Ինչպես հայտնի է, հունիսի 4-ից Արցախում ստորագրահավաք է սկսվել Սահմանադրության 48-րդ հոդվածը փոփոխելու հարցը հանրաքվեի դնելու համար: Այդ փոփոխությունները նախաձեռնել են Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցները, որը հնարավորություն կտա վերջինիս առաջադրվել որպես Արցախի նախագահի թեկնածու:
Ըստ այդմ, Բաբայանի կողմնակիցները ցանկանում են փոփոխել այն դրույթը, որը սահմանում է, թե ով կարող է լինել Արցախի Հանրապետության նախագահ եւ Ազգային ժողովի պատգամավոր: Գործող հիմնական օրենքով նախագահի թեկնածուի համար պարտադիր է տասը տարվա Արցախի քաղաքացիության ու տասը տարվա մշտական բնակության պահանջը: Եվ, ահա, նախաձեռնող խումբն առաջարկում է տասը տարվա քաղաքացիության փոխարեն սահմանել, որ նախագահի թեկնածու կարող է լինել «Վերջին 10 տարում ԱՀ եւ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 3 տարում ԱՀ եւ կամ ՀՀ բնակվող քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր ոք»:
Եվ նույնկերպ Ազգային ժողովի պատգամավորներին վերաբերվող կետում առաջարկվում է գրանցման եւ մշտական բնակության 5-ամյա պահանջները փոխարինել երեք տարով: Եվ այս երկու փոփոխություններով էլ առաջարկվում է ընտրվելու հնարավորություն տալ ՀՀ քաղաքացիներին: Ստորագրահավաքը սկսվել է հունիսի 4-ին եւ շարունակվելու է մինչեւ հուլիսի 18-ը: Ըստ Արցախի ԿԸՀ համապատասխան որոշումների` ստորագրահավաքի գրասենյակները գործելու են համայնքապետարաններում: Ստորագրահավաքին կարող են մասնակցել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները:
Արցախի Սահմանադրության համաձայն` ստորագրահավաքը կատարված լինելու համար պետք է լինի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն տասը տոկոսի ստորագրությունը, որիցհետո փաստաթուղթն ուղարկվում է Ազգային ժողով, իսկ արդեն հանրաքվեն նշանակվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Այսինքն` ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների տասը տոկոսի ստորագրությունը դեռ բավարար չէ հարցը հանրաքվեի դնելու համար, եւ դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին Ագզային ժողովի որոշումը:
Ստացվում է` այդքան ստորագրությունները դեռ բավարար չեն հարցը հանրաքվեի դնելու համար, եւ այդ հարցը պետք է քննարկվի խորհրդարանում եւ ընդունվի պատգամավորների ձայների 2/3-րդով. ստացվում է` պատգամավորների ձայներն են որոշիչլինելու: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բաղունցի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում