ՊՎԾ վարչության պետը` իր եղբոր և ԱԱԾ-ի գործարքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործի եւ իր եղբոր ազատվելու մասին:

Ինչպես հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ծանր հետեւանքներ առաջացնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին:

Այս գործով կալանավորվել էին Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը եւ Ադյանի ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանը: Կարճ ժամանակ անց, սակայն, ԱԱԾ-ն նրանց ազատ արձակեց: Ազատ արձակելը եւս խորը արմատներ ուներ, մասնավորապես այն, որ, մամուլի հրապարակումների համաձայն, Սամվել Ադյանը ցուցմունք էր տվել Դավիթ Սանասարյանի դեմ եւ դրա դիմաց է ազատ արձակվել կալանքից:

-Պարո՛ն Ադյան, երկու եղբայր աշխատել եք ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում, եւ Ձեր եղբայրը ներկայումս անցնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին պետի մասով հարուցված քրեական գործով: Հրապարակվեց այն մասին, որ այս քրեական գործով ՊՎԾ բոլոր աշխատակիցներին հարցաքննում են, ավելին` անգամ Ձեր անունը այս քրեական գործով շոշափվեց: Ձեզ կոնկրետ հարցաքննության կանչե՞լ են:

-Սկսենք երկրորդ հարցից, որ երբեւիցե չեմ հրավիրվել հարցաքննության եւ երբեւիցե առնչություն չեմ ունեցել այդ գործի հետ:

– Ձեր եղբայրը ի սկզբանե կալանավորվեց, եւ զարմանալի կերպով նախաքննական մարմինը չմիջնորդեց, որ նրա կալանքը երկարաձգվի: Բայց լուրեր կան, որ նա ԱԱԾ-ի հետ գործարքի գնաց. ըստ մամուլի` նա ցուցմունք տվեց Դավիթ Սանասարյանի դեմ, որն իր ազատության գինն էր:

-Ուրեմն, յուրաքանչյուր անձ կարող է իր մեկնաբանությունը տալ, թե ինչի համար ազատ արձակվեց Սամվել Ադյանը, բայց գոյություն ունի օրենսդրություն: Ադյան Սամվելը ազատ է արձակվել դատարանի որոշմամբ, քանի որ դատարանը գտել է, որ այդ մարդու` կալանքի տակ գտնվելը նպատակահարմար չէ, եւ նա հետագայում չի խոչընդոտի որեւէ կերպ քննությանը:

-Այսինքն` ԱԱԾ-ի հետ գործարքի չի՞ գնացել:

– Համագործակցություն նախաքննական մարմինների հետ, ես, ճիշտն ասած, նման բան չեմ կարող մեկնաբանել, թե նման բան կա, թե չկա, ես կարծում եմ` նման բան չի կարող լինել: Քրեական գործ է, իր ընթացքով գնում է, ամեն մարդ կարող է այդպես մեկնաբանել: Այսինքն` որեւէ պայմանագի՞ր են կնքել, ի՞նչ են արել:

-Օրինակ` ասել են` գրի՛ր Դավիթ Սանասարյանի դեմ կամ որեւէ մեկի դեմ ու դու ազատ կլինես:

-Ոչ, ես կարծում եմ` յուրաքանչյուր անձ գիտակցում է սուտ մատնություն եւ սուտ ցուցմունք տալու մեծ մեղքը, եւ նման գործարքի որեւէ խելամիտ անձ չէր գնա:

– «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը խոր արմատներ ունի: Մեզ հասած լուրերի համաձայն` դիալեզի սարքավորում ներկրող անձանցից մեկին ասել են, թե նա այլեւս չի կարող զբաղվել այդ բիզնեսով կրիմինալի հետ կապեր ունենալու պատճառով:

Օրինակ` Գերմանիայում ապրող Նարինե Կարապետյանը արդեն 25 տարի է, ինչ դիալեզի սարքավորումներ եւ մաքրման հեղուկներ է ներկրում Հայաստան: Նրան այլեւս թույլ չեն տվել սարքավորումներ ու հեղուկներ ներկրել` հայտնելով, թե այդ ներկրված սարքավորումները կապ ունեն էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի հետ: Այսինքն` ՊՎԾ-ում այդպե՞ս եք գործ անում. եթե կրիմինալի հետ կապ ունի, չի՞ կարող համագործակցել Ձեզ հետ:

-Նման անձնավորված մոտեցումներ որեւէ պետական մարմին իրավասու չէ ունենալ: Այսինքն` ընդհանրապես նշանակություն չունի` ում է պատկանում: Գաղտնի փաստաթղթերում միգուցե անհրաժեշտությունը լինի նշելու, թե ում հետ է կապված ու մասին է խոսքը, բայց անձնավորված որեւէ գործողություն, ես կարծում եմ, չի իրականացվում:

Կոնկրետ այդ մասով կարող եմ ասել` Պետական վերահսկողական ծառայությունը իր հայտարարությունը հստակ տարածել է, եւ այնտեղ հստակ նշված է` գնումների մասին օրենսդրության այս, այս, այս, խախտումների արդյունքում տարիներ շարունակ ընթացակարգերին մասնակցել են միակ անձը, եւ այդ մասով դատախազությունն էլ տարածեց, որ քրեական գործ է հարուցված: Անձնավորված որեւէ բան պետական մարմինը իրավասու չէ անել եւ չի անում:

-Մամուլը գրեց, որ Դավիթ Սանասարյանի դեմ ՊՎԾ-ում կոնկրետ մարդիկ են աշխատել եւ ամեն ինչ արել են նրան հանելու համար: Այս մասին ի՞նչ կասեք:

-Ես` որպես Պարոն Սանասարյանի հետ աշխատած անձ, բազմիցս ասել եմ եւ ես մեկ անգամ կարող եմ ասել, որ պարոն Սանասարյանը անկեղծ, ազնիվ, անաչառ ղեկավար է եղել եւ պարոն Սանասարյանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել տարբեր սխեմաների մեջ մտնելու, այսպես ասեմ, եւ այն մեղադրանքը, որ իրեն առաջադրվում է այս գործով, իբրեւ թե այնպես են արել` ինչ-որ կազմակերպություն հաղթի մրցույթում, որը որ չի էլ հաղթել:

-Այսինքն` նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը անհի՞մն եք համարում, այս քրեական գործը անհի՞մն եք համարում:

-Ես ինձ իրավունք չեմ վերապահի նախաքննական մարմնի գործողությունները քննարկելու, նախաքննական մարմնի գործողություններում, կարծում եմ, կլինեն այնպիսի հիմնավոր փաստարկներ, որի արդյունքում այդ մարդիկ գործը հարուցել են: Չի կարող լինել այնպես անձնավորված գնան մարդ ձերբակալեն: Մենք հո բոլորս տեղյակ չե՞նք նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը, չէ՞, տեղյակ չենք:

Քնար Մանուկյան




Լրահոս