Այս անգամ «Կանացի խնդիրներ» խորագրի հյուրը դասական երգչուհի ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆՆ է, ում հետ զրուցեցինք ե՛ւ արվեստից, ե՛ւ սոցիալական վիճակից, ե՛ւ հեռուստատեսության մատուցած հաղորդումների որակից:-Հագուստ եւ ուտելիք ես եմ գնում: Տանել չեմ կարողանում այն ճղճիմ վիճակը, որ արտիստը պետք է ժողովրդի մեջ չլինի, դա այս վերջին շրջանի նորությունն է: Ես դա համարում եմ հիմարություն, քաղքենիություն եւ նույնիսկ տգիտություն:-Ձեզ կարելի՞ է տեսնել խանութում առեւտուր անելիս:-Իհարկե, ես հաճախ եմ լինում սուպերմարկետում` սայլակը ձեռքիս: Դա ավելի շատ ինտելիգենտ մարդու մոտեցում է, քան հակառակը:-Ուշադրություն դարձնո՞ւմ եք գնապիտակներին:-Ոչ այդքան: Ուղեղս միշտ զբաղված է լինում ուրիշ բաներով: Բայց տեղյակ եմ, որ հացի ու կաթնամթերքի գինը բարձրացել է: Չեմ ուզում ասել, որ ես այնքան եմ վաստակում, որ այդ ամենն ինձ վրա չի ազդում, պարզապես փորձում եմ դրան այդքան նշանակություն չտալ: Ես անընդհատ կերակուրի մասին չեմ մտածում: Ստամոքսին այդքան տեղ չեմ տալիս: Իհարկե, լավ չի, որ թանկացումներ են: Շատերին է դա նեղում: Պատկերացնում եմ, որ մեծ ընտանիքները կդժվարանան լուծել սննդի հետ կապված խնդիրները: -Որքա՞ն եք վճարում սննդի մի զամբյուղի համար:-Տարբեր է լինում` 5000-20000 դրամ, օր է լինում, որ ոչ մի բանի կարիք էլ չի լինում: Բայց եթե առաջ 5000 դրամ էի տալիս, հիմա այդ նույն սննդի համար 7000 դրամ կպահանջվի: Որ անկեղծ լինեմ, ավելի շատ կարեւոր են իմ ուսանողների թվանշանները, իմ սիդիների քանակն ու որակը: Ես ավելի շատ վրդովվում եմ, որ մեր դահլիճների վարձակալությունն այդքան թանկ է, չես կարողանում համերգ տալ, բայց չէ՞ որ հոգեւոր սնունդն ավելի կարեւոր է:-Նաեւ տոմսերն են թանկ: Հատկապես դրսից ժամանած արտիստների համերգների, որոնց շատերը կցանկանային ներկա լինել: -Ես չեմ ուզում ներկա գտնվել այդ տեսակ համերգներին: Այնքան սիդիներ ու ձայնագրություններ կան, որ կարող ես լսել: Ճկվելու, մի կերպ տոմս ձեռք բերելու ցանկություն ամենեւին էլ չունեմ: Ի՞նչ իմաստ` պատռվես, որ լինես այդ համերգին: Հետո էլ ամբողջ օրը լինելով երաժշտության մեջ` լռությունն ինձ համար ամենալավ հանգիստն է:Ես ավելի շատ հետաքրքրված եմ մեր տեղացի երաժիշտներով, քան դրսի: Մեր տեղացի երաժշտին պետք է բարձրացնել, հենց նրա համերգի համար թանկ տոմս գնել: Ինչո՞ւ մենք պետք է Դոմինգոյի համերգին լինելու համար մեծ ծախս անենք, բայց մեր բարձրակարգ երաժիշտների համար դա չանենք: Այ դա անհասկանալի է: Հետո էլ մենք փոփ արվեստի բնագավառում մտածելու առիթ ունենք: Այդ ասպարեզը շատ ավելի է պրոպագանդվում: 14-22 տարեկան երիտասարդներն են թելադրում որակը: Ցավոք սրտի, մեր հեռուստաընկերություններն այդ մարտահրավերն ընդունում են եւ իրենց եթերը պահելու համար հետեւում են նրանց պահանջներին: Դա, իհարկե, կործանարար աշխատանք է: Փոփ երաժշտության ասպարեզը շատ բաց է, ով ուզի, կարող է մտնել:-Չե՞ք կարծում, որ այդտեղ առաջնայինը հենց հեռուստաալիքների մեղքն է: -Շատ հեշտ է մեղադրել հեռուստաալիքներին: Նրանք էլ պետք է գումար վաստակեն ու վճարեն իրենց աշխատողներին: Այս խնդիրը պետք է ավելի խիստ պետական հսկողության տակ լինի: Հեռուստատեսությունը ցույց է տալիս նրանց, որոնք վճարում են: Մենք այսօր գտնվում ենք մշակութային պատերազմի մեջ, ու շատ լուրջ աշխատանք պետք է տարվի: Պետք է միանալ, հավաքվել ու մի բան անել այս հարցին լուծում տալու համար: Սա բողոքի առարկա չէ, այլ պետական շատ լուրջ հարց, որ մենք` արվեստագետներս, մեր պետության հետ միահամուռ ուժերով պետք է լուծենք: -Դիտո՞ւմ եք հայկական հեռուստաալիքներ:-Սիրում եմ ինֆորմացված լինել, ուստի դիտում եմ: Սակայն հաճախ ջղայնանում եմ ու ալիքը փոխում: Ունեմ շատ սիրված հաղորդումներ: Օրինակ` Հ1-ի եթերում «Հայ ասպետ» հաղորդումը: Արբանյակային հեռուստաալիք չունեմ, բայց կա ինտերնետ, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ: Սիրում եմ ինտելեկտը զարգացնող հաղորդումներ: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ