ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և, մասնավորապես, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր:
Տվյալ համատեքստում շոշափվել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Եվրոպական երկրորդ խաղերը մեծ հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ և ուրախությամբ նշել այդ մրցումներում հայ մարզիկների հաջողությամբ մասնակցելու փաստը:
Վարչապետը նաև շնորհավորել է Բելառուսի ազգային տոնի կապակցությամբ և այդ առիթով լավագույն մաղթանքներ հղել բարեկամ բելառուս ժողովրդին: