«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Դատախազության աշխատակցի օր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնատար անձանց, մասնավորապես` նախաքննական մարմինների ղեկավարներին, հրավիրատոմսեր է ուղարկում դատախազության օրվա հետ կապված միջոցառմանը մասնակցելու համար:
Ընդգծենք, որ անցած տարի` թավշյա հեղափոխությունից հետո, դատախազության 100-ամյակին նվիրված միջացառմանը հրավիրվել էին նաեւ նախկին գլխավոր դատախազները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հետաքրքրվեց, թե արդյոք այս անգամ եւս նախկին գլխավոր դատախազներին կհրավիրեն միջոցառմանը: Ի պատասխան` դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին.
«Համակարգի 100-ամյակին նվիրված ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստին նախկին գլխավոր դատախազները հրավիրված են եղել: Սակայն նկատի ունենալով, որ առիթը հոբելյանական չէ, ավանդույթի համաձայն 101-ամյակին եւ Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին նախկին գլխավոր դատախազները չեն հրավիրվել»:
Հավելենք, որ միջոցառմանը ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում