Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանը շրջաբերական է ուղարկել մարզի համայնքների ղեկավարներին, որտեղ նշված է` իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքների համաձայն` վերջին ժամանակահատվածում բնակչության շրջանում դիտվում է վայրի եւ տնային (մասնավորապես՝ թափառող) կենդանիների կողմից կծվածության դեպքերի աճ, ինչը չի բացառում բնակչության շրջանում կատաղության հիվանդության արձանագրումը:
Կենդանիների շրջանում արձանագրվել են կատաղության լաբորատոր տվյալներով հաստատված դեպքեր: Նշենք, որ նման դեպքեր 2018-ին եղել են Կոտայքի, 2019թ.` Արմավիրի եւ Տավուշի մարզերում։ Շրջաբերականում ասված է, որ չնայած ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումներին` այսօր առկա են մի շարք խնդիրներ, որոնք դուրս են Առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակներից, սակայն պահանջում են հրատապ լուծում, մասնավորապես` բացակայում են կենդանիների հաշվառման եւ գրանցման համակարգը, լիարժեք համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների եւ անասնաբուժական, բնապահպանական ծառայությունների միջեւ, քանզի կենդանիների շրջանում, հատկապես` վարակիչ հիվանդությունների ուղղությամբ, մասնագիտացված եւ առավել խորը լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար հնարավոր չի լինում կազմակերպել որսված կամ անկած կենդանիների տեղափոխումը համապատասխան անասնաբուժական լաբորատորիաներ:
Դա խոչընդոտում է հասկանալու կենդանիների շրջանում առանձին վարակիչ հիվանդություններով վարակվածությունը, որի արդյունքում հանրային առողջապահության ոլորտում իրականացվող միջոցառումները կարող են, ժամանակի առումով իրականացվել ուշացումներով: Խնդրահարույց է ընտանի կաթնասուն կենդանիների զբոսանքի կազմակերպումը, քանի որ հատկացված չեն վայրեր (համապատասխան ցուցանակներով)` ապահովված կենդանիների արտաթորանքների համար տարողություններով: Ավելին` անգամ անհատների կողմից իրենց իսկ կողմից տիրապետվող կենդանիների զբոսանքը կազմակերպվում է առանց կենդանու համապատասխան դնչկալների: Խնդիրն առավել մտահոգիչ է մարզերում, քանի որ վայրի կենդանիները համարվում են կատաղության հիվանդության բնական պահոց, դրանք չհիվանդանալով կարող են հիվանդությունը փոխանցել ընտանի եւ գյուղատնտեսական կենդանիներին:
Այնուհետեւ շրջաբերականում գրված է. «Հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում նաեւ վայրի կենդանիների շրջանում միջոցառումներ կազմակերպելը, մասնավորապես` կանխարգելիչ պատվաստումների մասով: Կարեւորելով վերը նշվածը` առաջարկվում է կանոնակարգել ներկայացված հարցերը (քննարկել ավագանու հետ, մշակել եւ հաստատել ընտանի կենդանիների պահելու եւ հաշվառելու կանոնները): Հարցերը կարգավորելու ընթացքում կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը, որն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու ձեռնարկվող աշխատանքներին»: Թե Տավուշի մարզի վայրի որ կենդանիներին, որտեղ, ինչպես եւ ովքեր պետք է կանխարգելիչ պատվաստումների ենթարկեն, գրության մեջ չի նշվում: Դժվար է պատկերացնել, որ Տավուշի անտառներից գայլեր եւ աղվեսներ են բռնում եւ սրսկում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ