ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Սերժ Սարգսյանին երգ նվիրած Ռազմիկ Ամյանը «քաշեց» Ձախ Հարութին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիրտդ` Հայաստան, քո հոգին` Արցախ
Միտքդ`Խոր Վիրապ, Խոսքդ` Գանձասար…»

Սրանք տողեր են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 65-ամյակին նվիրված երգից: Երգը կատարում է Ռազմիկ Ամյանը, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, գործիքավորումը կատարել է Կարեն Սեւակը: Այն պահից սկսած, ինչ երգը տեղադրվել է համացանցում, հայտնվել է բուռն քննարկումների կիզակետում: Նախ՝ մասնագետները, անդրադառնալով տեքստին, նկատում են, որ այն ոչ միայն զուրկ է բանաստեղծականությունից, այլեւ գաղափարից, փոխարենը անհարկի պաթոսի պակաս չի զգացվում:

Երկրորդ՝ հանրության մի ստվար զանգված Ռազմիկ Ամյանին եւ Ավետ Բարսեղյանին մեղադրում է Սերժ Սարգսյանին հաճոյանալու համար: Ոմանք նույնիսկ պնդում են, որ անհաջող այդ երգը ավելի շատ վնաս հասցրեց նախկին նախագահի համբավին եւ չծառայեց իր բուն նպատակին: Ուշագրավ է, որ այն բանից ի վեր, ինչ երգը հայտնվել է համացանցում, Ռազմիկ Ամյանի, նրա պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ կապ հատատել չի հաջողվում: Տպավորություն է, որ նրանք փախչում են լրագրողներից եւ խուսափում որեւէ շփումից:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ երգի հետ կապված, բայց ապարդյուն: Փոխարենը ստացվեց կապ հաստատել Ավետ Բարսեղյանի հետ. «Ես երգի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալու ցանկություն չունեմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Ավետը:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք չվրիպեց մեր աչքից: Հայտնի է, որ Ռազմիկ Ամյանը պետք է հանդես գար Ձախ Հարութի՝ հունիսի 30-ին կայացած համերգի ընթացքում, սակայն նա այդպես էլ չներկայացավ:

«Ես չէի սպասում, որ Ռազմիկը Հարութի հանդեպ նման բան կանի: Մինչեւ վերջին պահը հույս եմ ունեցել, որ պետք է գա»,-ասել է Ձախ Հարութի համերգի կազմակերպիչ YeghoyanProduction-ի ղեկավար Խաչիկ Եղոյանը:

Չի բացառվում, որ Ռազմիկ Ամյանը չի ներկայացել համերգին հենց միայն այն պատճառով, որ այնտեղ ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումից պարզ դարձավ, որ Փաշինյանը դահլիճում է:

Ի դեպ, ֆեյսբուքյան իր էջում վարչապետը գրել էր. «Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում: Այն ժամանակ նրանք դա անում էին ոչ այնքան որպես երաժշտական ճաշակի, որքան որպես ինքնուրույնության, ազատության եւ դուխի դրսեւորում»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Անի Անտոնյան




Լրահոս