Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը ամուսնու` Սուրեն Փահլեւանյանի հետ այս ամռանը իր հանգիստը կվայելի հավանաբար Կարմիր ծովում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ հանգստի պասիվ տարբերակն է նախընտրում եւ անպայման` ծովի ափին. «Ի դեպ, լողալ շատ չեմ սիրում: Ինձ համար հաճելին ծովը վայելելն է թե՛ լուսաբացին, թե՛ մայրամուտին»,- ասաց նա:
Հաղորդավարուհին էքստրեմալ, ակտիվ հանգիստ առանձնապես չի սիրում: Նա նախընտրում է իր խաղաղությունը վայելել ոչինչ չպարտադրող միջավայրում: Իսկ հարցին, թե արդոք ամեն անգամ դստերը իրենց հետ տանում են հանգստի եւ, առհասարակ, որն է ճիշտ` այն, որ զույգերը մեկնեն հանգստի երեխաների հետ, թե առանց նրանց, Յանան պատասխանեց. «Ամեն տարի աղջկաս տարել ենք մեզ հետ ծով, բայց այս տարի հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Նա արդեն իսկ հասցրել է մայրիկիս հետ մեկնել Սեւ ծով, ուստի մեզ հետ արդեն չի գա հանգստի»:
Մենք մի փոքր էլ գործնական կյանքի մասին զրուցեցինք: Յանան տեղեկացրեց, որ այդ առումով 2019-ը իր համար հաջող տարի է: Կան մի շարք նոր ծրագրեր, որոնք այս տարի կյանքի կկոչվեն: Հիմա էլ նա ստեղծագործական բուռն պրոցեսի մեջ է, ի դեպ, ոչ միայն որպես հաղորդավարուհի: Յանան իր համար նոր զբաղմունք է գտել, որին բավականին լուրջ է վերաբերվում. «Զբաղվում եմ ռեժիսուրայով, ընդ որում` թե՛ տեսականորեն, թե՛ պրակտիկ մասով խորացել եմ այս մասնագիտության մեջ: Ավելի կոնկրետացնելով նշեմ, որ իմ դեպքում խոսքը տեսահոլովակների ռեժիսուրայի մասին է: Կարծում եմ` վատ չի ստացվում»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նա տեղեկացրեց, որ հասցրել է Իրինա Հարությունյանի, Հայկ Հունանյանի տեսահոլովակների ռեժիսորը լինել: Ընդ որում, Յանան գրում է նաեւ տեսահոլովակների սցենարները. «Սա նոր զբաղմունք է ինձ համար, որին մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում»,-եզրափակեց նա:
Անի Անտոնյան