«Փյունիկից» հեռանալու որոշումը դժվար տրվեց. Ռումյան Հովսեփյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի բուլղարական «Արդա» ակումբի կազմում:Այս առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ հարցազրույց է վարել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանի հետ:

-Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք բուլղարական «Արդա»:

-Ես հանգստի մեջ էի, երբ ինձ զանգահարեց գործակալս եւ տեղեկացրեց,որ ակումբ կա,որը հետաքրքրված է իմ ծառայություններով: Լսեցի պայմանները, ծանոթացա պայմանագրին, եւ գործարքը կնքվեց: Պայմանագիրը կնքվել է երկու տարով եւ ուժիմեջ է մինչեւ 2021 թվականի մայիսի 24-ը:

-Հայաստանից հեռանալու որոշումը դժվա՞ր եք կայացրել:

-Այո, շատ դժվար էր «Փյունիկից» հեռանալը,որովհետեւ մեծ է կապվածությունը տղաների հետ, բայց սա է ֆուտբոլային կյանքը: Հեռանալը դժվար էր, սակայն շատ էի ցանկանում հանդես գալ Հայաստանից դուրս:

-Կայի՞ն այլ ակումբներ, որոնցից ունեիք առաջարկներ:

-Եւս մի քանի ակումբներ կային,որոնք հետաքրքրված էին իմ տրանսֆերով, սակայն դրանք այդքան էլ լուրջ չէին, եւ ես ընդունեցի ամենալուրջ առաջարկը:

-Ի՞նչ տպավորություններ ունեք Բուլղարիայից:

-Տպավորությունները շատ լավն են: Ինձ հիանալի ընդունեցին Բուլղարիայում,մթնոլորտը անչափ ջերմ էր: Նաեւ կարող եմ ասել,որ ամեն բան կազմակերպված էր բարձր մակարդակով,ինչն էլ նպաստեց,որ ամեն ինչ արագ ստացվի, եւ գործընթացը ունեցավ իր տրամաբանական ավարտը:

Այսպիսով, բուլղարական «Արդա» ակումբը Ռումյան Հովսեփյանի կարիերայում դարձավ 7-րդը: Մինչ այս հայազգի ֆուտբոլիստը հանդես է եկել «Բանանցում»,«Շիրակում»,«Իմպուլսում».«Փյունիկում»,Դոնեցկի «Մետալուրգում» եւ «Ստալում»:
Հավելենք նաեւ,որ «Արդայի» առաջիկա հանդիպումը բուլղարական «Սլավիա Սոֆիայի» հետ է, որը լինելու է ընկերական եւ կայանալու է հունիսի 28-ին, իսկ առաջնության առաջին խաղում «Արդայի» մրցակիցը կլինի «Բոտեվը»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս