ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է 112 ծրագիր. որոնք կիրականացվեն այս տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւս այս պաշտոնին է նշանակվել անցած տարվա հոկտեմբերի 10-ին

-Պարո՛ն Սանոսյան, ներդրումային ծրագրի 3-ից 5 օրինակ կնշե՞ք, որ իրականացվել են Ձեր ղեկավարած մարզում Ձեր իսկ նշանակումից հետո:

-Սուբվենցիոն ծրագրերը, որոնց մասին մենք շատ խոսում ենք, որոնք շատ հաջողված են, եւ մեր համայնքներում կարողանում ենք երկար տարիներով կուտակված խնդիրներ լուծել: Ոչ բոլոր համայնքներն են, որ ինքնակամ ուզում են այդ ծրագրերը իրականացնել: Կան, իհարկե, համայնքներ, որոնք մեծ ուրախությամբ, հաճույքով ներկայացնում են: Բայց կան եւ եղել են համայնքներ, որոնց համայնքապետերը շահագրգռված չեն երկու պատճառով` մեկը` որոշակի հետաքրքրություն չունեն, որովհետեւ այդ գործընթացը իրենք չեն ղեկավարելու, եւ այդտեղից մրցույթները եւ այլն իրենք չեն կազմակերպելու, եւ երկրորդը` թողնում են, որպեսզի այդ խնդիրները չլուծվի, եւ չլինի այնպես, որ այսքան տարի կար, իրենք երկար տարիներ համայնքի ղեկավար են, եւ ահագին բան փոխվեց եւ լուծվեց: Այստեղ մարզպետի հստակ աշխատանքը կա, ես կառավարություն ներկայացրել եմ 112 ծրագիր, Հայաստանի մարզերից ամենաշատը` 5 մլրդ դրամից ավելի գումար:

– Այդ 112 ծրագրերից ո՞րն է իրականացվել:

-Դրանք այս տարի կիրականացվեն. եթե բոլոր ծրագրերի դեպքում լուրջ խնդիրներ կամ նախագծային սխալներ չլինեն, առնվազն 100-ը կիրականացվի:

-Կնշե՞ք` այդ ծրագրերից որոնք են առաջնայինը:

-Մենք ունենք 3 նոր մանկապարտեզի կառուցման ծրագրեր, համայնքներ, որոնք մինչեւ հիմա մանկապարտեզ չեն ունեցել ընդհանրապես: Խոսքը 3 նոր շենքի կառուցման մասին է: Մենք մի շարք համայնքներում, եթե ընդհանուր թվով ասեմ, 2.5 մլրդ դրամի միայն սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատման աշխատանքներ կան, որ պետք է արվեն: Սա սուբվենցիաների մասին է: Բայց մենք լրացուցիչ 6 մլրդ դրամի մարզում ունենք արդեն այլ ծրագրեր` ճանապարհաշինարարական աշխատանքներ: Շատ են ծրագրերը` խմելու եւ ոռոգման ջրագծերի կառուցման, փողոցների լուսավորության: Մենք բացի սուբվենցիոն 112 ծրագրերից ունենք եւս 16 հրատապ ծրագիր, որտեղ համայնքը մասնակցություն չունի, եւ գումարը ամբողջությամբ տալիս է կառավարությունը:

-Պարո՛ն Սանոսյան, ««Իմ քայլը»` հանուն Գեղարքունքի մարզի» բիզնես-ֆորումին ներկայացված գործարարների մեծ մասը նախկին իշխանությունների օրոք էին իրենց բիզնեսը ստեղծել, բայց վարչապետին այնպես ներկայացվեց, որ թավշյա հեղափոխությունից հետո են սկսել ինչ-որ արտադրություն հիմնել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ֆորումն ունեցել է 3 բաղադրիչ, ներկայացվել են մարզում հաջողված ծրագրեր, եւ ամեն ընկերություն` մոտ 5-6 ընկերություն, բեմ է բարձրացել, եւ մեկն ասել է, թե ինքը 1996 թվականից է պանիր արտադրում: Այսինքն` որեւէ մեկի կառավարման ժամանակահատվածը չի նշվել, ընդամենը նշվել է, որ տարբեր ոլորտներում ահա այս մարդիկ հասել են հաջողության: Երկրորդ փուլում նշվել են ընթացքի մեջ գտնվող ծրագրեր, որոնց մի մասը վերջին հատվածում է ինչ-որ բան փոխվել, ծրագրերի հետ կապված մի մասը` մինչեւ հեղափոխություն: Եւ քանի դեռ ընթացքի մեջ են, ներկայիս կառավարությունը շատ անելիք ունի, որպեսզի ինչ-որ կերպ օժանդակի այդ գործարարներին տվյալ բիզնեսը կայացնելու հարցում, եւ երրորդ փուլում ներկայացվել են ամբողջովին նոր գաղափարներ:

Մանրամասները` տեսանյութում

Քնար Մանուկյան, Սյունէ Համբարձումյան

 




Լրահոս