Ինչ ահռելի վնասներ է պատճառել կարկուտը Վերին Գետաշենի համայնքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի մի շարք համայնքների՝  Մարտունու, Վերին Գետաշենի, Ներքին Գետաշենի, Վաղաշենի, Ծովասարի, Ձորագյուղի  տնտեսությունները մեծ վնասներ են կրել հունիսի 27-ին տեղացած կարկտի հետևանքով:

Կարկուտի պատճառած վնասների և այլնի մասին ArmLur.am-ը զրուցել է Վերին Գետաշենի համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի հետ:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մշակաբույսերից հիմնականում վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաները:

«Մշակաբույսերից վնասվել են լոբին, կաղամբը և կարտոֆիլը, իսկ ծառերից՝ խնձորը, տանձն ու գիլասը: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների  և մեր մասնագետների կողմից ստեղծվել է հանձնաժողով, որի ուսումնասիրության  արդյունքներն ուղարկել ենք մարզպետարան: Մարզպետարանի համապատասխան հանձնաժողովը մոտ օրերս կարձանագրեն ուսումնասիրության արդյունքները և կներկայացնեն կառավարությանը՝ փոխհատուցման համար»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ այս պահին փոխհատուցման ծավալների չափի մասին ոչինչ չի կարող ասել, քանի դեռ ուսումնասիրության արձանագրությունը չեն ներկայացրել կառավարությանը:

Ինչ վերաբերում է հակակարկտային կայանների արդյունավետությանը, համայնքի ղեկավարը նշեց, որ Գեղարքունիքի մարզում, գրեթե նման կայան չկա, քանի որ դրա անհրաժեշտությունն այնքան էլ չի եղել մարզում:

Հ.Գ.Հավելենք, որ  հունիսի 27-ին տեղացած կարկուտի հետևանքներն այլ բան են ասում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս