Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները ծայրահեղ ծանր վիճակում են: Նրանք այսօր առավոտյան փակել էին ոչ միայն գործարանի մուտքի եւ ելքի դռները, այլեւ` Երեւան-Թբիլիսի երկաթգիծը: Պատճառն այն է, որ գործարանի ղեկավարությունը երեկվանից մոտ 200 աշխատողի հետ չի երկարաձգել աշխատանքային պայմանագիրը: Եւ գործարանի 200 աշխատող կրճատվել է: Գործարանի աշխատողները մի քանի ժամ են ընդամենը փակ պահել Երեւան-Թբիլիսի երկաթգիծը: Armlur.am-ը գործարանի աշխատող Արմեն Կիրակոսյանից տեղեկացավ, որ պղնձաձուլարանի մի քանի աշխատողներ այս պահին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ հանդիպման են:
«Բացվել է երկաթգիծն արդեն: Այս պահին մի խումբ աշխատողներ մարզպետի հետ հանդիպման են: Ոչ մի ակնկալիք չկա, որ այս հարցը կլուծվի: Ուղղակի ինչ-որ բան ուզում են անել, տեսնենք ինչ կստացվի: Ղեկավարությունը ոչ մի հնարավորություն չունի նորից երկարաձգել աշխատողների աշխատանքային պայմանագրերը»,- փոխանցեց Արմեն Կիրակոսյանը`ափսոսանքով նկատելով, որ ավելի քան 200 աշխատող այլեւս աշխատավարձ չի ստանալու:
Armlur.am-ի հարցին`հնարավոր է արդյոք պղնձաձուլական գործարանից ազատված աշխատողներն աշխատանքի անցնեն «Թեղուտ» ընկերությունում, Արմեն Կիրակոսյանն արձագանքեց. «Մեր պահանջների մեջ այդ կետը կա ներառված, այս պահին, որ տղաների խումբը մարզպետի հետ հանդիպման է, այդ մասին էլ են քննարկելու: Քանի որ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ Թեղուտի վերագործարկվելու ժամանակ Ալավերդիից 200 հոգի կաշխատի այնտեղ: Բայց այսօր Հայաստանի ամենահեռու կետից մարդ է աշխատում այնտեղ, բացի Ալավերդու պղնձաձուլարանից»:
Նշենք, որ «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահը դեռ նախորդ տարվանից Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերը լուծարելու գործընթացը երկու ամսով երկարաձգում էր: Օրինակ երկու ամիս առաջ «Վալլեքս» խմբի ընկերությունները աշխատողների պայմանագրերի լուծման պահը հետաձգել էին երկու ամսով եւ աշխատողներին տվել նոր ծանուցումներ` համապատասխան աշխատանքային պայմանագրերը հունիսի 30-ից լուծելու մասին:
Այսինքն` գործարանի աշխատողները երկու ամիս աշխատավարձ են ստացել: Վերջին ծանուցումներով` աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատումները նախատեսվում էր իրականացնել ապրիլի 30-ից, բայց, Վալերի Մեջլումյանը հանձնարարել էր եւս երկու ամսով երկարաձգել պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը: Երեկ լրացավ ժամկետը:
Սյունէ Համբարձումյան