Ինչ է սպասվում գյուղապետերին. այսօր կքննարկեն նրանց ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է լինելու:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը 10 մարզպետներին հրավիրել է հանձնաժողովի նիստին` պարզելու համար, թե ինչպես կարող են լուծել համայնքապետերի հետկանչման թնջուկը:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 23-ին«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որ ստացավ «Հետկանչման օրինագիծ» անունը, ԱԺ պատգամավորները որոշել են հետ կանչել ՀՀ կառավարությունից: Խոսքն այն նախագծի մասին է, որով նախատեսվում էր համայնքի բնակչությանն իրավունք տալ նախաձեռնելու ու տեղական հանրաքվեի դնելու համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը:

Վ. Կարապետյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Հետ ենք կանչել, քանի որ 2007թ. Վանաձորի մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են տեղական հանրաքվե` քաղաքապետի հետկանչի, անվստահության թեմայով: Հանրաքվե անցկացնելու այդ որոշումը հասել է Սահմանադրական դատարան եւճանաչվել է հակասահմանադրական»:

Ըստ մեր տեղեկությունների` հանձնաժողովը նախագծի հետկանչումից հետո որոշել է այլ տարբերակներ գտնել իրենց ծրագիրն իրականացնելու համար: Ու որոշվել է Տեղական ինքնակառավարման բարեփոխման հայեցակարգ մշակել ու բոլոր համայնքներում համամասնական ընտրություններ իրականացնել, որի միջոցով էլ արդեն կկարողանան համայնքապետից ցանկացած պահին «հրաժարվելու» մեխանիզմ ունենալ:

Այսինքն`համայնքներում կընտրվի ավագանի, որի միջոցով էլ արդեն կընտրվի համայնքապետ:

Ու դա է պատճառը, որ Վ. Կարապետյանը մարզպետներին հրավիրել է հանձնաժողովի նիստին` հասականալու համար` արդյոք հնարավոր կլինի այդ մեխանիզմով լուծում տալ բոլոր համայնքներում ծառացած այդ խնդրին:

Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում արդեն կհստակեցվեն բոլոր հարցերը: Ի դեպ, մարզպետները հանձնաժողովի նիստից հետո պետք է շտապեն հայրենի կառավարություն, որտեղ տեղի կունենան կառավարության կոմիտեների նիստերը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս