ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձերբակալվածների փոխանակումը, հաղորդվել է ուրբաթ ԵԱՀԿ-ի կայքում:
Այդ հարցը Լայչակը քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ:
«Համանախագահները տեղեկացրել են հումանիտար հարցերում առաջընթացի մասին՝ ներառյալ ձերբակալվածների փոխանակումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: ԵԱՀԿ-ի գործող նախագահը ողջունել է այդ հումանիտար քայլը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լայչակի խոսքով՝ այդ քայլը ցույց է տալիս, թե «ինչպես երկխոսությունը կարող է հանգեցնել դրական արդյունքների մարդկանց համար, որոնք տուժել են հակամարտությունից»: Նա նաեւ աջակցություն է հայտնել Մինսկի գործընթացին եւ համանախագահների աշխատանքին, ինչպես նաեւ լարվածությունը նվազեցնելու եւ խաղաղության ու բանակցությունների գործընթացքում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելուն ուղղված ջանքերին:
Միջնորդները տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին, որը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին Մոսկվայում եւ հունիսի 20-ին Վաշինգտոնում: