Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում Հնդկաստանի դեսպանի կատարած աշխատանքը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու սերտացման գործում: «Հայաստանին և Հնդկաստանին, հայ և հնդիկ ժողովուրդներին միավորում են պատմամշակութային սերտ կապերը, դարավոր բարեկամությունը, և Ձեր գործունեությամբ Դուք նպաստել եք հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացումը և հետաքրքրված է համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Շնորհակալություն հայտնելով վարչապետ Փաշինյանին ջերմ խոսքերի համար՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունները խորքային են, գալիս են հազարամյակներից և այժմ էլ գտնվում են բարձր մակարդակի վրա: Յոգեշվար Սանգվանը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկու երկրների համագործակցությունն առաջ մղելու համար: Նա նշել է, որ վիզային ռեժիմի դյուրացման արդյունքում զգալիորեն ավելացել է Հնդկաստանից զբոսաշրջիկների թիվը, ինչը նպաստել է տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը, քայլեր են իրականացվել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության զարգացման, գործարար համայնքների միջև կապերի ակտիվացման հարցերի շուրջ:

Վարչապետը խնդրել է Հնդկաստանի վարչապետին փոխանցել իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և Հայաստան այցելելու հրավերը: Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել դեսպան Սանգվանին հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա կմնա հայ ժողովրդի և Հայաստանի լավ բարեկամը:




Լրահոս