Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հունիսի 16-ին տեղի ունեցած համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իրենք կհամագործակցեն այն ուժերիհետ, որոնք պայքարել են նախկին ռեժիմի դեմ, սակայն անուններ չէրնշել: Կուսակցության շատ ներկայացուցիչներ եւս իրենց հարցազրույցներում խուսափում էին հստակ անուններ նշել՝ ասելով, թե այդ առումով որեւէ քննարկումներ չեն եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 26-ի հայտնի հայտարարությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դեռեւս հանդիպում չեն ունեցել դաշտում առկա առավել հայտնի այնպիսի ուժերի հետ, որոնք հայտնի են նախկին ռեժիմի դեմ պայքարով:
Օրինակ` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության անդամ Գրիգոր Հարությունյանը ընդգծեց, թե ինքը վարչապետի խոսքերն այլ կերպ է ընկալել, եւ անպայման չէ, որ համագործակցություն ասվածը լինի որեւէ ձեւաչափով եւ կամ պաշտոնի ակնկալիքով: Հարությունյանը նաեւ ընդգծեց, որ իրենք իշխող ուժի հետ քննարկումներ, զրույցներ այդ թեմայով հայտարարությունից հետո դեռեւս չեն ունեցել:
Իսկ, ահա, «Լիբերալ» կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը դեռեւս չի շտապում իր գնահատականը տալ ՀՀ վարչապետի հայտարարությանը եւ իշխող ուժի հետ հնարավոր համագործակցությանը: Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդ հայտարարությունից հետո իրենք առաջարկություն որեւէ չեն ստացել եւ դժվարացավ ասել, թե ինչպիսի արձագանք կլինի այն ստանալուց հետո:
«Ժառանգություն» կուսակցությունը եւս իշխող ուժից համագործակցության առաջարկ դեռեւս չի ստացել: Կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենք իշխող ուժի հետ, այնուամենայնիվ, համագործակցության եզրեր տեսնում են:
Թերեւս առաջիկայում միգուցե այլ ուժերի հետ համագործակցության առումով կոնկրետ քայլերի ականատես լինենք, որից հանրությունն էլ կհասկանա, թե որ ուժերն են դրանք, եւ ինչ համագործակցության մասին է խոսքը:
Մանրամասները՝ տեսանյութում