«ԿԻՆՍ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԻՄ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԼԻՆԵԼՈՒՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Նիկոլայ Եղիազարյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրան նոր, անսպասելի ռակուրսից: Նիկոլայը խոսել է իր առավելությունների, թերությունների, դերասանին բնորոշ խառնվածքի մասին: Նա խոստովանել է, որ կնոջ համար իր հետ հեշտ չէ, բայց միեւնույն ժամանակ նկատել է, որ ունի այնպիսի բացառիկ հատկություններ, որոնք քչերի մոտ կարելի է գտնել: Դերասանի խոսքով՝ սիրո հարցում ինքը նվիրվող է եւ անկեղծ: Նիկոլայը պատկերացրել է, թե ինչպիսին կլինի 20 տարի անց՝ բարի, հետաքրքիր ու «խելագար» պապիկ:

-Նիկոլա՛յ, ի՞նչ փոխեց Ձեր կյանքում էկրանի մարդ լինելը: Դրանից հետո ինչպիսի՞ն դարձաք:
-Դարձա ավելի զգուշավոր, պատասխանատու, էմոցիոնալ: Սկսեցի նկատել բաներ, որ մյուսները չեն նկատում: Հետո այնպես արեցի, որ նրանք էլ դա տեսնեն:
-Մանուկ հասակում եղել եք ծնողների վստահելի տղա՞ն, որը պետք կատարեր ամենապատասխանատու գործերը, թե՞ չարաճճի, երես առած երեխա:
-Տարիներ առաջ, որպես տան փոքր, երբեմն ինձ անպարտաճանաչ մարդու պես եմ պահել, բայց վտանգավոր բաներ չեմ արել:
-Եթե մեկ օրով կին դառնայիք, ի՞նչ կանեիք, ինչպե՞ս կօգտագործեիք այդ հնարավորությունը:
-Ես չեմ պատկերացնում նման բան անգամ մեկ ակնթարթով:
-Եթե մեկ շաբաթ ազատ ժամանակ «օդից ընկներ», ի՞նչ կանեիք, ինչպե՞ս կտնօրինեիք այն:
-Այնպես կանեի, որ այդ ազատությունը լցվեր հետաքրքիր մարդկանցով, հոգեւորով:
-Դետեկտի՞վ, մելոդրա՞մ, թե՞ ֆանտաստիկ ֆիլմ: Ո՞ր ժանրն է հոգեհարազատ:
-Մելոդրամա:
-Ո՞ր տեսակի մարդկանց եք սովորաբար չեզոքացնում Ձեր շրջապատից:
-Նրանց, որոնք իրենց տեսակով ինձ ոչինչ չեն տալիս, սառն են, նեգատիվ, չհասկացված: Այդպիսի մարդկանցից լուռ եւ դանդաղ հեռանում եմ:
-Պատահականությունների հավատու՞մ եք, թե՞ այն համոզման եք, որ պատահական ոչինչ չի լինում:
-Միանշանակ հավատում եմ:
-Ամենազարմանալի բանը, որ երբեւէ Ձեզ հետ տեղի է ունեցել, մտաբերե՛ք որեւէ դեպք:
-Ինձ հետ հաճախ են նման բաներ լինում. խառնվածքս է այդպիսին: Բայց չեմ կարող մի բան առանձնացնել:
-Ի՞նչ հատկություններ եք ժառանգել ծնողներից:
-Զսպված, հյուրասեր, նվիրված լինելը:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Նվիրվող, անկեղծ:
-Ո՞րն է Ձեր հաջողության բանաձեւը:
-Երեւի մարդկային վերաբերմունքը:
-Երեք իր, առանց որոնց կյանք չունեք:
-Վզնոցս, որն արդեն քանի տարի է՝ կրում եմ, ծխախոտ, առանց որի, իսկապես, բացարձակ չեմ պատկերացնում իմ առօրյան, եւ բջջային հեռախոսը:
-Ձեզ՝ որպես տղամարդու, գոհացնելը հե՞շտ է: Անձնական կյանքում բծախնդի՞ր եք:
-Ինձ հետ հեշտ չէ, բայց, միեւնույն ժամանակ, ունեմ հատկություններ, որոնք մյուսների մեջ չեք գտնի: Ամեն դեպքում, փորձում եմ գոհացնել այն մարդկանց, որոնք իմ կյանքում շատ կարեւոր տեղ ունեն, ընդունում են ինձ` իմ լավ ու վատ կողմերով հանդերձ:
-Շարունակե՛ք միտքը. «Իմ կինը միշտ դժգոհում է այն բանից, որ…»
-Էմոցիոնալ եմ եւ անկանխատեսելի: Դեռեւս այսքանը: Ասեմ, որ նա դժգոհությունները հաճախ ցույց չի տալիս:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն մարդկանց, որոնք ամեն բան ասում են երեսին:
-Շատ նորմալ, ես թողնում եմ, որ այն, ինչ իմ մասին մտածում են, ասեն: Դա իսկապես հետաքրքիր է ինձ համար:
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ 20 տարի անց:
-Չեմ կարծում, որ հաջորդ 20 տարում իմ կյանքում այնքան բան կփոխվի, որքան վերջին 20 տարում: Բայց երեւի կլինեմ ամենաբարի, խենթ ու խելագար պապիկներից (ծիծաղում է):
-Ո՞վ է Ձեր սիրելի հեղինակը:
-Ժամանակակիցներից` Էդգար Կոստանդյանը:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-20 տարի հետո իմ կերպարի հետ կապված հարցը. երբեւէ չէի մտածել այդ մասին (ծիծաղում է):

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՊԱՈՒԶԱ ԱՆՈՆ ՈՒ ԹՌՉՈՂ ԿՈՎԸ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի, դերասանուհի Նարինե Ոսկանյանն է, որն առավել հայտնի է Պաուզա Անո բեմական անվամբ:

Նա նախ հիշեց մի դեպք, որը կատարվել է 2003-ին, երբ շոուբիզնեսցիներով եղել են Գյումրիում: «Գնացել էինք համերգի: Ես էի, Մայքլ Քոթանջյանը, Լիլիթ Կարապետյանը եւ այլք, մեծ խմբով էինք: Երբ արդեն Գյումրիից գնում էինք Երեւան, ճանապարհին ստիպված եղանք կանգ առնել, քանի որ ուժգին քամի սկսվեց, կայծակ եղավ, եւ քամին պարզապես քշում էր մեր մեքենան: Մեկ էլ նայեցինք մեր շուրջն ու ի՞նչ տեսնենք՝ թռչող կով: Բանն այն էր, որ փոթորիկը քշում-տանում էր կովին, եւ տպավորություն էր, թե կովը թռչում էր: Մինչ օրս ով այդտեղ եղել է, չի մոռանում այդ տեսարանը»,-պատմեց մեր զրուցակիցը:
Նա ներկայացրեց մեկ այլ պատմություն եւս՝ ոչ պակաս զվարճալի զարգացումներով: «Տարիներ առաջ աշխատում էի ակումբում, հումորային երգեր էի երգում: Մի օր էլ մի հարբած տղամարդ կանչեց պարուհուն ու ինչ-որ բան ասաց ականջին: Այս աղջիկը սկսեց քահ-քահ ծիծաղել: Հետո արդեն այդ տղամարդը մոտեցավ ինձ ու բացատրեց: Ուրեմն այդ տղամարդը պարուհուն հարցրել էր. «Էս երգող գյադեն գալուբո՞յ է, որ ձայնն էդպես բարակ է»: Բացի այն, որ ձայնս բարակ էր, ես էլ այդ օրը ջինսե տաբատով եւ սպորտային գլխարկով էի: Մի խոսքով, այդ տղամարդը մի պահ ամեն ինչ խառնել էր իրար: Այնքան էինք ծիծաղել, որ հազիվ ուշքի եկանք հերթական ելույթն ունենալու համար»,- եզրափակեց երգչուհին՝ հավելելով, որ, անկախ իր կամքից, հաճախ է նմանատիպ պատմությունների կիզակետում հայտնվում:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՍՊԱՆՎԱԾ ԹԻՄԱԿՑԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Արարատ-2»-ը խաղում էր «Բանանց-2»-ի հետ: «Արարատի» ֆուտբոլիստները դաշտ էին դուրս եկել հատուկ խաղաշապիկներով` ի հիշատակ թիմի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանի, որը սպանվել էր ապրիլի 15-ին հրազենային կրակոցների հետեւանքով: Հավելենք, որ դեպքը տեղի էր ունեցել Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում:

 

 

4-ՐԴ ՏԵՂ
Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հունաստանում ավարտվել է վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը վերջին տուրում 2-2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Իտալիայի հավաքականի հետ եւ 12 միավորով կիսել է 3-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով մեր թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

 

 

ԳՎԱՐԴԻՈԼԱՆ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍՈ՞ՒՄ»
Իտալական մի շարք լրատվամիջոցներ սկսել են խոսել այն մասին, որ անգլիական «Մանչեստեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արդեն ամռանը պայմանագիր կկնքի Թուրինի «Յուվենտուսի» հետ: Նշվում է, որ այդ ամենի գաղափարը պատկանում է թուրինցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, որը ցանկանում է թիմի ղեկին տեսնել հենց Գվարդիոլային: Հավելենք, որ Պեպը հաղթել է Իսպանիայի, Գերմանիայի եւ Անգլիայի առաջնությունները, եւ հնարավոր է, որ ցանկանա ուժերը չափել նաեւ Իտալիայում:

 

 

ԿԱՐԾԵՍ ԹԵ ՊԱՐԶ Է
Կայացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի հերթական տուրը: Ամենասպասված խաղը կայացավ Մանչեստերի «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտում`«Յունայթեդ»-«Սիթի» դիմակայության տեսքով: Խաղն ավարտվեց «Քաղաքայինների» հաղթանակով` 0:2: Գոլերի հեղինակ դարձան Բերնարդու Սիլվան եւ Լերոյ Սանեն: Այս խաղը կարող է չեմպիոնական դառնալ, քանի որ առաջնության ավարտին մնում է 3 տուր, իսկ մանչեստրյան ակումբը ունի 89 միավոր, ինչն էլ մեկ միավորով ավելին է «Լիվերպուլի» ցուցանիշից:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս