Հայաստանի վարկանիշի թիվ մեկ պատասխանատու անձը պետք է լինի հենց Նիկոլ Փաշինյանը. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստին որոշում էր կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի հրապարակած որոշման հարցը բարձրաձայնել միջազգային ամբիոններում: Ըստ ՀՀԿ-ականների` Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը եւ կայացրել է բացառապես քաղաքական որոշում: ԳՄ-ականների կարծիքով` Ռոբերտ Քոչարյանի թվով երրորդ կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսեւորումն է:

Հանրապետականները որոշել են այս հարցի եւ նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնել միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ` պարզելու համար` ինչու են իրենցիսկկողմից որակված «ներքին սպիտակեղենը» որոշել երկրից դուրս հանել:

-Պարո՛ն Աշոտյան, արդեն ՀՀԿ ԳՄ-ում որոշել եքՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի հրապարակած որոշման հարցը բարձրաձայնել միջազգային հարթակներում. ո՞ր հարթակների մասին է խոսքը, որտե՞ղ է պատրաստվում ՀՀԿ-ն բարձրաձայնել Ռ. Քոչարյանի կալանավորման հարցը:

-Հայաստանի հանրապետական կուսակցությունը Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական ուժն է, անգամ այսօր արտախորհրդարանական կարգավիճակում ոչ միայն պահպանել է իր միջազգային կապերը, արտաքին հարաբերություններում իր լուման ունի, այլ այդ կապերը բավականին զարգացրել է: Ու այնտեղ, որտեղ այդ կապերը կան` լինեն նախկին խորհրդարանական ձեւաչափերի, անձնական շփումների արդյունքում կուտակած քաղաքական կապիտալ, միջկուսակցական կապեր, միջազգային կառույցներ, այդ բոլոր հարթակներում Հանրապետականը պարբերաբար հնարավորություն ունեցել է, ունի եւ կունենա բարձրաձայնելու ինչպես ՀՀ-ի պետականու ազգային շահերին վերաբերող խնդիրներ, այնպես էլ ներքաղաքական իրավիճակի մասին պարբերական հաղորդագրություններ, հանդիպումների ժամանակ տարաբնույթ հարցեր, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին: Սա առաջին անգամը չէ. մենք դեռեւս անցյալ տարի էինք Ռ. Քոչարյանի առաջին կալանավորման ժամանակ բարձրաձայնել այս մտադրության մասին, այս ընթացքում նաեւ աշխատում ենք այդ ուղղությամբ:

-Այսինքն` Ռոբերտ Քոչարյանի կալանավորո՞ւմն է ապօրինի համարում ՀՀԿ-ն, թե՞, ընդհանրապես, համարում եք, որ Քոչարյանի դեմ հարուցված գործն է ոչ օրինական:Կոնկրետո՞ր հարցն եք բարձրաձայնելու միջազգային հարթակներում:

-Մենք հայտարարություն ենք արել, որը շատ սպառիչ է. սա մեր առաջին հայտարարությունը չէ, Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, գործով ՀՀԿ-ն մի քանի հայտարարությամբ է հանդես եկել: Մեր գնահատականները այդ իմաստով շատ սպառիչ են: Մենք հստակ նշել ենք, որՎերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը եւ կայացրել է բացառապես քաղաքական որոշում:

-Բայց երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, հայտարարում էր, որերկրի «ներքին սպիտակեղենը» պետք չէ դուրս հանել ու ներկայացնել միջազգային հանրությանը: Ստացվում է, որ ՀՀԿ-ն այսօր մի գործելաոճով է սկսել աշխատել, որի համար տարիներ շարունակ մեղադրել է նախկին ընդդիմությանը: Որքանո՞վ եք դա ճիշտ համարում:

-Եթե խոսքը գնում է «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի դեպքի հետ կապված, ապա այդ ամենը զուգահեռ տանել առնվազն տարօրինակ է, քանի որ շատ լավ գիտեք` ինչի մասին էր հայտարարում Զարուհի Փոստանջյանը, արդյոք իրխոսքը` ուղղված Սերժ Սարգսյանին, երկրի քաղաքական խնդիրների՞ն էր վերաբերվում:Կարծում եմ` լավ եք հիշում, թե Փոստանջյանը ինչի մասին էր խոսում: Պետք չէ համեմատական տանել: Գիտեք, եթե ՀՀ վարչապետը իրենթույլ է տալիս գնալ ՄԱԿ-ի ամբիոն, Եվրոպառլամենտի ամբիոն, ԵԽԽՎ ամբիոն եւ այն մարդկանց աշխատանքը, ովքեր տարիներ շարունակ այդ ամբիոններում ու միջազգային այլ հարթակներում պաշտպանել են ՀՀ-ի ու Արցախի շահերը, ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանը նետված մարտահրավերներ են չեզոքացրել, տարաբնույթ բանաձեւեր են շրջանառությունից հանել, բերել են սեփական նախաձեռնությունները` ՀՀ-ի ու Արցախի շահերից ելնող, եթե այդ ամենից հետո Ն. Փաշինյանը թույլ է տալիս իրեն բարձր ամբիոններից խոսել նախկին իշխանությունների մասին` որպես կոռումպացված թալանչիների մասին, ապա, բնականաբար, դրա հակազդեցությունը պետք է լինի եւ լինելու է:

Բանը հասել է նաեւ նրան, երբ որ ադրբեջանական պատվիրակները ԵԽԽՎ-ում ամբիոնից Սերժ Սարգսյանին եւ Ս. Սարգսյանի իշխանությունը, որնիրենց դեմ կռիվ տված, Արցախում հաղթանակներ ապահոված, քաղաքական ճակատը ամուր պահող իշխանություն էր, եւ երբ ադրբեջանցի պատվիրակները դուրս են գալիս եւ նախորդ իշխանություններին հայհոյում են, պիտակավորում են, գործող իշխանությունների ոչ մի ներկայացուցիչ լայաղ չի անում քաղաքական պատասխան տալ` չհասկանալով, որ ադրբեջանցիների նման պահվածքը անպատասխան թողնելով` վնասում է ՀՀ-ի ու Արցախի պետական շահերը:

-Այսինքն` Ձեր` միջազգային հարթակներից ներկայիս իշխանություններին քննադատելը չի՞ վնասելու Հայաստանի վարկանիշը:

-Այսօրվա ՀՀ-ի վարկանիշի մասին թիվ մեկ պատասխանատու, մտահոգ անձը պետք է լինի հենց Նիկոլ Փաշինյանը, որը, ցավոք սրտի, իր վարվող արտաքին ուներքին քաղաքականնությամբ միայն վնասում է ՀՀ-ի վարկանիշին, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քաղաքական հետապնդմամբ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս