Արտակ Բարսեղյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի հարուստ դատավորներից է: Armlur.am-ը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ դրամական միջոցներն անցած տարեվերջին կազմել են 55 մլն դրամ եւ 50 հազար դոլար: Ի դեպ, դատավորը նախորդ տարվա ընթացքում 500 հազար դրամով վաճառել է Nissan X Terra 4.0 մակնիշի ավտոմեքենա: Դատավոր Բարսեղյանի տարեկան եկամուտը կազմել է ընդհանուր 15 մլն 616 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ դատավորը ամսական ստացել է 926 հազար դրամ աշխատավարձ: Բացի այս, 4 մլն դրամի չափով ՙայլ եկամուտ՚ է ստացել: Թե որտեղից է գոյացել եկամուտը, պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Բայց նկատենք, որ դատավորը միշտ 3-ից 4 մլն դրամի չափով եկամուտ է ունեցել:
Բայց դատավորի կնոջ`Աննա Բարսեղյանի եկամուտը կազմել է 1 մլն 200 հազար դրամ, որը գոյացցել է ձեռնարկատիրական գործունեությունից: Դատավորի կինը դրամական միջոց չունի, անշարժ եւ շարժական գույք եւս: Համենայնդեպս, հայտարարագրում նշված չէ:
Ի դեպ, ուսումնասիրելով դատավորի 2016 թվականի պաշտոնական հայտարարագիրը պարզ դարձավ, որ Բարսեղյանը այդ տարում 61 մլն 791 հազար դրամով վաճառել է հասարակական նշանակության մեկ շինություն: Իսկ ահա 2015 թվականին Արտակ Բարսեղյանը 19 մլն դրամով Audi Q7 Quattro 3.6 մակնիշի ավտոմեքենա է գնել: Նույն տարում 192 հազար դրամով ավտոտնակ է գնել, 417 հազար դրամով`հողամաս:
Իսկ ահա 2014 թվականը դատավորի համար բավականին հաջողակ տարի է եղել. նա այդ տարում ձեռք է բերել հասարակական նշանակության 67 մլն 480 հազար դրամ արժողությամբ մեկ շինություն, 9 հողամաս`ընդհանուր 19 մլն 534 հազար դրամ արժողությամբ, 6.8 մլն դրամանոց բազմամյա տնկի, 30.7 մլն դրամ արժեքով շինություն, 19 մլն դրամանոց մեկ բնակարան, 38 մլն 380 հազար դրամ արժողությամբ արտադրական նշանակության շինություն: Ի դեպ, նշված գույքը դատավորը ձեւակերպել է որպես ժառանգություն:
Սյունէ Համբարձումյան