Նոր բացահայտումներ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:

Մասնավորապես, վերը նշված եղանակով որպես սեփականություն ձեռք են բերվել`

Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15.000 քմ մակերեսով և Բաբաջանյան 24 հասցեի 57.000 քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաև նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 և 48 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 731, 761, 701 և 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ,

Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող 8.9 հա, 9.1 հա, 8 հա, 9 հա, 5.6 հա, 7.2 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի հողամասեր և 4092 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս,

Արարատի մարզի Նարեկ գյուղում գտնվող 90 հա մակերեսով վարելահող և 30 հա մակերեսով արոտավայր:

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, որի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքերով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Որոշումների օրինակներն ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան, Մխչյան և Նարեկ համայնքներին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` հնարավոր այլ չարաշահումներն ու դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:




Լրահոս