Կարծում եմ՝ սա նոր Հայաստանն է. ArmLur.am-ի հրապարակումից հետո հարցը կարգավորվել է․ Լյովա Խաչատրյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.amօրեր առաջ գրել էր, որ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում գյուղացիները՝ աշխատուժի բացակայության պատճառով չեն կարողանում բերքահավաք իրականացնել։ Այս ահազանգն արել էր ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը։

Նա ընդգծել էր, թե պատճառը աշխատուժն է, դպրոցականին էլ չեն թողնում գա, աշխատի։ Ընդ որում, գյուղացիները պետք է նաեւ բողոքի ակցիա իրականացնեին։

Սակայն մեր հրապարակումից հետո՝ կարճ ժամանակ անց, խնդիր ամբողջությամբ կարգավորվել է։ Լյովա Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց գործընթացից։ «Երբ հարցի մասին բարձրաձայնեցիք, ինձ զանգահարեցին, հրավիրեցին հանդիպման, քննարկման։ Շատ օպերատիվ կերպով արձագանքեցին թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն եւ շատ զարմանալի կերպով», – նշեց նա։

Խաչատրյանը պատմեց, որ հրապարակումից ժամեր անց իրեն զանգահարել եւ հրավիրել են հանդիպման Արմավիրի մարզի ոստիկանության պետի հետ, որն արդեն կայացել է մյուս օրը՝ առավոտյան։ «Առավոտ 08։30 հարցը քննարկել եմ Արմավիրում, հանդիպել եմ ոստիկանության պետի հետ մարզային, կես ժամ անց հարցն իր գործառույթների շրջանակներում լուծել է։ Զրուցեց հեռախոսով ԱԱԾ պետի հետ, նա հրավիրեց քննարկման, ժամը 9ին մոտավոր եղել եմ նրա մոտ, քննարկել ենք իրար հետ, լուծում է տվել հարցին։ Մնում էր անչափահասների խնդիրը, անվտանգության պետն ասաց մի փոքր ուշ զանգահարեմ, զանգահարեցի, հարցերը համաձայնեցրել էին սահմանապահների հետ, որ անչափահասներին եւս կարելի է գալ։ Հարցն ամբողջությամբ լուծվել է», – հավելեց նա։

Նախկին պատգամավորն իսկապես զարմացել էր այսպիսի արագությունից։ «Ես վաղուց չէի շփվել իրենց հետ։ Զարմացած եմ ու հիացած։ Կարծում եմ՝ սա նոր Հայաստանն է։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ. Ձեր լրատվամիջոցի շնորհիվ հարցը կարգավորվեց», – եզրափակեց նա։




Լրահոս