Ինչ վնասներ է պատճառել կարկուտը Լուկաշին համայնքի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակիչներն այսօր մոտ մեկ ժամից ավելի փակել են գյուղին հարակից մայրուղին:  Երեկ 16 րոպե անընդմեջ տեղացող կարկուտի պատճառով գյուղացիների ամբողջ  բերքը 80-100 տոկոսով  վնասվել է:

Այս մասին   ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Լուկաշինի համայնքապետ Կարեն Մկրտչյանը:

«Սկսած կաղամբից մինչև ծիրան, ինչ մրգատեսակ կա 100 տոկոսով վնասվել է: Մեկ հակակարկտային կայան ունենք,  դա էլ  շատ հեռու է»,-ասաց նա:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ դիմել են Արմավիրի մարզպետին և փոխմարզպետին, նրանց հետ միասին շրջել են վնասված դաշտերով  և կազմել արձանագրություն:

«Տեսնելով  վնասվածության բարձր մակարդակը , երկուշաբթի կստեղծվի համապատասխան  հանձնաժողով, որն էլ կկազմի արձանագրություն, որից հետո կսպասենք կառավարության որոշմանը»,- նշեց Լուկաշինի համայնքապետը:

Նշենք, որ գյուղացիները բողոքի ակցիան դադարեցրել են միայն մարզպետարանի և  գյուղվարչության պետի այցից հետո:

Լիդա Եղիազարյան




Լրահոս