Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչներն այսօր առավոտյան ժամը 9-ից Արմավիրի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք նաև հանդիպում էին պահանջում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ. խնդիրն այն է, որ կարկուտը ոչնչացրել է համայնքի բերքի 80 տոկոսը:
Խնդրի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Այգեվանի համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանի հետ: Նա նշեց, թե համայնքի բնակիչները չեն կարողացել հանդիպել մարզպետին, քանի որ այստեղ չէ: Սակայն համայնքի ղեկավարը հայտնեց, թե եկել է գյուղվարչության պետը, ում հետ շրջում են դաշտերով և ուսումնասիրում վնասները: Նրա խոսքով, այդ ամենը կգույքագրվի, կներկայացվի կառավարությանը և պարզ կլինի` ում կփոխհատուցեն, ինչ չափով եւ ինչպես: