ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ն սպառնում է «դրսից մարդ բերել». «ներքին սպիտակեղենը» երկրից հանելն այլևս ամոթ չէ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցությունն է հայտարարություն տարածել` անդրադառնալով նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Բնականաբար, նախկին իշխանություններն այս ամենը որակել են որպես քաղաքական հետապնդում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: ՀՀԿ-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հանրապետականն այս հարցի եւ նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաեւ միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով»:

Ստացվում է` հերթական անգամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սպառնում են դրսից «մարդ բերել» նոր իշխանությունների վրա: Վերջին շրջանում սա, կարծես թե, ՀՀԿ-ի կողմից պարբերաբար բնույթ ստացող գործելաոճ է դարձել: Սակայն նախկինում, երբ նույնկերպ վարվում էին ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիրները եւ միջազգային ատյաններում բարձրաձայնում էին երկրում տեղի ունեցող գործընթացների մասին, նույն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նրանց մեղադրում էին «ներքին սպիտակեղենը» երկրից դուրս հանելու համար:

2013 թվականին, երբ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի ՓոստանջյանըԵԽԽՎ-ում հարց էր ուղղել Սերժ Սարգսյանին՝ կապված խաղատներ այցելելու հետ, նրան մեղադրել էին կեղտոտ սպիտակեղենը երկրից հանելու համար: Այս քայլի համար Փոստանջյանն անգամ զրկվել էր ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամությունից: 2004 թվականին էլ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն էր մեղադրել ընդդիադիրներին՝ Եվրոպայում Հայաստանի ներսի խնդիրները բարձրաձայնելու համար և հայկական պատվիրակության անհաջողությունները բացատրել էր հենց այդ հանգամանքով:

Եվ հիմա, երբ արդեն ՀՀԿ-ն է ընդդիմություն, պարզվում է` ամոթ չէ երկրի ներքին հարցերը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնելը: Եվ վստահաբար կարելի է ասել, որ մեր երկրի ներսում միշտ կա այն խնդիրը, որ մարդիկ հաճախ գործում եւ արտահայտվում են իրենց կարգավիճակի թելադրանքով, այլ ոչ թե սկզբունքներով: Եվ եթե հակառակ երեւույթը լիներ, եւ սկզբունքները լինեին առաջնային, ապա այսօր ՀՀԿ-ն այդպիսի բան չէր ասի` հիշելով իրենց անցյալի հայտարարությունները եւ միջազգային ատյաններին բողոքելու անթույլատրելիությունը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս