընթացները կանոնակարգել: Ներկայացրեցինք ազգային ժողովի ընդունած «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստման» մասին ՀՀ օրենքը: Այն հետո վերանայվեց, փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին»,- հայտարարեց մասնագետը:
Նշենք, որ մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու խնդիրը պարբերաբար շրջանառել է Արա Բաբլոյանը, որը նախկինում եղել է ԱԺ առողջապահական ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Ավելին` դրա անհրաժեշտությունը բազմիցս շեշտել է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԳՈՂԱՑԵԼ Է
Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արամ Լալայանին մեղադրանք է առաջադրվել համագյուղացի Գնել Իսրայելյանի` փայտ վառելու համար նախատեսված վառարանը, մետաղական լինգն ու ունելին գողանալու համար։ Ա.Լալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»)։ Սույն արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորս հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Ա.Լալայանի նկատմամբ մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրա դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է ապրիլի 29-ին։
ՆՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Ապրիլի 26-ին Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման` Կարմիր քարի, Ժանգոտ ձորի տեղամասերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։ Այդ տարվա փետրվարի 27-ին նույն ընկերության կողմից Վազաշենում նախատեսված հանրային քննարկումները չեն կայացել, քանի որ ընկերության աշխատակիցները Վազաշեն չեն գնացել։ Այդ օրը «Տավուշն առանց հանքի» նախաձեռնության անդամները եւ «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդիպել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Մարզպետը հայտնել է, որ հանրային լսումներ այս փուլում հնարավոր չէ իրականացնել, քանի որ կողմերն ընկերության կողմից ներկայացրած ծրագրի մասին պատշաճ տեղեկացված չեն։ Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ այդ տարածքում գտնվող հանքում խորհրդային տարիներին թունելներ են կառուցվել: Այս փուլում խոսքը գնում է հանքի ուսումնասիրությունների մասին, հետագայում հանքից արդյունահանում կկատարվի փակ եղանակով, ստորգետնյա, ինչը բնությանը վնաս չի պատճառի։ Համայնքի ղեկավարն ասաց, որ այդտեղ պոչամբար չի կառուցվելու, այն կլինի ուրիշ տարածքում, այն Վազաշենի համար բնապահպանական խնդիր չի առաջացնի։ Լ. Բադիրյանը կողմնակից է, որ սահմանամերձ գյուղում հանք շահագործվի, աշխատատեղեր բացվեն, որպեսզի Վազաշենում տնտեսական կյանքն աշխուժանա։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ