Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ից Ռուսաստանը Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես կդադարեցնի: Իսկ այս ընթացքում ռուս զբոսաշրջիկները չեղարկում են Վրաստանի հյուրանոցներում, հյուրատներում ամրագրած համարները, բայց դա չի խանգարում վրացական տուրընկերություններին ակտիվ քարոզել, գովազդել եւ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել դեպի իրենց երկիր: Ավելին` վերջին օրերին վրացական դիվանագիտական առաքելությունները եւս օտարերկրացիներին հրավիրում են հանգստանալ Վրաստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վրացական տուրընկերություններն անգամ վիդեոռոլիկներ են նկարահանում ու տարածում՝ ռուս, բելառուսցի, ուկրիանիացի զբոսաշրջիկների մասնակցությամբ, որտեղ նրանք հայտարարում են, որ Վրաստանը զբոսաշրջային լավ երկիր է, անվտանգ է, իսկ վրացիները հյուրընկալ են: Ասել է թե՝ վրացիները փորձում են հանրությանը ցույց տալ, որ ՌԴ-ի՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցնելը չի կարող ոչինչ փոխել:
Թվում էր, թե այս ամենի արդյունքում Հայաստանը կօգտվի այս «հնարավորությունից» եւ առավել ակտիվ կզբաղվի ավելի շատ թվով զբոսաշրջիկներ Հայաստան բերելու հարցերով, բայց պատկերը հակառակն է: Պարզվում է՝ Զբոսաշրջության պետական կոմիտեն ոչինչ չի ձեռնարկում՝ ամեն ինչ թողնելով մասնավոր հատվածի ուսերին: Կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանի հետ հնարավոր չի լինում կապ հաստատել: Հայաստանում զբոսաշրջությունը համարվում է տնտեսության գերակա ճյուղ: Մասնագետների պնդմամբ` Հայաստանը տուրիստական գովազդի շուկայում պասիվ է, փոխարենը Վրաստանն է ակտիվ, նաեւ Ադրբեջանը: Չի բացառվում, որ ամիսներ անց պարզվի, որ Վրաստան դարձյալ ավելի մեծ թվով զբոսաշրջիկ է այցելել, քան Հայաստան:
Ու եթե որեւէ զբոսաշրջիկ Հայաստանի տաքսու «գրդոնչի» վարորդների, հասարակական զուգարանների բացակայության եւ խայտառակ ավտոճանապարհների մասին պատմի իր ծանոթ-բարեկամին, դժվար թե որեւէ մեկը ցանկանա Հայաստան գալ: Այդ իսկ պատճառով զբոսաշրջության զարգացման գործընթացը ամենօրյա շարունակական աշխատանք է՝ կոնկրետ ոլորտներ կարգավորելով: Ընդ որում, այդ կարգավորումները պետք է սկսել ներսից, իսկ Հայաստանը դրսում ճանաչելի դարձնելու խնդիր ունի: Արդյոք զբոսաշրջության պետական կոմիտեն զբաղված է այդ խնդրի լուծմամբ` հարց է: Այս պահի դրությամբ չի երեւում կոմիտեի՝ Հայաստանը դրսում գովազդելու ու ճանաչելի դարձնելու աշխատանքը:
Սյունէ Համբարձումյան