Նոր որոշում. ինչ փոփոխություններ կլինեն դեղերի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: Ըստ այդ նախագծի` ՀՀ-ում գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության սահմանափակումը կվերանա: Բանն այն է, որ այլ գերատեսչությունների կողմից ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումները սահմանափակված են, քանի որ այս լիազորությունը տրված է միայն Առողջապահության նախարությանը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ձեռք բերվող դեղերի պիտանիության ժամկետները գործող կարգով խիստ են սահմանված, սակայն ձեռք բերվող դեղերի մեծամասնությունը ՀՀ ներմուծվում են օտարերկրյա արտադրողներից, եւ պատվիրվող քանակները բավականին փոքր են: Սրա հետեւանքով օտարերկրյա արտադրողները հրաժարվում են դեղերի սահմանված պիտանիության ժամկետներով նոր արտադրություն ծավալել եւ դեղերի մատակարարումը իրականացնում են պահեստավորված կամ այլ երկների համար արտադրված քանակների հաշվին: Ավելին` գործող կարգը սահմանափակում է մի շարք օտարերկրյա արտադրողների մասնակցությունը` ելնելով արտադրվող քանակներից:

Ըստ մասնագետների`այս նախագծի ընդունմամբ կխթանվի ՀՀ-ում դեղերի պետական գրանցումը, որի արդյունքում մի շարք արտադրողների դեղեր կգրանցվեն ՀՀ-ում: Հետեւաբար պետական գնումներին մասնակցությանը զուգահեռ կմեծանա մրցակցությունը, եւ հնարավոր է, որ գերատեսչությունների կողմից գնվող դեղերի համար ներակայացվեն ավելի ցածր գին: Նշենք, որ դեղեր ձեռք են բերվում ոչ միայն առողջապահության, այլեւ Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության նախարարությունների, ՀՀ ոստիկանության կողմից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս